Արամի 30 շենքի քանդումը հանրության շրջանում դարձավ քննարկման ու մտահոգության հերթական թեման: Այս ամենն արդեն զավեշտի է վերածվում` ամեն օր մի հին շենք է քանդվում, ասացին շատերը: Նրանք այն համարեցին անօրինական, անգամ` բարբարոսություն: Ոմանք էլ գտան, որ նման շինությունը պետք չէ համարել արժեք ու մտահոգվել:
Շենքն այդպիսի ճակատագրի է արժանացել նույն մտայնության հետևանքով, ինչի պատճառով քանդում են «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը: Ցավոք, պետական գերակա շահին չի վերաբերում մշակույթը, իրենք դրա տակ հասկանում են միայն բանկային շահույթները և դրամական շրջանառությունը:
Այս ամենն արվում է՝ շահագործելով «գերակա հանրային շահ» հասկացությունը: Բայց մենք մոռանում ենք, որ նման բան կարող է արվել միայն բացառիկ դեպքերում, իսկ մեր իրականության մեջ այս երևույթն ամենուր և անընդմեջ է, ուստի ոչ մի բացառիկության մասին խոսք անգամ չի կարող լինել:
Կարծեմ՝ առավոտյան նույն ժամին էր, ինչ Պերմյակո՞վը (հարցական, քանի որ վստահ չեմ, թե հենց նա է մեղսագործը) վերացրեց Ավետիսյանների ընտանիքը: Սա նույն ձեռագիրն է:
Եթե տանդ բանալին հանձնել ես ավազակին, ապա կահույքի մասին հոգ տանելն անիմաստ է:
Եթե մի ժողովուրդ նման շինությունը համարում է արժեք, ես ցավում եմ այդ ժողովրդի համար: Մենք հոգևոր տեսակետից այդքան աղքատ չենք, այդ սարայի համար աղմուկ չեն հանում:
Եթե որևէ մեկն ապացուցի, որ այն մշակութային հուշարձան է իրենից ներկայացնում, կմտածեմ, որ մինչև հիմա չեմ հասկացել, թե որն է հայերի արժեքը:
Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք` ճարտարապետական մակարդակ ունեցող ժողովուրդն էդ սարայը արժեք չի համարի: Եթե ուզում եք մի բանի դեմ պայքարել` լավ թիրախ ընտրեք: Իմ խորին համոզմամբ` ղալմաղալ անելու, դեմագոգիայով զբաղվելու, ընդդիմադիր լինելու, երևալու համար չարժի սենց բաներ անել:
Արամի 30 հասցեում գտնվող շենքը, որը «գիշերը գաղտագողի» քանդվել է, դարձյալ օրենքից վեր է:
Ոչ մի քաղաքակրթության նշան չեն ուզում թողնել Երևանում, բարբարոսաբար ավիրում են: Ես ուզում եմ հերթով նշել` Աֆրիկյանների շենքը քանդվեց, ի՞նչ է տեղը` երկու տարի է քանդված է ու ոչինչ չի արվում: «Սևան» հյուրանոցը քանդվեց ու ընդհանրապես վերացավ, Երիտասարդական պալատը… Քանդվեցին այդ շենքերը, որոնց վրա ծախս էր արվել: Ամիրյանի վրա տեղակայված Իսահակյանի գրադարանն ի՞նչ արեցին: Տեղն այսօր զիբիլանոց է դառել: Ինչո՞ւ, ո՞ւմ էր պետք: Էլի մի քանի մարդկանց, ում համար ո´չ իշխանություն կա, ո´չ օրենք:
2004 թվականն էր, Երվանդ Զախարյանն էր քաղաքապետը, երբ ինձ այդ նախագիծը ներկայացրին: Իրենք նախապես ունեին այդ նախագիծը: Երբ ինձ տվեցին, ասացին, որ այսպես պետք է լինի: Սպասեցի մի երկու-երեք տարի ու նոր քանդեցի: Այդ տարածքում քաղաքային ճանապարհ է լինելու որևէ մեկն ինձ չի ասել՝ դա հուշարձան է, չպետք է քանդվի Արամի փողոցը շատ նեղ, առվակի նման փողոց է, ու կարևոր է դրա լայնացումը, որովհետև դա պետք է թեթևացնի հրապարակի տրանսպորտային երակները: Արամի փողոցին կից կա մի մայթ, որը հարակից է թանգարանի շենքին, և որն իր ընթացքի մեջ ունի աստիճաններ: Այդ մայթը լիարժեք չէ թե մեքենաների, թե մարդկանց տեղաշարժի համար: Այդտեղ լայն շերտ ենք ստանում, կանաչ պուրակի շարունակությունն ենք ստանում: Մետրոյից ելքն իր նպատակին է հասնում: Աբովյան փողոցի կողմից շենքը հետ է գտնվում 7 մետր, Աբովյանի մայթն էլ հետ տրվում, ստեղծվում է տարածական լայն միջավայր՝ Հյուսիսային պողոտայի ծավալատարածական կապի ստեղծման նպատակով: