ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Վնասազերծո՞ւմ, թե՞ շոու. արձագանքում են քաղաքական գործիչները
27.11.2015

Հանրության շրջանակներում դեռևս քննարկվում է Երևանում ԱԱԾ-ի կողմից ծանր հանցագործության կանխման իրական պատճառները: Շատերը համոզված են, որ դա քաղաքական հերթական շոուն էր հանրաքվեի նախաշեմին: Ոմանք էլ ճիշտ չեն համարում սահմանափակ փաստերի առկայության պայմաններում պնդել, թե Հայաստանում ահաբեկչություն է կանխվել, կամ ձերբակալվածներն ահաբեկիչներ են:

Գորիկ Հակոբյան, ՀՀ ԱԱԾ տնօրեն

ԱԱԾ-ն ապաքաղաքականացված կառույց է, և մեր բոլոր գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք և ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, և դժվար է պատկերացնել խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր և ինչ հետևանքներ կարող էին լինել: Զարմանալի է, որ ի պատասխան այս անձնազոհության և հայրենասիրության՝ այսօր նրանք պիտի կարդան նման մեկնաբանություններ, նրանց աշխատանքը նման գնահատականի արժանանա:
Կարծում եմ` այս դեպքում տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն պետք է շնորհակալություն հայտնել հատուկ գործողությունն իրականացրած աշխատակիցներին:
Գալու է ժամանակը և նրանք ապաշխարելու են, գոնե հոգու խորքում ամաչելու են՝ իրականացված գործողությունները պիտակավորելու և հանրությանը ապակողմնորոշելու համար:

Ռուբեն Մեհրաբյան, փորձագետ

Այս սահմանափակ փաստերի առկայության պայմաններում պնդել, թե Հայաստանում ահաբեկչություն է կանխվել, կամ ձերբակալվածներն ահաբեկիչներ են, սխալ կլինի: Մենք ուրիշ փաստ չունենք, այսինքն միակ սխալ բանը, որ կարող ենք անել, դա, առաջինը, որ չունենալով փաստեր՝ ինչ-որ բաներ պնդենք, և երկրորդը՝ որ փորձենք ինչ-որ բան բացառել: Այս դեպքին զուգահեռ կան շահարկումներ, ոչ մի բան հայտնի չի, խոսում են ահաբեկչությունից, հետո խոսում են նրա մասին, որ սա ինչ-որ բեմականացում է, սա էլ հակառակ շահարկումն է:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ինձ չափազանց ցավ պատճառեց այն, որ ԱԱԾ-ն չի հերքում, որևէ բան չի ասում, որ լրատվամիջոցներն իրենց հաղորդագրությանն ավելացրել են ահաբեկիչ բառը և կատարվածը ներկայացնում են որպես հակաահաբեկչական միջոցառում, ու որ ձերբակալվածները տեռորիստներ են, սա անլրջացրեց ամեն ինչ ու նույնիսկ ծաղրուծանակի առարկա դարձրեց ԱԱԾ-ն: Չի բացառվում նաև, որ ՀՀ հատուկ ծառայությունները դեկտեմբերի 1-ի նախօրեին գնացին ուժի ցուցադրության հանրությանն ինչ-որ բան ապացուցելու համար:
ԱԱԾ-ն միշտ բեմականացման է գնացել հանրությանը ցույց տալու համար, թե ինչպիսի կարող ստորաբաժանումներ ունի ու ինչի է ունակ, ու կա նաև ուժի ցուցադրության խնդիր, ԱԱԾ-ն նաև հանրաքվեի նախաշեմին առիթը բաց չթողեց՝ ուժի ցուցադրությունը հանիրավի նաև ցուցադրվի:

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Ես սպասում էի, որ իշխանությունը պետք է մի բան մտածի, մի բան պետք է հորինի, որպեսզի փորձի սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի դեմ ինքն իր վերահսկողությունը սահմանել: ԱԱԾ-ն չունեցավ այնքան խելք, որ այդ միջոցառումն իրականացներ բոլորովին այլ ժամանակ: Բնականաբար այդ 19 հոգուն մեկ օրում չեն ներգրավվել: Շատ ավելի ժամանակ է պահանջվում նման խումբ ձևավորելու, նման զենքեր ձեռք բերելու համար: Իրենց թվարկած զինանոցն ունենալու համար երկար ժամանակ էր պետք: Այսինքն՝ գործի նկարագրության վերաբերյալ փաստական հանգամանքները՝ մեկ, այն իրավիճակը, որում բացահատեցին, այսինքն քաղաքական ենթատեքստը՝ երկու: Եվ առավել կարևորը. այն տեսանյութը, որ տարածվեց, թե ինչպես են նրանք այդ գործողությունն իրականցնում՝ երրորդ: Սրանք հիմք են տալիս պնդելու, որ դա բեմադրություն էր: Այդքան զինանոց ունեցող խմբավորմանը տեսախցիկներով, նկարահանող սարքերով այդ գործողությունը մանրամասն նկարահանելով և ցույց տալով, առնվազն պետք է խելահեղ լինել, մտածելով, որ այդ խումբը, որ ունենալով այդքան զենք, ինքնապաշտպանության չի դիմելու կամ չի դիմադրելու և այլն:

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ

Այս պահին առկա տեղեկատվությունը համադրելով իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նմանատիպ խումբ եղել է. բայց այդ խումբը ով է, ինչ է, ինչ խնդիրների պիտի ծառայեր, մի քիչ դժվար է ասել: Եթե դա այն խումբն է, որ պայքարում էր Քեսաբում՝ «Հայոց վահան» կարծեմ, մի տեսակ անհասկանալի է: Այսինքն ի՞նչ՝ մարդիկ գնացել էին Քեսաբում հայերի համար կռվում էին, հետո եկան, ուզում էին Հայաստանում ահաբեկչությո՞ւն անել: Քաղաքական ահաբեկչության մասին է խոսքը: Մի քիչ անհավանական է: Եթե ազատագրական շարժումից դարձել է կրիմինալ խումբ, այդ դեպքում դա շատ հեշտ է պարզել: Եթե այդ երկուսն էլ չի, ապա անհասկանալի է դառնում այդքան մեծ զինանոցի գոյությունը:


Ինձ համար մութ խաղ է ու եթե ճիշտը խոսենք, արդեն հոգնեցուցիչ: Սերժ Սարգսյանի շախմատային ասեմ, ինչ ասեմ՝ էդ դավերից հոգնել եմ: Ամեն առավոտ արթնանում ես, ու չգիտես ինչ ես լսելու: Մի անհասկանալի բան տեսնում ես: Ես արդեն հոգնել եմ այդ ամենից: Ոչ բացատրություն կա, ոչ էս բարդակի դեմն առնել կա…

Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ
Գործողության աննախադեպ հրապարակայնացումը, դռների կապարակնքված չլինելու փաստը, մասնավոր անձանց մուտքի հնարավորությունը ցուցանում են այս օպերացիայի անլրջությունը, նպատակաուղղվածությունը և նաև արտաքին միջավայրը ներքին հատվածական և կեղծ նպատակների համար չարաշահումը: Ոչ մեկը կասկածի տակ չի առնում անվտանգության առանձին ծառայակիցների մասնագիտական ունակությունը, հայրենասիրությունը, բայց գործ ունենք մի վիճակի հետ, երբ պետական մարմինը հերթական անգամ ծառայեցվում է կուսակցական, հատվածական շահին ու մեր պայքարը կուսակցապետության խորացումը կանխելու համար է:
Միքայել Համբարձումյան, ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ
Խուզարկությանը ներգրավված է եղել բնակարանի սեփականատերը: Լրագրողները խուզարկության ընթացքում բնակարանում չեն եղել, դա փաստ է: Եթե որևէ լրագրող կասի, որ այնտեղ գտնվել է, ես կասեմ, որ դա ընդամենը հերյուրանք է: Լրագրողները մուտք են գործել արդեն խուզարկության ավարտից հետո` բնակարանի սեփականատիրոջ, նրա քրոջ և դստեր թույլտվությամբ, այլապես ներս չէին մտնի: Բնակարանը չի կնքվել: Նման կարգ գոյություն չունի: Կնքվում են այն բնակարանները, որտեղ դեռևս նախաքննական մարմինը գործողություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում ապագայում: Իսկ մենք նման անհրաժեշտություն չենք տեսել, քանի որ մեր կատարած գործողությունների արդյունքում ձեռք ենք բերել մեզ հետաքրքրող բոլոր իրերն ու առարկաները, որը մենք գնահատել ենք, որ կապ ունեն գործի հետ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր