ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ձեռնտու է և ընդունելի». արձագանքներ` Հովիկ Աբրահամյանի առաջարկի մասին
09.09.2015
ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին՝ Հովիկ Աբրահամյանի առաջարկը, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները միմյանց միջև հաշվարկները կատարեն ռուբլով, քաղաքական գործիչների, տնտեսագետների շրջանում հիմնականում դրական արձագանք է ստացել:
Սերգո Կարապետյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար
Առաջարկը վերաբերում է ռազմավարական նշանակության ապրանքներին: Այսինքն, ես հասկանում եմ՝ գազը, որ գազի գինը մեր պետությունը կվճարի ռուբլով... Չեմ կարծում՝ առաջիկա 2, 3, 5 տարվա ընթացքում անցնենք ռուբլու:
Մանվել Բադեյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Առաջարկը տեխնիկապես մասնագիտական մեծ հաշվարկ է պահանջում, իսկ գաղափարապես միանգամայն ընդունելի է:
Համենայնդեպս, ես չեմ տեսնում այն ռեսուրսները, որ Ռուսաստանը կարողանա սեղանին դնել և կարողանա իր արժույթը ԱՄՆ դոլարի և եվրոյի համեմատ ուժեղացնել:
Մենք մեծ ներմուծող ենք ռուսական ապրանքների, օրինակ՝ գազի, նավթամթերքի, և այդ պարագայում, իհարկե, հաշվարկային վճարման միջոցը դարձնել ռուբլին, մեզ համար ավելի ձեռնտու կլինի:
Վիլեն Խաչատրյան, տնտեսագետ
Ոչ մի վատ բան չկա, դա ամբողջ աշխարհը պետք է անի, որից հետո այլևս դոլար տպելով ԱՄՆ-ն աշխարհի գույքն իր կորպորացիաների միջոցով չի կարող առնել ու ամերիկյան կորպորատոկրատիան կվերանա: Իսկ առանձին երկրներն արդեն ավելի մրցունակ կլինեն ու լավ կսկսեն ապրել:
Այս առաջարկի դեպքում դոլարի պահանջարկը հաստատ կնվազի, իսկ դրամի արժևորումը միայն այդ մեկ գործոնով դժվար թե լինի: Բայց որ մենք ՌԴ-ից ենք ներմուծում մեր ներմուծվող ապրանքների 30%-ը, իսկ արտահանում 12.5%-ը, դրան էլ եթե ավելացնենք ստացվող տրանսֆերտները, ապա ՌԴ-ից ներմուծվող ապրանքների դիմաց հաստատ Հայաստանն այդքան ռուբլի կունենա, որ վճարի, թող նրանք մտածեն, ովքեր այդքան ռուբլի չունեն:
Զոհրաբ Հարոյան, լրագրող
Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է ինտենսիվացնել ազգային արժույթով կատարվող փոխադարձ հաշվարկները և կրճատել դոլարիզացումը։ Արդիական է նաև համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցում փորձի փոխանակումը։ Այս ենթատեքստում կարևոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլով կատարելու և դոլարին կապելուց ազատվելու գաղափարը։
Սա ամենևին չի նշանակում, որ հրաժարվում ենք ազգային արժույթից, սա չի նշանակում, որ մտնում ենք ռուբլու գոտի։ Իմ ընկալմամբ սա նշանակում է, որ առևտուրն կիրականացվի «ճակատ-ճակատ»։ Այսինքն դրամը ոչ թե մի հատ կփոխվի դոլարի, այնուհետև դոլարը կվերածվի ռուբլու ու հակառակը, այլ դրամը միանգամից կփոխվի ռուբլու և հակառակը։ Եթե ես սա ճիշտ եմ ընկալել, ապա շատ դրական քայլ է ու մեր բիզնեսմենները «չենջի» արդյունքում գումար չեն կորցնի։ Կարծում եմ՝ նույնիսկ սա ուշացած քայլ է և սա դեռևս պետք է իրականացվեր Իրանի հետ դեռևս այն ժամանակ, երբ Իրանը պատժամիջոցների տակ էր։ Հիմա առևտրատնտեսական հարաբերությունները մեր հարևան երկրի հետ ակտիվ կլինեին։
Աշոտ Եղիազարյան, տնտեսագետ
ԵՏՄ շրջանակներում ռազմավարական ապրանքների համար ռուբլով առևտրի իրականացումը երկարաժամկետ հատվածի համար մեծ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար: Եթե ռուսական ռուբլին այս փուլում արժեզրկված է, այդ պայմաններում Հայաստանը ռուբլով գազի ներմուծման դեպքում օգտվում է: Արտահանման ոլորտում ռուբլով առևտրի դեպքում հայկական կողմը տուժում է: Բայց խնդիրն ուրիշ տեղ է: Եթե Ռուսաստանն անցնի ռուբլու կարգավորված փոխարժեքի, իսկ Ռուսաստանն այս ամենն անում է՝ ի վերջո այդ համակարգին անցնելու համար, այդ դեպքում նա այնպիսի համամասնություն կարող է սահմանել, որ մենք կտուժենք, կամ ստիպված պետք է անցնենք մեր փոխարժեքի կարգավորվող կուրսի, որն անհնար է ու վտանգավոր: Ստացվում է, որ Ռուսաստանն ի վերջո քայլ առ քայլ արժույթի ու դրամավարկային քաղաքականության վերահսկողության խնդիրներ է առաջ տանում: Այսինքն՝ առաջին հայացքից մեզ ձեռնտու թվացող տարբերակը՝ այս փուլում ռուբլով գազի ներկրումը, հաջորդ փուլերում կարող է ի վնաս մեզ աշխատել. հայ արտահանողներին այսօր ձեռնտու չէ արժեզրկված ռուբլին, նրանք ֆինանսական կարուստներ են ունենում, դա ձեռնտու է Ռուսաստանից Հայաստան արտահանում իրականացնողներին:
Այսինքն՝ այստեղ մենք կանգնում ենք հետևյալ խնդրի առաջ՝ արտահանման հետ կապված մենք ունենում ենք լուրջ պրոբլեմ, տուժում ենք, որովհետև ռուսական ռուբլին կայուն չէ, արժեզրկվում է: Ներմուծման դեպքում գազի հետ կապված մենք շահում ենք, բայց ժամանակի մեջ մենք կուտակում ենք ռիսկեր, կարող ենք վտանգավոր շեմին կանգնել: Ի վերջո, պետք է հաշվի առնենք, որ ռուսական ռուբլին կայուն չէ, տատանումների փուլում է, ռուսական տնտեսությունը պատժամիջոցների տակ է: Երկարաժամկետ կտրվածքով այդպիսի արժույթի հետ հույս կապելը ռացիոնալ որոշում չի կարող լինել: Ի վերջո, բոլոր երկրները կխուսափեն դրանից:
Վահե Էնֆիաջյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Յուրաքանչյուր քայլ, որը կարող է բխել Հայաստանի շահերից, դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության առաջընթացի համար, ողջունելի է: Չենք կարող ժխտել, որ ԵՏՄ երկրների կողմից առևտրում արժութային համաձայնեցված քաղաքականությունը դրական անդրադարձ կունենա տնտեսության ոլորտում ամուր համագործակցության գործում: Ի վերջո, երկրի տնտեսության զարգացման համար հարկավոր են իրական նախադրյալներ, և պետք է տեղին օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն:
ԵՏՄ-ն հզոր տնտեսական միություն է, որի ՀՆԱ-ն շուրջ 4077.1 տրլ. դոլար է , որտե՞ղ պետք է դրսևորվի փոխգործակցությունը, եթե ոչ տնտեսությունում: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ միմյանց միջև հաշվարկները ռուբլիով կատարելուն, ապա վստահ եմ, որ այն դրական ազդեցություն կունենա տնտեսության զարգացման գործում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր