ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Զինվորների դին դրված՝ հանրապետությունում պիտի խրախճա՞նք լինի». քաղաքացիների արձագանքը` «Էրեբունի-Երևան» տոնակատարության մասին
30.09.2015
Երևանի օրվա տոնակատարության բյուջեն սահմանամերձ բնակավայրերին տրամադրելու գաղափարը լայն արձագանք է գտել համացանցում: Նախաձեռնությանը միանշանակ դրական են արձագանքել, ու առցանց ստորագրել են հազարավոր քաղաքացիներ, սակայն Երևանի քաղաքապետարանը դեռևս չի փորձում զիջումների գնալ:
Ստյոպա Սաֆարյան, «Բարև Երևան» խմբակցության անդամ
Հավանաբար փողերն արդեն ծախսված են։ Քանի որ չեն կարող դրա մասին բարձրաձայն խոստովանել, իսկ տոնակատարությունը փողերը տնօրինելու լավագույն ձևերից մեկն է՝ ասֆալտապատում, շինարարություն և այլն, դրան էլ գումարած այսպիսի միջոցառումները, որոնք փաստացի անվերահսկելի են, ուզում են տեղավորել այդ փողերն արդեն: Եթե այդ բարերարները գտնում են, որ մի շարք ընտանիքներում զինվորների դագաղը դրված՝ հանրապետությունում պիտի խրախճանք լինի, հրաժարվեք այդպիսի բարերարներից։ Երևանը պետք է ավելի համեստ նշի իր տոնը, իսկ այդ գումարները, որոնք վատնվում են տարատեսակ սազանդարների, գուսանների ու կասկածելի ծագումնաբանությամբ երգիչների բեմական կարիքները բավարարելու համար, պետք է դրանք ուղղվեն սահմանամերձ գյուղերին:
Լուսինե Բադալյան, հաղորդավարուհի
Այդ գումարները վաղուց արդեն ծախսված են, այսինքն միջոցառմանը երկու օրում չեն պատրաստվում, միջոցառմանը պատրաստվում եմ կես տարում: Բայց ես կողմնակից եմ հասարակության այն փոքրաթիվ հատվածի կարծիքին, որ եթե այն գումարները, որ պետբյուջեից գողանում են, հետո իբրև բարեգործություն տալիս են ժողովրդին՝ իբրև մենք ինչ-որ մի բան արեցինք, բոլոր այն գումարները, որ կարողացել է իրենով անել կառավարության կամ վերին ատյանների ցանկացած մարմին, եթե վերադարձնի պետբյուջե, ապա առանց այս միջոցառման չեղարկման մենք կարող ենք սահմաններին բավականին մեծ օգուտ տալ:
Քրիստինե Պեպելյան, երգչուհի
Իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանից ինչ-որ բան պահանջելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նման միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվում են ամիսներ առաջ ու ահռելի աշխատանք է արվում նախապատրաստական աշխատանքների համար:
Ես, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, նույնպես խոր ցավով եմ տեղեկանում սահմանին տիրող իրավիճակի մասին: Խոնարհվում եմ հայրենիքիս պաշտպանների առջև, խոնարհվում եմ նաև մեզ իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմների առջև, իսկ հայ զինվորիս մայրերին ուժ ու կորով եմ մաղթում:
Ինչպես շատ երաժիշտներ, ես նույնպես մեկ ամիս առաջ եմ իմ համաձայնությունը տվել Երևանի տոնին մասնակցելու համար:
Ես այս պահից պաշտոնապես հայտարարում եմ.
համերգի իմ ողջ հոնորարը ես կկրկնապատկեմ (իմ միջոցներով) և կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ-որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը:
Կոչ եմ անում բոլոր գործընկերներիս նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ. դուք այսպես և՛ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, և՛ ինչ-որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին:
Նարեկ Սարգսյան, Բաղանիս համայնքի ղեկավար
Համացանցից տեղեկացա ու հաճելիորեն զարմացա, որ մեր էստրադային երգչուհի Քրիստինե Պեպելյանը «Էրեբունի-Երևան» տոնակատարության իր հասանելիք հոնարարը կկրկնապատկի սեփական միջոցներից և կնվիրի սահմանամերձ Բաղանիսին:
Հարգելի Քրիստինե, իմ, ավագանու և ողջ համայնքի բնակիչների անունից հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը նման գեղեցիկ ու հաճելի վերաբերմունքի համար և սիրով Ձեզ սպասում ենք մեր համայնքում: Թող Ձեր այս քայլն օրինակ ծառայի մյուսներին…Սահմանն ամուր է, եթե թիկունքը գործում է:
Լեյլա Սարիբեկյան, երգչուհի
Սա մեր քաղաքի տոնն է, մեզ համար սրբություն է, աշխարհի հայության քաղաքի տոնն է: Ինչո՞ւ մենք պետք է միայն սգո օրեր ունենանք, թշնամուն էլ ուրախացնենք, որ սգո՞ւմ ենք:
Դուք գիտե՞ք՝ ես ամիսը քանի անգամ եմ սահման գնում և երգում: Մենք մեր ժողովրդի ծառան ենք, ծառայողը՝ մեր երգով, մեր ոգևորությամբ, մեր խոսքով, մեր ազնիվ ապրելով: Ի՞նչ եք ուզում երգչից, դիմեք այն մարդկանց, ովքեր դա անում են, ասեք՝ հարգելի կառավարություն, դուք ի վիճակի չեք կարգավորելու էդ հարցը սահմաններում, եկեք ազգովի անենք էս ամեն ինչը: Թող էդ խեղճ երգիչներն իրենց 100 հազար դրամը դնեն...
Ես իմ կյանքն եմ դնում, ես իմ երկու որդիներին եմ նվիրել բանակին, իմ երկու որդիներն էլ առաջին գծում են ծառայել, դրանից ավել ի՞նչ եք ուզում ինձնից: Մենք բոլորս հայի կողքին կանգնած ենք, միասնական ենք ու հզոր:
Մեր երիտասարդությունը, ժողովուրդն արժանի է տոների և ուրախ լինելու, մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին ուրախ պահել: Ընենց էլ մի օրի չեն էս ժողովուրդը, մի հատ էլ զրկենք տոնից...
Արթուր Իսպիրյան, երգիչ
Ես գիտեմ, որ այդ տոնակատարությունների վրա մեծ գումարներ են ծախսվում, որն ավելորդ է: Կարելի է մի քիչ ավելի համեստ նշել տոները, իսկ մնացած գումարներն ուղղել սահմանամերձ բնակավայրեր: Իսկ ես անձամբ սիրտ չունեմ ուրախանալու, որովհետև ամեն օր սահմանին զինվոր է մահանում:
Սոնա Շահգելդյան, երգչուհի
Ես կմասնակցեմ սիրով ու իմ հոնորարը կփոխանցեմ սահմանամերձ գյուղերին: Կարծում եմ՝ պետք չի միջոցառում անեն։ Ես քաղաքապետարանի աշխատակից չեմ, ես հարգում եմ իրենց որոշումը, իրենց միջոցառումները, եթե իհարկե լավ բան են անում, բնականաբար, բայց եթե լարված ա էդքան իրավիճակը, երևի ամեն օր ա լարված, ես չգիտեմ: Ես վատ եմ զգում ինձ մեր զինվորների համար, ես ինձ դնում եմ իրենց մայրերի տեղը, լուրջ եմ ասում, ուրիշ ձև եմ պատկերացնում էդ ամենը:
Աշոտ Սարգսյան, պրոդյուսեր
Ես` ՀՀ քաղաքացի Աշոտ Սարգսյանս ապրելով Երևանում և շատ լավ հասկանալով , որ Հայրենիքը սկսում է սահմաններից, Չեմ պահանջում Քաղաքապետարանից և Տարոն Մարգարյանից Երևանի օրվա տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ համայնքներից մեկին` տեղի որևէ կարևոր խնդիր լուծելու նպատակով: Դրա փոխարեն պահանջում եմ իրավապահ մարմիններից հարուցել գործեր և պատժել Հայաստանը թալանողներին , պաշտոնական դիրքերը չարաշահողներին և ողջ թալանվածը, գողացվածը հետ վերադարձնել պետական բյուժե, որտեղից էլ կտրամադրվի գումար սահմանամերձ գյուղերին.....
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր