ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Նա կարող է քիչ թե շատ այս բարդ շրջանում լեզու գտնել Արևմուտքի հետ». քաղաքական գործիչները` Տիգրան Սարգսյանի նոր պաշտոնի մասին
19.10.2015
Հոկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2016-ի փետրվարի 1-ից գլխավորելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Հայտարարությունից հետո մամուլում ու քաղաքական շրջանակներում բուռն քննարկումներ սկսվեցին: Շատերի կարծիքով` նախկին վարչապետին այդ պաշտոնում նշանակելն ամենևին էլ պատահական չէ:
Վիգեն Հակոբյան, քաղտեխնոլոգ, վերլուծաբան
Կարծում եմ՝ այս բոլոր «հայտնությունները» հիմնականում պայմանավորված են սահմանադրության հնարավոր փոփոխությունից հետո արևի տակ իրենց տեղը գտնելու ցանկությամբ: Նոր քաղաքական ուժեր են ստեղծվում, որոնք փորձելու են Սահմանադրության փոփոխությունից հետո իրենց տեղն ունենալ` արդեն բավականին լուրջ լիազորություններ ունեցող խորհրդարանում: Տիգրան Սարգսյանի դեպքում, կարծում եմ, դոտացիայի սկզբունքն է: Հայաստանը փորձել է այնպիսի թեկնածու առաջարկել, որը կարող է քիչ թե շատ այս բարդ շրջանում լեզու գտնել Արևմուտքի հետ: Հայտնի է, որ Տիգրան Սարգսյանը բավականին գործունյա կապեր ունի միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, իսկ վերջին շրջանում նաև համաշխարհային քաղաքական ստրուկտուրաների հետ:
Նարեկ Գալստյան, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ
Տիգրան Սարգսյանը բարձր որակի մասնագետ է, ուրախ եմ, որ նշանակվեց նման պատասխանատու աշխատանքի: Նա ՀՀ շահերն է պաշտպանում ու Հայաստանի կողմից է ներկայացված: Չեմ կարծում, որ որևիցե երկիր կարող է նրա վրա դերակատարություն վերցնել` ԱՄՆ, ՌԴ և այլն:
Հովսեփ Խուրշուդյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ
Պուտինն արդեն փրփուրներից է կախվում... Տիգրան Սարգսյանն ունի լավ կապեր՝ ի տարբերություն հայացքների: Այդ կապերը վերաբերում են ֆինանսական միջազգային կառույցներին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Արժութային միջազգային հիմնադրամին, համաշխարհային բանկին և միջազգային այլ կազմակերպություններին: Դա այսօր շատ արժեքավոր կապիտալ է Ռուսաստանի համար: Ռուսաստանը ճգնաժամի մեջ է, և դա կապված է Արևմուտքի հետ իր խաթարված հարաբերությունների հետ: Եվ իրենք հիմա փորձում են բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ, որովհետև հասկանում են, որ այսպես երկար տևել չի կարող:
«Հայկական ժամանակ», օրաթերթ
Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելը ամենևին էլ պատահական չէ: Պետք չէ մոռանալ, որ նա պրոֆեսիոնալ բանկիր է` արժույթ ներդնելու մեծ փորձով: Կարելի է պնդել, որ սրանով տրվում է ԵՏՄ միասնական արժույթի ներդրման մեկնարկը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր