ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Տեսանք հասարակական ակտիվ կյանք և դրանում ներգրավված երիտասարդների». մտավորականներն ամփոփում են 2015-ը
28.12.2015

Մտավորականներն ամփոփում են անցնող տարին` նոր հույսերով ու ակնկալիքներով սպասում 2016-ին: Շատերի կարծիքով` տարին լի էր կարևոր ձեռքբերումներով, ոմանք էլ գտնում են, որ 2015-ը բարդ էր, և ավարտվում է լարված մթնոլորտում:

Նիկոլայ Ծատուրյան, ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր

Անցածը չեմ սիրում փորփրել, բայց տարին շատ բարդ էր: Տեսնո՞ւմ եք` ինչ է կատարվում աշխարհում, թե Հայաստանին ի՞նչ է սպասվում, չգիտեմ: Նախկինում, երբ հրավառության ձայն էի լսում, նորմալ էի վերաբերվում, հիմա միանգամից վեր եմ թռչում, մտքովս ինչ ասես անցնում է` հարձակվե՞լ են, ի՞նչ են արել…Այսքան լարված մթնոլորտում է ավարտվում այս տարին, երիտասարդներ են զոհվում…


2016-ը կապիկի տարի է, իմ տարին է: Կապիկը պատերազմող չի, ավելի կատակասեր է…Սպասելիքներս խաղաղության հետ են կապված: Զարմանում եմ մեր իշխանությունների վրա, որ էս նեղ մաջալին Սահմանադրություն են փոխում, չգիտես ի՞նչ են անում:

Գագիկ Գինոսյան, «Կարին» ազգագրական համույթի ղեկավար

Ամենանշանակալից միջոցառումներից մեկն իմ խմբի տղաների հետ դեպի Արարատի գագաթ արշավն էր, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Արշավին մասնակցող 33 անձանցից նրանք, ովքեր «Կարինից» չեն եղել, նախապես սովորել են ազգային որոշ պարեր, և Արարատի գագաթին միասին շուրջպար ենք բռնել ու ծածանել են 100 մետրանոց Հայոց եռագույնը:

Ռուբեն Բաբայան, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Մենք մեր կյանքում զգում ենք վստահության և հավատի պակաս, բայց, կարծում եմ, որ 2015-ին ունեցանք շատ կարևոր ձեռքբերումներ. տեսանք հասարակական ակտիվ կյանք և դրանում ներգրավված երիտասարդների: Հասարակության մեջ շատ կարևոր բան է կատարվում. հասարակությունը շատ ավելի մեծ տեղ է տալիս սեփական իրավունքներին, իշխանությանն ու ընդդիմությանը ավելի շատ ընկալում է որպես ներկա և ապագա կառավարիչների, ոչ թե տերերի, ովքեր կգան և ժողովրդին կիշխեն: Այսպիսի մտածողությունը ցույց է տալիս, որ կփոխվի մեր կյանքը:

Սերգեյ Սմբատյան, ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

2015-ը կարևորագույն տարի էր բոլորիս համար և մենք անմասն չենք մնացել, եղել ենք ամենաակտիվ կոլեկտիվներից մեկը, փորձել ենք հնչեցրել այն, ինչ մտածել ենք, որ կարելի է հնչեցնել: Այն հաջողությունները, որ ունեցանք 2015-ին, շատ էին: Ունենք շատ մեծ արդյունքներ: Նվագախումբն ունի կայացած երկու փառատոն: Խաչատրյանի փառատոնը վերջերս ավարտվեց, 2016-ին ենք սպասում: Այս տարի ունեցանք 66 համերգ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում` այդ թվում ամենակարևոր համերգային դահլիճներում: Ակտիվ ենք եղել նաև մարզերում: Դեռ շատ քիչ կոլեկտիվներ և արտիստներ են տեսնում իրենց համերգային գործունեության մեջ մեր մարզերը: Այս տարի 7 համերգ ենք ունեցել մարզերում, հաջորդ տարի ոչ պակաս քան 7-ը կանենք:

Կարեն Աղամյան, Նկարիչների միության նախագահ

2015-ը հայ նկարիչների համար լավ տարի էր՝ լի էր ցուցահանդեսներով: Անցնող տարվա ընթացքում ունեցել ենք նաև երիտասարդ նկարիչների, ուսանողների աշխատանքների ցուցադրություններ։ Մենք այս կերպ փորձում ենք հնարավորություն ընձեռել սկսնակներին:

Արթուր Պողոսյան, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Այս ոլորտում 2015-ը նշանավորվեց հայ երաժշտարվեստի և կատարողական արվեստի միջազգայնացմամբ, քանի որ հանրապետության լավագույն պետական և ոչ պետական երաժշտախմբերն ու անհատ կատարողները` հայկական ծրագրերով, այդ թվում` հայ և ժամանակակից երաժշտությամբ, ժանրային տարբեր ուղղություններով հանդես եկան աշխարհի 4 մայրցամաքների լավագույն բեմահարթակներում («Կառնեգի Հոլլ»՝ Նյու-Յորք, «Հենրի Քրաուն»՝ Երուսաղեմ, «Կադոգան»՝ Լոնդոն, «ՄյուզիկՖեռայն» մեծ դահլիճ՝ Վիեննա, «Բոզառ» գեղեցիկ արվեստների պալատ՝ Բրյուսել, «Սբ Հովհաննես» տաճար՝ Տալին, «Սանտա Չեչիլիա Սինոպլի»՝ Հռոմ և այլն) շուրջ 100 համերգներով:


Այդ նախագծերին մասնակցել են կոլեկտիվներ, անհատ կատարողներ, ստեղծագործողներ: Աննախադեպ էին նաև երաժշտական փառատոները, իրականացրել ենք մոտավորապես 15 նախագիծ, այդ թվում՝ 8-ը միջազգային (7 փառատոն, 1 մրցույթ) և 7 հանրապետական փառատոն, որից 1-ը՝ «Խաչատրյանը և մեր ժամանակները» հանրապետական փառատոնը իրականացվեց առաջին անգամ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր