ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հանրությունը՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հանգամանքների մասին
06.11.2015

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարն ու դրա պատճառները շարունակում են մտահոգել հասարակությանը: Վթարի պատճառների մասին շրջանառվում են տարբեր վարկածներ` սկսած վարորդի քնած լինելուց մինչև հեռախոսազանգի պատճառով կառավարումը կորցնելը (նշվում էր, որ վարորդը թեքվել է, որպեսզի հատակից վերցնի հեռախոսն ու կորցրել է կառավարումը): Հետաքննությունը դեռ չի ավարտվել: Հասարակության մեծ մասը հակված է կարծելու, որ պատճառը վարորդի անզգուշությունն է եղել, մինչդեռ նրա հարազատներն անհավանական են համարում, որ նա կարող էր ղեկին քնել:

Հովհաննես Խանգելդյան, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ պետ

Վթարի պատճառների մասին շրջանառվում են տարբեր վարկածներ, սակայն դեռևս Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հայտարարություն արված չէ: Դիտարկվում են վարորդի անզգուշությունն ու տրանսպորտային միջոցի անսարքությունը, ինչպես նաև` արտաքին գործոնների ազդեցությունը, որոնք կարող են բերել ճանապարհատրանսպորտային պատահարի: Նշեմ, որ եղանակը եղել է պարզ, այսինքն` տեսանելիության պակասի կամ մերկասառույցի հետ կապված որևէ խնդիր չէր կարող լինել:
Տեղեկությունները, որ ղեկին նստած վարորդը կանտուզիա է ստացել, նախ պետք է պարզել, որտե՞ղ է ստացել և տվյալ պահին առողջական վիճակը կայո՞ւն է, թե՞ ոչ: Կանտուզիա ստանալը դեռ չի նշանակում, որ վարելու իրավունք չունի, եթե պատերազմի տարիներին է ստացել, իհարկե կարող է վարել: Եթե նոր է ստացել, պետք է բուժվի:

Հրանտ Եղիազարյան, «Փոխադրողների միություն» ՀԿ նախագահ

Վարկածը, թե վարորդը գերհոգնած է եղել, տիպիկ է և հավանական: Բացահայտում չէ, որ մեր վարորդները հոգնած են, մեքենաներն էլ` անսարք: Վարորդը պետք է ամսվա մեջ աշխատի որոշ ժամերի քանակ: Այսօր, բոլոր փոխադրամիջոցների պարագայում, մեր վարորդների քանակը պակաս է, որակը` նույնպես: Արդյոք վարորդը համապատասխանում է այդպիսի կարևոր փոխադրում կատարելու համար, ես խիստ կասկածում եմ, որ դա հաշվի է առնվել: Նախկինում վարորդների ընտրություն էր կատարվում, իսկ հիմա մարդը միայն ինչ-ինչ միջոցներով ձեռք բերած վարորդական իրավունքի վկայական է ներկայացնում և վերջ:

Տիգրան Հովհաննիսյան, «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ

Այս ամենը գալիս է տրանսպորտային ոլորտի բարձիթողի վիճակից: Տարիներ շարունակ այն անուշադրության է մատնվել, ինչի պատճառով էլ այդ կազմակերպությունները հայտնվել են քաոսային վիճակում: Կարելի է ասել՝ նման ոլորտ գոյություն չունի: Այն ամբողջովին ազատականացրել են, ենթարկել են քաոսի` ոչ բուժզննում կա, ոչ տեխզննում, չկա լիցենզիայի պահանջ… արի պետտուրքը վճարի և ինչքան ուզում ես` վարի:

Հարություն Հարությունյան, վարորդի եղբայրը

Չեմ հավատում վարկածներին, որ Գառնիկ Հարությունյանը հնարավոր է ղեկին քնած լիներ, քանի որ ընդամենը 2 ժամ էր, ինչ ճանապարհ էին ընկել։ Մանկուց մեքենա է վարում, նորմալ, ուշադիր վարորդ է, չգիտեմ՝ քննությունը կպարզի, թե ինչ է եղել, բոլորս շիվար ենք, ինքը մարդկանց կյանքի հետ խաղացող չէր:

Ալեքսանդր Սավենիկով, ՌԴ Ներքին գործերի փոխնախարար

Ուղևորա և բեռնափոխադրումների ժամանակ ճանապարհատրանսպորտային պատահարների գլխավոր պատճառներից մեկը համարվում է վարորդների կողմից աշխատանքի ու հանգստի ռեժիմները խախտելը: Եթե դիտարկենք վերջին օրերի իրադարձությունները` կապված Տուլայում վթարված հայկական ավտոբուսի հետ, ապա վարորդը քնել է ղեկին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր