ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Բացում են խանութ կամ օղու շիշ, այ մեծահարուստ մուրացկան, կուսակցությունը հիմնում են». հանրության արձագանքն` Արա Աբրահամյանի հայտարարությանը
15.10.2015
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը, որ մինչև 2016-ի մարտ մտադիր է կուսակցություն ստեղծել՝ չբացառելով նաև որևէ ուժի հետ միանալն ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, քաղաքական դաշտում բուռն քննարկման թեմա է դարձել: Ոմանց զարմացնում է. «Եթե 15 տարվա մեջ իսկի մի շենք չես կարողանում վերակառուցել, ո՞նց ես պատրաստվում մի ամբողջ երկիր վերակառուցել»: Ոմանք էլ կարծում են, որ «եթե մարդն իր ներսում շարունակում է մնալ ռուսահպատակ հոգով ու սրտով, ուրեմն` այլ պետության քաղաքական կյանքում անելիք չունի»: Շատերն էլ համոզված են, որ սա առաջին քայլն է միայն, և որ Արա Աբրահամյանը նպատակ ունի զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը:
Կարեն Քոչարյան, քաղաքական մեկնաբան
Հետաքրքիր է՝ մեկը չի՞ եղել, որ ասուլիսի ժամանակ «ալամ աշխարհի հայերի շեֆին» հարցնի. «Պարոն Աբրահամյան, 15 տարի առաջ Դուք սեփականաշնորհեցիք Երևանի ՑՈՒՄ-ի (Մանկական աշխարհի) շենքը, ու մինչ օրս այդ շենքն անտեր ու դուրս կանգնած է Հանրապետության հրապարակի և Հյուսիսային պողոտայի միջև ընկած հատվածում։ Բա, այ իմ «Ֆիլոս վսեյա արմյան», դու 15 տարվա մեջ իսկի մի շենք չես կարողանում վերակառուցել, ո՞նց ես պատրաստվում մի ամբողջ երկիր վերակառուցել։
Զոհրապ Եգանյան, ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ
Արա Աբրահամյանի մասին երբեք վատ բան չեմ խոսել, ասեմ ավելին՝ միշտ ցանկացել եմ, որ մերոնք դրսում ավելի շատ հաջողեն, ավելի շատ փող ու ազդեցություն ունենան, ինչն անկասկած կօգնի մեր երկրին, մեր հայրենակիցներին: Բայց այն, ինչ ասաց Արա Աբրահամյանը, ինձ շատ զարմացրեց, եթե չասեմ զայրացրեց: Մարդ, ով Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու հայտ է ներկայացրել ու ասում է, որ Պուտինը միշտ ճիշտ է, նշանակում է, որ այս մարդն իր ներսում շարունակում է մնալ ռուսահպատակ հոգով ու սրտով, իսկ եթե քո հոգին ու սիրտը ռուսական է, ուրեմն դու այլ պետության քաղաքական կյանքում անելիք չունես: Ամեն մարդու իրավունքն է, ինչ-որ պետությանը կամ անհատին տալ իր հոգին ու սիրտը, բայց եթե մեկին տվել ես, ապա մյուսին սեր խոստովանելը շատ արհեստական է, որոշակի դեպքերում էլ՝ չարամտություն: Ենթադրենք՝ Արա Աբրահամյանի ստեղծած քաղաքական ուժն անցնում է խորհրդարան և օրակարգում է հայտնվում Ռուսաստանի շահերից բխող, բայց մեր պետական ու ազգային շահերին չհամընկնող մի նախագիծ, այդ դեպքում, ըստ Աբրահամյանի հայտնած տրամաբանության, նրանք պետք է պաշտպանեն Ռուսաստանի շահը: Ես խոսում եմ պետական մտածողության մասին, որ մարդը պետք է գիտակցի, որ Հայաստանը սուրբ երկիր է ու եթե ուզում ես լավ բան անել, պետք է հոգիդ ու սիրտդ Հայաստանինը լինի, այլ ոչ թե լեզուդ կամ բիզնես հետաքրքրություններդ:
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Հայ քաղքենի ու գեղցի, վաճառական ու վաճառվող «էլիտայի» ողջ էությունն ու մտածելակերպն արտահայտվեցին Արա Աբրահամյանի մի նախադասության մեջ. «Գալիս եմ, որ կուսակցություն բացեմ»: Բացում են խանութ կամ օղու շիշ, այ մեծահարուստ մուրացկան: Կուսակցությունը հիմնում են, ինչպես քաղաք կամ ընտանիք: Գիքորի տեսքով ու բառապաշարով բազազարտեմներ...
«Ժամանակ» օրաթերթ
«Հայկական վերածնունդի» հաղթանակի պարագայում Արա Աբրահամյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնն, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի:
Արա Աբրահամյանի քաղաքական հայտնությունը հայ հասարակությանը կարող է տեղի ունենալ ՕԵԿ-ի ՀՎ-ի փոխակերպման միջոցառման ժամանակ, որը որոշվել է կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:
Արա Աբրահամյանը գալիս է քաղաքական դաշտում փոխարինելու Գագիկ Ծառուկյանին, և ևս պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ուներ, որոնք սակայն տապալվեցին: Հետաքրքիր է, որ Աբրահամյանը զբաղեցնում է քաղաքական դաշտի ճիշտ այն հատվածը, որը ժամանակին զբաղեցնում էր Ծառուկյանը՝ պրոռուսական տարածքը:
«168 ժամ» օրաթերթ
Ասուլիսում Արա Աբրահամյանն այնպես է ներկայացրել իր այդ ցանկությունը, որ հայ ժողովուրդը պետք է հերթ կանգնի՝ նրան երախտագիտություն հայտնելու համար:
Նա իսկական հայրենասեր է, անձնազոհություն է անում՝ Հայաստանում կուսակցություն բացելով, ու հայտարարել է, որ որևէ պաշտոն չի ցանկանում զբաղեցնել: Ասել է նաև, որ իր կինը, ընտանիքի անդամները դեմ են Հայաստանում իր քաղաքականությամբ զբաղվելուն, բայց ինքը չի կարող դա չանել, քանի որ մտածում է հայրենիքի մասին:
Անձամբ իրեն ոչինչ պետք չէ, ինքն է պետք Հայաստանին: Ծանոթ բառապաշար է, այնպես չէ՞: Նույն տեքստերով տարիների շարունակ հայ հասարակությանը «կերակրում» էր Գագիկ Ծառուկյանը: Թե ինչ եղավ Ծառուկյանի հետ, բոլորին է հայտնի, և, ինչպես ինքն է հայտարարել, «կատարում է իր պարտականությունները»… սպորտի բնագավառում: Թե ինչպես կավարտվի Արա Աբրահամյանի «միսիան»՝ այս պահին դժվար է ասել: Բայց հաստատ է այն, որ որքան շուտ ավարտվի, այնքան լավ: Հակառակ դեպքում, դա նպաստելու է Հայաստան պետության ավարտին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր