ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Երգարվեստն ավիրելու ու անճաշակություն տարածելու համա՞ր...». հանրության արձագանքն՝ Արմենչիկին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին
21.09.2015
Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:
Մամուլում ու համացանցում լայն արձագանք է գտել հատկապես Արմեն Գոնդրաչյանին՝ Արմենչիկին շնորհված ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը: Ոմանց կարծիքով՝ սա ազգային խայտառակություն է, ոմանք էլ ասում են, որ ժողովուրդն է ապահովել նրա երգերի պահանջարկն ու զարմանալի ոչինչ չկա:
Նիկոլայ Ծատուրյան, ՀՀ ժողովրդական արտիստ
Յախք, թու, կարող էի չէ՞, հայ չծնվել: Սա արդեն խայտառակություն է: Երբ որ չափանիշն իջնում է մինչև «պլինտուս», դա արդեն սարսափելի է: Դա խոսում է մեր անճաշակության, գռեհկության, աշխարհից կտրվածության մասին: Եթե աշխարհը 21-րդ դարում է, մենք 19-րդ դարում ենք դեռ:
Կարեն Վարդանյան, քաղաքական մեկնաբան
Եթե ազգս օրեցօր դեգրադացվելով ռաբիս չլսեր, ապա Արմենչիկն ու նրա նմաններն այսօր ընդհանրապես ճանաչված չէին լինի, հետևաբար վաստակավոր արտիստի կոչում էլ չէին ստանա: Ժողովուրդն է ապահովել նրա պահանջարկը, ժողովուրդն էր, որ վազում էր նրա համերգին ու դահլիճ լցնում: Որևէ մեկին ստիպե՞լ են, որ նրա համերգին գնա կամ նրա նմաններին լսի...
Ուղղակի մի լսեք ու վերջ, ու նրանք այլևս չեն լինի:
Արմինե Գևորգյան, լրագրող
Վաստակավոր արտիստ` երգարվեստում մեծ ավանդ ունենալու համար: Այո, համամիտ եմ վաստակավոր ռաբիսություն ու կլկլոցներ քարոզող, վաստակավոր անճաշակություն տարածող: Այո, վաստակավոր, գնալ դժվարին տարիներին ապրել օվկիանոսից այն կողմ, փափուկ կյանքով, իսկ ես ու նման շատերը զրկանքներ կրելով, բայց հավատալով վաղվա օրվան պայքարելով ապրել, ու մինչ այս պահը շարունակել պայքարել: Վաստակավորի կոչում ստանալ Անկախության տոնին, այն դեպքում, երբ անկախություն ձեռք բերելու տարիներին Արմենչիկը իմ նման զրկանքներ չէր կրում: Մութ, ցուրտ կտրոնով հաց: Բայց մեծ հավատ, որ վաղն ամեն ինչ լավ է լինելու:
Բանակ չծառայածներին` Վազգեն Սարգսյան մեդալ, երգարվեստն ավիրելու ու անճաշակություն տարածելու համար` Վաստակավորի կոչում: Անկախություն ջան, մենք բոլորովին այլ բանի համար էինք պայքարում:
Աննա Ասլանյան, լրագրող
Ինձ թվում է` Արմենչիկի համերգի տոմս գնողներից ամենաառաջիններն են հիմա զարմացած գրում` վայ, էս ո՞նց եղավ: Ինչ ցանել են, էն էլ հնձում են: Էն աժիոտաժային իրավիճակը, որ սկսվում է Արմենչիկի համերգների նախօրեին, երևի շատերը մոռացել են:
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Ո՞ր վաստակը...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում Զախ Հարութին և Արմենչիկին: Սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանայիք ՀՀ և ՀՀ նախագահի մասին: Ավելացնելու բան չմնաց:
Լուսինե Բադալյան, հաղորդավարուհի
Հուսով եմ` այսօր Ապրիլի 1-ն է, իսկ եթե ոչ, ապա, ինչպես դասականն է ասել. «Ողբամ Զքեզ Հայոց Աշխարհ»...
Արմենչիկի անձի դեմ ոչինչ չունեմ, ի սեր Աստծո, մարդն ինչպես ուզում, երգում է...
Բայց ես ինձ արժանի չեմ համարում էսպիսի արտիստներ, այն էլ՝ վաստակավոր, ունենալուն:
Լևոն Մութաֆյան, թատերագետ
Այսօր շնորհված պատվավոր կոչումների մեծագույն խայտառակությունն ու ամոթը, ծաղրը...
Ո՞վ է Սերժ Սարգսյանին նման բան հուշել, ո՞վ է նրան տվել ստորագրելու այս խայտառակությունը...
Ամոթ ու անպատվություն մեր երգարվեստին, ամոթ մեր արժանապատվությանը...
Սեյրան Խաչատրյան, օգտատեր
Հասկանում եմ ոմանց զայրույթն ու քննադատությունը, բայց, մի մառացեք, որ էդ տղու երգերը շատերի կողմից սիրված են, մի մեծ զանգված էդ երգերի տակ ծնունդ է անում ու հարսանիք... Նախագահը, տեսնելով պահանջարկը, տվել ա էդ կոչումը, ըստ որի` երկար տարիներ Արմենչիկը երգարվեստում բան ա ասել ու լսելի դարձել շատ շատերի համար` սփյուռքի մասին էլ չեմ խոսում: Տակ չտո` զայրանալ պետք չէ, նա էլ իր երգարվեստը սիրողներն ունի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր