ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արձագանքներ` Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի սկանդալային հայտարարության վերաբերյալ
12.01.2016

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի սկանդալային հայտարարությունն այն մասին, թե Օսմանյան կայսրությունում երբեք քրիստոնյաներին չեն ոչնչացրել, լայն արձագանք է գտել հասարակության շրջանում: Ոմանք այն որակում են որպես քաղաքական պատվեր, շատերն էլ հակված են կարծելու, որ ռուսները նորից հայերին դավաճանեցին թուրքերի հետ հաշտվելու համար:

Զարուհի Փոստանջյան, Աժ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Համայն Ռուսիո պատրիարքը գերազանց գիտի, թե ինչ է տեղի ունեցել անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում՝ սա ուղղորդված և պատվիրված հարցազրույց է: Օսմանյան կայսրության վայրագ իրադարձությունները գնահատել որպես ցեղասպանություն, դա իր պարտականությունն է և ոչ թե քողարկելը: Այդպես էլ պետք է լիներ, վերջերս Մոսկվայում հսկայական մզկիթ են բացել, որին ներկա էր Թուրքիայի նախագահ Էրդողանը: Կիրիլի արածը ռեվերանս է Թուրքիայի ուղղությամբ ռուս-թուրքական լարված հարաբերությունների ֆոնին: Պատասխան պետք է տրվի, իսկ պատասխանը պետք է տրվի արդեն հենց մեր կաթողիկոսի միջոցով:

Կիրո Մանոյան, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար

Պատմական ճշմարտության խեղաթյուրում է նրա ասածը: Հասկանալի է, որ Օսմանյան կայսրության գոյության ողջ ընթացքում չէ, որ անընդհատ քրիստոնյաներին նույն ձևով կոտորել են, բայց որ եղել են ջարդեր և նույնիսկ ցեղասպանություն հայերի, նաև ուրիշների՝ Պոնտոսի հույների կամ ասորիների նկատմամբ, այդ բոլորը չտեսնելը պատմության խեղաթյուրում է։
Ռուսաստանում բավականին մեծ թվով մահմեդականներ կան, ճիշտ է՝ փոքրամասնություն են, բայց արդեն մի քանի տասնամյակից կեսը կդառնան բնակչության, կարծում եմ, դա էլ կա, բայց այն ճիգը, որ ինքը անում է, չի կարելի անել իրականությունը խեղաթյուրելով:
Հուսով եմ, որ մեր պետության կողմից դժգոհություն կփոխանցվի ռուսական կողմին:

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Շատերը մեղադրում են պատրիարք Կիրիլին անկրթության, տեղեկացված չլինելու մեջ, ինչը միամտություն է. Կիրիլը շատ լավ գիտի՝ ինչ է ասում, ում և երբ: Ռուսաստանը ելքեր է փնտրում Թուրքիայի հետ կիսապատերազմական իրավիճակից դուրս գալու համար, իսկ Ռուսիո պատրիարքին տրված էր հենց այդ առաքելությունը:

Աննա, օգտատեր

Ռուսները նորից հայերին դավաճանեցին թուրքերի հետ հաշտվելու համար:

Ալեքսանդր Վոլկով, Ռուսիո պատրիարք Կիրիլի մամլո քարտուղար

«Ռոսսիա» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Սրբազան Պատրիարք Կիրիլը խոսել է վերջին տարիներին Սիրիայում ու Իրաքում քրիստոնյաների սարսափելի և աննախադեպ դրության մասին: Այդ համատեսքում Սրբագույնը օրինակ է բերել Օսմանյան կայսրության պատմությունը, որտեղ եղել են այնպիսի ժամանակաշրջաններ, երբ ներդրված կարգերը ապահովել են համեմատական կայունություն ու անվտանգություն կրոնական փոքրամասնությունների համար: Այդ կարգերի բացակայությունը մշտապես, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, հանգեցնում է իրադարձությունների ողբերգական զարգացմանը: Հենց այդ պատճառով էլ մենք ժամանակակից իրադարձություններն անվանում ենք ցեղասպնություն: Մեր եկեղեցու դիրքորոշումը հայերի ցեղասպանության հետ կապված բազմիցս պարզորոշ արտահայտվել է բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և Պատրիարքի ուղերձներում: Մեր դիրքորոշման վառ վկան է հանդիսանում Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրագույն մակարդակով մասնակցությունը Հայկական Առաքելական Եկեղեցու կարևոր իրադարձություններին՝ Նորին Սրբազանի մասնակցությունը Մոսկվայի հայկական մայր տաճարում, ռուսական եկեղեցու պատվիրակության այցը Երևան անցյալ տարի՝ հիշատակի արարողություններին մասնակցելու համար, որոնք նվիրված էին հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ռուսական եկեղեցու դիրքորոշումը մնում է անփոփոխ, մենք այդ դիրքորոշումը մշտապես բացահայտ կերպով պաշտպանել ենք և կպաշտպանենք միջազգային, միջքրիստոնեական և միջկրոնական հարթակներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր