ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հասարակությանն օդի պես անհրաժեշտ են ցածրորակ կռիվներ ու վիրավորանքներ». հայտնիների անդրադարձը` համացանցում միմյանց վիրավորելուն
07.10.2015
Վերջին շրջանում ակտուալ են դարձել համացանցային «վեճերը»` ֆեյսբուքյան էջերում միմյանց հասցեին վիրավորանքներ գրելն ու այդ ամենը քննարկման գլխավոր թեմա դարձնելը: Շատերի կարծիքով` դա անգործության հետևանք է, ոմանք այն գնահատում են որպես տգեղ պահվածք, մյուսներն էլ անտարբեր են ու պարզապես չեն ընթերցում նման գրառումները:
Լուսինե Բադալյան, հաղորդավարուհի
Երևույթը կհամարեի նորմալ, եթե դա լիներ քաղաքակիրթ բանավեճ երկու հայտնի կամ հետաքրքիր ֆիգուրների միջև: Միշտ էլ հետաքրքիր է լսել այս կամ այն հայտնի մարդու տեսակետը, վերլուծությունը որևէ խնդրի մասին: Բայց այս տարբերակում դրանք քննարկումներ չեն, որոնք մտածելու տեղիք են տալիս կամ լույս են սփռում որևէ հարցի շուրջ: Դրանք մեկ ուրիշի հաշվին սեփական անձն ավելի կարևորելու, ինքնարդարացման, մեկ ուրիշին փնովելով ավելի լավը երևալու տգեղ դրսևորումներ են:
Հասարակությունը, եթե ինքն իր նկատմամբ հարգանք ունենա, երբեք չի կարդա ու առավելևս, չի քննարկի ում պատահի, ամեն աղբ չի մարսի: Բայց, ցավոք, մեր իրականությունն այլ է: Հասարակությանն օդի պես անհրաժեշտ են ցածրորակ կռիվներ, վիրավորանքներ ու տգեղ պահվածք: Իրականում, եթե այդ ամենն արվի խելացի և գրագետ, կարելի է նույնիսկ որոշակի նպատակների հասնել: Բայց, ինտելեկտի հարց է:
Մերի Ներսիսյան, հեռուստահաղորդավարուհի
Եթե հաշվի առնենք, որ սոցիալական ցանցերը շատերի համար դարձել են տուն, աշխատավայր, ընկեր, հարազատ, ուրեմն պիտի համակերպվենք, որ այդ հարթակում սպասելի են վեճեր ու պատերազմներ: Ինձ համար մարդկային շփումից ու հարաբերություններից վեր ոչինչ չկա, մեկ ժպիտով ասած «բարև»-ը չեմ փոխի ժամերով համացանցում շփվելու հետ: Շատ անտարբեր եմ ամեն տեսակի համացանցային աղմուկների նկատմամբ, դրանք նմանեցնում եմ արագ բռնկվող հրդեհի, որի սկզբում շատ թեզ է լինում, բայց արագ էլ մարում է:
Կարեն Քոչարյան, քաղաքական մեկնաբան
Սովորաբար չեմ սիրում հանրային հարթակներում խոսել մասնագիտական թեմաներից, բայց Արման Մարգարյանի թեման ստիպեց ինձ ընդունել, որ այս տղայի հետ լուրջ PR մասնագետներ են աշխատում: Ոչ ոք չէր կարող նրան այսքան «ռասկռուտկա» անել, ինչքան արեցին մեր լրատվամիջոցները վերջին երկու օրերի ընթացքում: Ես լինեմ Հանրայինի ղեկավարության տեղը, հիմա նրան մի հաղորդում կտամ փրայմ-թայմում, որը հաստատ լուրջ վարկանիշ կունենա, որովհետև Արմանը դարձավ մեր օրերի սեքս-խորհրդանիշը:
Իբր հայկական եթերում բոլոր երևացող աստղերն ու աստղիկները, դերասաններն ու դերասանուհիները իդեալական ընտանիքներ ունեն, մնում էր Արման Մարգարյանը:
Արմինե Պողոսյան, դերասանուհի
Չգիտեմ՝ ինչ ասել, երևի մարդիկ պարապ են մնացել, անելու բան չունեն, իրար են կպնում: Ես գտնում եմ՝ նման թեմաները համացանցում գրելու կարիք չկա, եթե հարցեր կան գրելու կամ իրար վիրավորելու, կարող են համացանցից դուրս անել: Ինձ նման թեմաները դուր չեն գալիս և աշխատում եմ չկարդալ:
Պետրոս Ղազարյան, լրագրող, հաղորդավար
Ցավոք, պարապ մարդկանց պակաս չկա: Այդ մարդկանց խորհուրդ կտամ թթվաջուր խմել, վրայից էլ պաղպաղակ ուտել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր