ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Բոլորը գոռում են «Ոʹչ», բայց անցնում է «Այո»-ն». մտավորականները դեմ են սահմանադրական փոփոխություններին
02.12.2015

Մտավորականներից շատերը բարձրաձայնում են, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին և դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին պատրաստ են «Ոʹչ» քվեարկել: Ոմանք դեռ չեն հասցրել կողմնորոշվել, մյուսներն էլ նախընտրելով հեռու մնալ քաղաքական խաղերից, շարունակում են լռել:

Օֆելյա Համբարձումյան, ՀՀ ժողովրդական արտիստուհի

Դեռ հստակ կողմնորոշում չունեմ, առայժմ չի հասունացել պահն ու վերջնական որոշում չեմ կայացրել` «Այոʹ» ասել, թե՞ «Ոʹչ»: Անկախ այս ամենից՝ կուզեմ, որ մեր երկրում ամեն ինչ խաղաղ լինի, որ զոհեր ու ձերբակալվածներ չլինեն, թուրքին էլ մեզ վրա ծիծաղելու առիթ չտանք:

Լալա Մնացականյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի

Երբ քեզ անընդհատ զգում ես խաբված վիճակում, դիմացինն ինչ էլ անի, չես հավատա ու չես ընդունի: Ես ասում եմ «ոʹչ», որովհետև չեմ հավատում ոչ մի լավ բանի: Ես տեսնում եմ, որ Հայաստանը դատարկվել է, որ Հայաստան չկա, որ աղքատ ենք, հուսահատ, որ Հայաստանում մարդիկ ապրում են անտարբեր… ամենասարսափելի բանն է, երբ մարդիկ անտարբեր են ապրում: Մեկ հատիկ տված կյանքն ապրում ես անհավես:
Չեմ հավատում իրենց առաջարկած ոչ մի բանին: Ես նույնիսկ չեմ հավատում, որ անցնելու է «ոչ»-ը, գիտեմ, որ անցնելու է «այո»-ն: Բայց որպես քաղաքացի, որպես մարդ, ով չի ուզում իր խղճին դեմ գնալ, ես բարձրաձայնում եմ, որ ասելու եմ «ոʹչ»:
Հազարավոր մարդկանց գիտեմ, ովքեր ասելու են «ոʹչ», բայց անցնելու է «այո»-ն…ի՞նչ երկիր է սա…որտե՞ղ ենք ապրում…Ես իմ բնույթով հուսահատվող չեմ, բայց արդեն հուսահատվել եմ: Բոլորը գոռում են «ոʹչ», բայց անցնում է «այո»-ն, սա է պարադոքսը:

Գուրգեն Խանջյան, արձակագիր, դրամատուրգ

Ես մասնագետ չեմ և խորությամբ չեմ կարող դատել և գնահատական տալ սահմանադրական փոփոխությունների նախագծին, բայց հիմա այս տարածաշրջանային վտանգներն այնքան շատ են, որ չեմ կարծում, թե դրա ժամանակն է:
Անկեղծ չգիտեմ՝ թե ինչ եմ ասելու` «այոʹ», թե՞ «ոʹչ»: Հնարավոր է նույնիսկ չգնամ քվեարկության, դա ևս դիրքորոշում է՝ համարելով, որ անժամանակ է այս ամենը: Չեմ կարծում, թե ձայնս այլ միջոցով օգտագործելու կարիք կա: Առհասարակ չեմ հավատում այդ աղմուկին, որ վերարտադրվելու համար է սա կազմակերպված: Վերարտադրվել առանց այս ամենի էլ հնարավոր է, վերարտադրվողը` կվերարտադրվի: Նրա կարծիքով` այս պարագայում նույնիսկ «ոʹչ»-ն է ձեռնտու իշխանությանը: Ի վերջո, հետո կարող են ասել, որ մենք ուզում էինք բարեփոխումներ անել, դուք չուզեցիք: Նրանք պարզապես բարեփոխողների դերով են հանդես գալիս:
«Այո», թե՞ «ոչ», ինձ թվում է` ոչ մի տարբերություն չկա: Մենք դրանից չենք փոխվելու առաջիկա 10-20 տարիների ընթացքում, նույն երթևեկությունն ենք ունենալու, նույն անկարգությունը: Մեր նման կառույց ու մենթալիտետ ունեցող երկիրը Սահմանադրությամբ չի փոխվում: Մենք դեռևս ֆեոդալական, հեղինակություններին հետևող, հավատացող, մի քիչ գողական դրսևորումներ ունենք: «Այոʹ» լինի, թե՞ «ոʹչ», դեկտեմբերի 7-ից ոչ մի բան չի փոխվելու, նույն կյանքը շարունակվելու է:

Կարինե Խոդիկյան, արձակագիր, դրամատուրգ

«Ես անձամբ «Ոʹչ» եմ ասելու և այդ մասին այս ուրբաթ իմ թերթի խմբագրականում առանց որևէ չակերտների գրելու եմ: Մնում է, որ մեր խոսքը տեղ հասնի, որը ֆանտաստիկայի ժանրից է:
Մտածում եմ` ինչպես է, որ Ամերիկայի նման պետությունը 200 տարուց ավելի, Սահմանդրության 27 ուղղում մտցնելով, երկիրը դարձրել է դրախտավայր, իսկ մենք մեր անկախության քառորդ և մի քիչ ավելի ժամանակաընթացքում, երկու հանրաքվե` մեկն էլ 2003-ին ձախողվեց, չանցավ, հիմա հերթը հասել է հաջորդին…Ինչպե՞ս է լինում, որ Ամերիկայի նման գերհզոր պետության գերհզոր նախագահը երկու` իր նշված ընտրաշրջանից հետո սուսուփուս հավաքում է ճամպրուկներն ու դուրս գալիս Սպիտակ տնից, իսկ մեր հերթական նախագահը մտածում է իր իշխանությունը երկարաձգելու մասին:
Կարծում եմ` իրեն հարգող քաղաքացին պետք է լինի իր դիրքում: Իսկ իրեն հարգող իշխանությունը պիտի կարողանա ապահովել այդ քաղաքացու ձայնի ճիշտ ընթացքը` արդար, մաքուր և թափանցիկ:

Լևոն Թոքմաջյան, քանդակագործ

Եթե կա ցանկություն և խիզախություն, Աստված քեզ հետ է, իսկ եթե այդ ամենը չկա` Աստված հեռու պահի: Մենք հիմա այդ իրավիճակում ենք գտնվում:
Ես արվեստագետ եմ, ես իրավաբան չեմ, և դա գեղարվեստական գիրք չի, որ նստեմ կարդամ և ինձ պետք էլ չի: Մի՞թե մեր կյանքի դժբախտությունները կամ հաջողությունները կախված են այդ մի գրքույկի մեջ գրած թղթերից:


Եթե ազնվություն ու հավատ լիներ, ամեն ինչ կստացվեր, բայց այսօր ոչ «այո»-ի մեջ եմ դա տեսնում, ոչ էլ` «ոչ»-ի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր