2016-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում է: Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ չի լինելու աշխատավարձերի, թոշակների բարձրացում, փոխարենը, ինչպես պատգամավորները հիմնավորեցին, լինելու է գնաճ, որն էլ բերելու է արտագաղթի ծավալների մեծացման:
Առաջին հայացքից տպավորություն է, որ բյուջեն սոցիալական է, որովհետև դրա 44%-ն ուղղվելու է սոցիալական ոլորտներին, մյուս կողմից` որակապես դրանից շատ բան չի փոխվելու: Չեն բարձրանալու աշխատավարձերը, կենսաթոշակները, չեն բացվելու աշխատատեղեր, և զարգացման միտում չեն ապահովելու: Եթե 2015-ի պետբյուջեն կազմում էր շուրջ 2 մլրդ 482 մլն դոլար, ապա 2016-ի պետբյուջեն` 2 մլրդ 464 միլիոն: Այսինքն` պետական բյուջեն փոքրացել է շուրջ 18 մլն դոլարով: Տնտեսագետները կանխատեսում են, որ է՛լ ավելի է փոքրանալու, հետևաբար` գալիք տարում ժողովուրդը 4 %-ով ավելի վատ է ապրելու:
Բեռլինի կենտրոնական մասում կա մեծ ցուցատախտակ, որտեղ ամենօրյա ռեժիմով ցուցադրվում է երկրի պարտքն ու դինամիկան: Երկրի արտաքին պարտքն ամենալավ ցուցանիշն է, որը ցույց է տալիս տվյալ կառավարության ստեղծագործ կամ մսխող բնույթը: Մեր վերցրած պարտքերն ամենևին ստեղծագործական չեն, ընդամենը մսխվող գումարներ են, որոնք ՀՀ-ում զարգացում չեն բերում, հակառակը՝ պարտքեր՝ եկող սերունդների համար: Պետական պարտքը 2016-ին սպասվում է 5,6 մլրդ: 2008-ին Սերժ Սարգսյանի իշխանության սկզբում ՀՀ պետական պարտքը եղել է 1,6 մլրդ, այսինքն՝ 1,6-ից դարձել է 5,6 մլրդ: Միայն Հովիկ Աբրահամյանի իշխանության ժամանակ 1,7 մլրդ-ով ավելացել է արտաքին պարտքը: Սա է մեր պարտքի վտանգ առաջացնող, հետագայի համար ոչ հեռանկարային զարգացումը: Ընդ որում, ամռանը քվեարկեցիք պետական բառը կառավարականով փոխելու նախագծին, որի արդյունքում վերին շեմից դուրս եկավ ԿԲ պարտք ասվածը, ու որքան ուզի՝ կարող է վերցնել: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա մեր պետական պարտքի բաժինը հասնում է 1600 դոլարի:
ՀՀ արտաքին պարտքը խոսում է կատաստրոֆայի սկզբի մասին: Սա դրվեց այն պահին, երբ Տիգրան Սարգսյանը կարգվեց վարչապետ: Ամենամեծ, ամենալուրջ վարկը՝ 960 մլն դոլար, վերցրեց Հյուսիս-հարավի համար, հետո՝ 500 մլն ՌԴ-ից, 600՝ մյուսից և այլն: Շուտով հասնում ենք պարտի 6 մլրդ-ին: Եթե ասեին՝ էսքան վարկից հետո մի գործարան է աշխատել, կասեի՝ լավ, բայց չկա: Վարկերը նպատակային չեն օգտագործվել, իսկ դա խոսում է հանցագործության մասին: Արտաքին պարտքը կեղեքելու է մեր երկիրը: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը պետք է լրջագույնս անդրադառնա դրան, հակառակ դեպքում կատաստրոֆան առջևում է:
Նախորդ շաբաթ հարցում ուղարկեցի Դանիայի խորհրդարան, փորձեցի պաշտոնապես պարզել՝ խորհրդարանում քանի՞ մեքենա կա: Մի պարտաճանաչ պաշտոնյա՝ Ռիկե Տուբորկը պատասխան ուղարկեց, որ ծառայողական ավտոմեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: Նամակը կարդալիս՝ աչքերիս չհավատացի, ասում եմ՝ հարգելիս, սթափվեք, ձեռ եք առնո՞ւմ, ո՞նց թե ցելի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խոսնակը: Տուբորկը կրկին պնդեց, որ ունի միայն խորհրդարանի խոսնակը:
ՀՀ ԱԺ-ում կա ծառայողական 82 ավտոմեքենա: Լավ, մենք հինավուրց խորհրդարան ենք, բարձր դերով, թող մեր խորհրդարանի փոխխոսնակներն էլ ունենան, լավ, քարը գլուխը, խմբակցությունների ղեկավարներն էլ, 12 մշտական հանձնաժողովի նախագահներն ու տեղակալներն էլ, լավ աշխատակազմի ղեկավարն ու տեղակալներն էլ՝ նվեր, բա մնացած 40-45 հոգին ովքե՞ր են, որ ժողովրդի հաշվին պետք ա մեքենա ունենան, ես չեմ ճանաչում:
Առաջադրված նախագիծը պառլամենտական չէ: Ես չեմ ուզում թվերի և տեմպի մասին խոսել: Խոստացված էր 10 տարում կրկնապատկել Հանրապետության ՀՆԱ-ն, իսկ կանխատեսումներն այնպիսին են, որ 10 տարում ՀՆԱ-ն կաճի 20%-ով, կունենանք ավելի պակաս աճ, ռեալ եկամուտների աճի մասին ես չեմ խոսում:
Այս Կառավարությունն արժանանալու է նախորդի բախտին: Մենք զգուշացրել ենք` տնտեսության աճի համար այլ քաղաքականություն է հարկավոր: Նախորդ Կառավարությունը չէր լսում, դուք էլ չեք լսում: Նախորդ Կառավորությունն ասում էր` մակրո-տնտեսական ստաբիլիզացիա, որը վերաբերում է ջերմաստիճանին: Ասենք` բաղնիքի ջերմաստիճանը պետք է լինի 30 աստիճան, բայց բաղնիքում լողանալու համար նաև տաք ջուր է պետք, հասկանո՞ւմ եք: Խնդիրը տաք ջուրն ու լողանալն է: Իսկ ջերմաստիճանն այդ պայմանն է: Խնդիրն այն է, որ դուք մնում եք նույն մեթոդաբանության մեջ: Դուք չե՛ք լսում, չե՛ք ասում, որ կա մեկը կամ երկուսը, ովքեր ձեզ ասում են այդ քաղաքականության մասին:
Եթե բյուջեն 30%-ով քիչ լիներ, շատ ուրախ կլինեի: Առաջին հերթին ծախսային մասը պետք է տնտեսեն, խնայողություններ անեն, բավականին շատ ծախսեր արվում են ինքնանպատակ: Եթե 30% քիչ որոշվի բյուջեն, շրջանառու միջոց կմնա տնտեսության մեջ, մյուս տարի բյուջեին ավելի շատ գումար կտա: Կարծում եմ՝ էնքան խնդիրներ կան, որ կառավարությունը չի անդրադառնում: Պետք է ամեն ինչ անել, որ քաղաքացիների վիճակը լավ լինի. դա պետք է բոլորը հասկանան... Գերմանացին թարս է նայում, երբ տեսնում է՝ բնակարանի բոլոր լույսերը վառում են, ասում է՝ դուք բոլոր սենյակներում չեք, ինչո՞ւ եք վառել: