ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Շատերին ձեռնտու է հարմարվել ու աշխատանք ունենալ, քան թե ընդվզել և դուրս մնալ «ընդհանուր խաղից»». արվեստագետների արձագանքն` ընդդիմադիր լինելու մասին
05.10.2015
Ինչո՞ւ են լռում արվեստագետներն ու արդյոք արդարացվա՞ծ է այն կարծիքը, որ մտավորականը պետք է լինի ընդդիմադիր ու կանգնի ժողովրդի կողքին: Ոմանք գտնում են, որ մտավորականն անզոր չէ և շատ բան կարող է փոխել, ոմանց կարծիքով էլ` պարտադիր չէ, որ մտավորականը լինի ընդդիմադիր:
Գագիկ Գինոսյան, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր
Արվեստագետը պետք է լինի անկեղծ, ոչ թե արհեստականորեն ընդդիմադիր: Մտավորականն առհասարակ պետք է լինի իր տեսակետն ունեցող մարդ: Ծիծաղելի է ընդդիմադիր կամ դիմադիր լինելու պարագան, ինչպե՞ս կարելի է ամեն հարցի շուրջ մտածված ընդդիմադիր լինել: Նույնիսկ վիրավորական է:
Այդ թյուր կարծիքը, որ արվեստագետը պետք է ընդդիմադիր լինի, գուցե ձևավորել են այն մտավորականներն, ովքեր իշխանության սազն են նվագում: Եթե դրական ազգային գործ է կատարվում, ինչպե՞ս կարող է արվեստագետը դեմ լինել կամ խանգարել, որ իրականանա: Նա պետք է ունենա սեփական կարծիքն ու արտահայտի, ոչ թե` կոծկի, վախենա կամ խուսափի իշխանություններին հակառակն ասելուց: Օրինակ, եթե իշխանությունները որոշում կայացնեն հավելյալ գումար տրամադրել` սահմաններն ավելի բարեկարգելու կամ նորագույն տեխնոլոգիաներով զինելու, Ադրբեջանի կողմից ոտնձգութունները կանխելու նպատակով, ես պետք է դե՞մ արտահայտվեմ: Ես միայն կողմ կլինեմ, և կառաջարկեմ իմ օգնությունն այս նախաձեռնությանը:
Գիսանե Պալյան, երաժիշտ
Կարծում եմ՝ ընդդիմադիր լինելը պարտադիր չէ, բայց չլինել անտարբեր տարբեր անարդարությունների նկատմամբ, նա ուղղակի պարտավոր է: Քանի որ իմ պատկերացմամբ, տաղանդավոր լինելուց բացի, իսկական արվեստագետը պետք է լինի ազնիվ ու սկզբունքային:
Անուշ Ասլիբեկյան, արձակագիր, դրամատուրգ
Արվեստագետը բոլոր ժամանակներում պետք է լինի ճշմարտախոսության, ազնվության և բարոյական բարձր արժեքների կրողը: Եթե նա այնքան բախտավոր է, որ ապրում է նման իշխանությունների օրոք, ինքնաբերաբար այդ իշխանությունները դառնում են իրեն համակարծիք, եթե ընդդիմությունն է այդ գաղափարների կրողն, ուրեմն նրանք կհետևեն արվեստագետին: Արվեստագետը բոլոր դեպքերում անկախ է իր գաղափարների և հայացքների մեջ, որովհետև գտնվում է բարոյական հասկացությունների կայուն տիրույթում և ո'չ երերուն, տարերային քաղաքականության դաշտում: Այնպես որ, այդ քաղաքական կամ այլ ուժերը պետք է հետևեն արվեստագետին, եթե ուզում են բարձրացնել իրենց նկարագիրը և հետք թողնել պատմության մեջ:
Արմեն Սարգսյան, դերասան
Այո, իհարկե պետք է ընդդիմադիր լինի, դրանից նաև այս կամ այն արվեստագետի ստեղծագործական բնույթն է ձևավորվում: Մենք՝ հատկապես երիտասարդներս, պետք է միշտ ընդվզող լինենք: Սակայն, ցավոք, շատ քիչ են նման մարդիկ: Այսօր մարդկանց մեծ մասին ավելի շատ ձեռնտու է հարմարվել ու աշխատանք ունենալ, քան թե ընդվզել և դուրս լինել «ընդհանուր խաղից»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր