ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դասագրքերում կան նախադասություններ, որոնք կես էջ են». արձագանքում է հանրությունը
26.10.2015
Ի՞նչ գրականությամբ է սնվում ներկայիս սերունդն, ու որո՞նք են կրթական ոլորտի բացթողումները: Այս հարցերի շուրջ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում թեմային անդրադարձել են ոլորտի ներկայացուցիչներն ու ծնողները: Շատերի կարծիքով` այսօր պատանիներին չի առաջարկվում համապատասխան գրականություն, ծրագիրը շատ բարդ է ու խճճված: Ոմանք էլ գտնում են, որ փոխվել է պատանիների մտածողությունն ու ժամանակին հրաշալի թվացող արկածներն այսօրվա պատանիներին պարզունակ են թվում:
Արքմենիկ Նիկողոսյան, գրականագետ, գրաքննադատ
Ամենատարբեր ուղղություններով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ընթերցող երեխաները շատ արագ հետ են կանգնում գրքից, որովհետև նրանց տարիքային աճին զուգահեռ՝ մենք նրանց չենք առաջարկում համապատասխան գրքեր: Մինչև վերջերս Հայաստանի հրատարակչական դաշտում գրեթե չունեինք պատանեկան գրականություն:
Այսօր շատ է փոխվել պատանիների մտածողությունը: Այն արկածները, հեքիաթները, ճանապարհորդությունները, որոնք ժամանակին մեր սերնդին կարող էին թվալ հրաշալի, աշխարհայացք, մտածողություն փոխող, այսօրվա պատանիներին կարող են փոքր-ինչ պարզունակ թվալ և քիչ հետաքրքրել: Բայց այսօր արդեն Հայաստանում կա և առաջարկվում է պատանեկան լավ գրականություն, թեև մեծ մասը թարգմանական է: Ցավոք, անկախության շրջանի հայ գրականության մեջ պատանեկան գործեր շատ քիչ կան:
Առլեն Շահվերդյան, գրող
Բացթողումներ միշտ էլ լինում են, սակայն, ինչպես ամեն ոլորտ, այս ոլորտն էլ զարգացման ու ձևավորման ուրույն փուլեր է անցել ու դեռ գտնվում է զարգացման ընթացքի մեջ: Պետք է ուշադիր լինել, որպեսզի շտկվող բացթողումներն այլևս չկրկնվեն և հնարավորինս կանխվեն հնարավորները: Ի վերջո, նոր հեծանիվ հայտնագործելու կարիք չկա, պետք է հիմնվել արդեն իսկ առկա արժեքների վրա ու որոնել, գտնել նոր արժեքներ, որոնք համալրելու ու հարստացնելու կգա մատաղ սերնդի դաստիարակության համար անհրաժեշտ գրական հսկայական ֆոնդը:
Լիանա Բալյան, ծնող
Լինելով դպրոցահասակ երեխայի ծնող և անձամբ շփվելով կրթական ծրագրի հետ՝ ունեմ որոշակի դիտողություններ ու բողոքներ: Ծրագիրը շատ բարդ է ու խճճված, ոչ հասու երեխաների համար: Հաճախ դասագրքերում տպված են լինում նախադասություններ, որոնք զբաղեցնում են մոտավորապես կես էջ, երեխան հասնում է նախադասության կեսին, սկիզբն արդեն մոռանում է: Կարծում եմ՝ միջին դասարանների ծրագրերը հասու են բուհի ուսանողներին: Բացի այդ` օգտագործվում են հայերենի խրթին և անիմաստ թարգմանությամբ բառեր:
Հասմիկ Մնացականյան, ծնող
Այսօր դպրոցներում ամենավատթար վիճակում «Մայրենի» կոչված դասագրքներն են, որոնք զուրկ են գեղարվեստականությունից: Նրանք նախ` բառիս բուն իմաստով` «դատարկ» են, և հետո` ծայրից ծայր անտրամաբանական: Բացի այդ, նրանք այնքան են «աղքատ», որ նույնիսկ մանկավարժներն են նեղվում այդ փաստից: Դա է պատճառը, որ վերջիններն աշակերտից պահանջում են դիմել համակարգչի օգնությանը` երեխային արհեստականորեն հեռացնելով գրքից:
Դպրոցական դասագրքերում մեծ տեղ են զբաղեցնում անհայտ հեղինակների գրած տեքստերը, որոնք, հաճախ, աշակերտների համար անհասկանալի են, քանի որ ունեն անտրամաբանական ձևակերպումներ: Դպրոցական դասագրքերում չկա ճկուն խոսք, մասնագետների կողմից մշակված գործեր, շատ փոքր մաս են կազմում նաև երեխային արժեհամակարգը ձևավորող ու դաստիարակչական բնույթի ստեղծագործությունները, ինչի պատճառով դպրոց հաճախող երեխաները հետագայում լուրջ խնդիրների առաջ են կանգնում:
Սյուզաննա Թովմասյան, ուսուցչուհի
Ուզում եմ անդրադառնալ ընդհանուր կրթական ծրագրին. կարծում եմ՝ եթե ուսման տարիները երկարացրել են, ապա ծրագիրը պետք է պարզից բարդացնեն ու ընդլայնեն: Մեզ մոտ միանգամից բարդով սկսում են, երեխաները բարդությունից ձանձրանում են ու հիասթափվում, ոչ էլ ուզում են սովորել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր