ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ուզո՞ւմ եք ջրից օգտվել, մի՛ փորձեք մարդ բերել մեզ վրա, չի աշխատի, ուղղակի համագործակցեք Ստեփանակերտի հետ». արձագանքներ՝ ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցների վերաբերյալ
27.01.2016
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երկրորդ օրը քննարկվեց հակահայկական երկու զեկույց: Առաջինը` Ռոբերտ Ուոլթերի հեղինակած՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» թեմայով բանաձևի նախագիծն էր: Վեհաժողովը քվեարկության արդյունքում մերժեց` ձայների 66 կողմ, 70 դեմ և 45 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Երկրորդը Մարկովիչ Միլիցայի հեղինակած՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցն էր: Քվերակության արդյունքում վեհաժողովն ընդունեց բանաձևը՝ ձայների 98 կողմ, 71 դեմ և 40 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Արտակ Բեգլարյան, ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ





ԵԽԽՎ-ՄԵԽԽՎ չգիտեմ, Սարսանգը մերն է ու վերջ...
Ուզո՞ւմ եք ջրից օգտվել, հարևաններ ջան, մի՛ փորձեք մարդ բերել մեզ վրա, չի աշխատի, ուղղակի ընդունեք ճշմարտությունը և համագործակցեք պաշտոնական Ստեփանակերտի հետ, այլապես ձեր գյուղացիները շատ բանից զրկված կլինեն՝ ձեր իսկ մեղքով:
Սարսանգի ջրամբարը Ղարաբաղի սեփականությունն է և ունի 3 հիդրոէներգետիկայի կայաններ: Չկա ազատ ջրանցք ջուրն Ադրբեջանի դաշտեր ուղարկելու համար:






Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
ԵԽԽՎ-ում երկու զեկույցներից մեկի չընդունումն ու մյուսի ընդունումը հետաքրքիր բան է ցույց տալիս. այն, ինչը պետք չէր ԵԱՀԿ-ին/Ղարաբաղում ու Ադրբեջանի գրավյալ տարածքներում բռնության աճի մասին զեկույցը/, չընդունվեց: Ինչը կարևոր չէր նրա համար /Սարսանգի ջրամբար/, ընդունվեց: Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ: Ու սա պատվիրակության դեմքն է:
Վաղինակ Շուշանյան, ակտիվիստ
ԵԽԽՎ-ում հաստատեցին Սարսանգի ջրամբարի հետ կապված հակահայ զեկույցը, իբր մենք խոչընդոտ ենք հանդիսանում ադրբեջանական գյուղերի ջրամատակարարմանը:
Նախ ասեմ, որ Սարսանգը երբեք մեր վերահսկողության տակ չի եղել:
Երկրորդ.... Էս ախմախ ցեկույցն անցկացնելուց հետո մենք աշխարհին հայտի դառանք որպես ագրեսոր... Վատ ե՞ք, արաաա...
Եվ վերջապես երրորդ... Մենք ենք մեղավոր: Էն ջրամբարը, որը մեր դիտակետի տակ է, խոսքս Մինգեչաուրի մասին է, ընդհամենը մի սնարյադի փայա, մի հարված ու.....
Պատմության մեջ մեծ-մեծ տառերով կգրեն՝ այստեղ ժամանակին թրքախոս ժողովուրդ է եղել....
Արտակ Զաքարյան, ԱԺ պատգամավոր

Ադրբեջանական և պրոադրբեջանական ջանքերը տապալված են:
ԵԽԽՎ-ն մերժեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն ամբողջությամբ խեղաթյուրող զեկույցը: Դրանով կասեցվել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործուներությանն ու խաղաղ կարգավորմանը խոչընդոտող մի մեծ քայլ: ԵԽԽՎ մեծամասնությունն արգելեց Ադրբեջանին զբաղվել խաբեությամբ ու վտանգել խաղաղությունը Հարավային Կովկասում:
Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն բան արեցին հանուն ճշմարիտ ու արդար քաղաքականության հաղթանակի: Շնորհակալ եմ ԵԽԽՎ օտարերկրյա այն պատգամավորներին, ովքեր քվեարկեցին դեմ, կամ առնվազն չմասնակցեցին ադրբեջանական ավանտյուրային, կամ ձեռնպահ մնացին դրանից: Մեկ առ մեկ բոլորին շնորհակալություն:
Շնորհակալություն մեր պետական ու հասարակական ինստիտուտներին, իմ գործընկեր պատգամավորներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, սփյուռքյան կազմակերպություններին, անհատ մարդկանց` միասնական ու արդյունավետ աշխատանքի համար:
P.S. Ինչ վերաբերում է Միլիցա Մարկովիչի զեկույցին. Վստահ եմ, ադրբեջանցուն ջուրը չի, որ հետաքրքրում է: Նա փորձում է հումանիտար վերնագրերի տակ քաղաքական տեքստեր թաքցնել, որը մեկ բառով պետք է անվանել մանր ժուլիկություն: Կարծում եմ ԵԱՀԿ ՄԽ –ի հետագա աշխատանքներին այն չի խոչընդոտի:

Շավարշ Քոչարյան, ՀՀ փոխարտգործնախարար
ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը:
Արթուր Աղաբեկյան, ԼՂՀ փոխվարչապետ
Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից: ԵԽԽՎ կեղծ բանաձևն իրականության հետ ոչ մի աղերս չունի: Սարսանգի ջրամբարի ջուրն իր հունով հոսում է մինչև Կուր գետը: Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդից ոչ թե պետք է թաքնվեն ԵԽԽՎ-ի բանաձևերով, այլ կամ պետք է պոմպակայաններով ջուրը մղեն ու հասցնեն իրենց ժողովրդին, կամ պետք է համագործակցեն Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանագի ջրամբարի ջրի համատեղ օգտագործան հարցով, որից կօգտվի և Արցախի ժողովուրդը և Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները:
Ի դեպ, բանաձևը իրականությանը համապատասխանեցնելու համար պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որպեսզի կառուցվի դեռևս 2002-ին նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանի հողօգտագործողներին: Նախագծի արժեքն է 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ
Դավիթ Բաբայան, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ
Իհարկե, մենք ողջունում ենք, որ այդ աննորմալ բանաձևերից մեկը մերժվել է, մյուս կողմից` մեկ այլ աննորմալ բանաձևի ընդունումը դիտարկում ենք առաջին հերթին որպես մեծ հարված ժողովրդավարությանը և ժողովրդավարական արժեքներին, որովհետև այդ արժեքները չպետք է գնվեն և վաճառվեն մանաթով և խավիարով, չպետք է փոխարինվեն դրանցով: Մենք դիտարկում ենք այդ բանաձևի ընդունումը որպես ԵԽԽՎ-ի հասցրած ամենամեծ հարվածներից մեկը:
ԵԽԽՎ-ն «շաբաշ վերցնող կառույց է» և նրա մի շարք պատգամավորներ հեղինակազրկում են այն:
Մենք չենք ուզում, որպեսզի նման սցենարով այս գործընթացները զարգանան, իսկ այդ աննորմալ բանաձևում ինչ գրված է` սուտ է: Մարկովիչը պորտապար է պարել և շաբաշ ստացել: Ի՞նչ ասեմ, ուրիշ ձև չեմ կարող բնութագրել:
Եթե ԵԽԽՎ-ն այդքան մտահոգված է ադրբեջանցի ժողովրդի վիճակով, թող գնա այնտեղ ժողովրդավարական արժեքներն ամրապնդի, իսկ այսպիսի բանաձևերի ընդունումից հետո նրա բերանն, ինքնըստինքյան փակվում է:
Դավիթ Սանասարյանը, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ

Երկրի ներսում տանուլ տվողը չի կարող արտաքին հարաբերություններում հաղթանակ տանել:
Այդ բոլոր թվացյալ հաղթանակները այլոց կողմից երեխու ծծակ նվիրելու պես բան է մեզ և Ադրբեջանին, որ ուտենք ու չճվճվանք: Այլ կերպ ասած` հակահայկական առաջին զեկույցի մերժումը դա ոչ թե էս իշխանությունների շնորհքն է, այլ բալանսավորված մոտեցման արտացոլումը:
Ու աշխարհից ավելին մի պահանջեք, ամեն մեկն իր շահն է իրացնում, մնում է մենք էլ գիտակցենք պետության շահի առաջնահերթությունը, որից հետո նմանատիպ հակահայկական նախագծերից էս օրը չենք ընկնի...
Հ.Գ. Էն անհամ տիկնոջն էլ պատվիրակության ղեկավար մի նշանակեք, մեղք եք:
Ցավոք, Ադրբեջանը «հաղթած» է տուն գնալու, քանի որ 2 բանաձևով հարձակվեց, 1-ով տուն գնաց, իսկ դուք հիմա խմում եք ձեր հոտած դիվանագիտության հաղթանակի կենացը ու անպայման շեշտում եք, որ նենց խաղեր տվեցինք ոչ ոքի (1-1) վերջացավ, իսկ մեծ հաշվով ոչ ոքի չի, 2-0-ի փոխարեն 1-0 է ընդհանուր հաշիվը...
Ինչքան էլ որ էս բանաձևից հետո Սարսանգի ջրամբարը Ադրբեջանինը չի դառնալու, ամեն դեպքում, մի բան պետք է գիտակցենք, որ էս իշխանությունների գոյության պայմաններում, նմանատիպ ամոթալի էջեր դեռ լրացնելու ենք...

Արմեն Աշոտյան, ԿԳ նախարար
Ունենք արդյունք, որը մի կողմից կարելի է համարել այս փուլում բավարար, որովհետև եթե համեմատում ենք չարյաց փոքրագույնի սկզբունքով, ակնհայտ է, որ Ուոլթերի զեկույցն ավելի մեծ չարիք էր, ակնհայտ է, որ եվրոպական քաղաքական վերնախավը շատ լավ գիտակցում է, որ ղարաբաղյան խնդրի լուծման բացառիկ և միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ն բաղկացած լինելով ազգային խորհրդարանների պատգամավորներից, ավելի շատ է տրվում այս կամ այն ազդեցություններին:
Սա նաև եվրոպական քաղաքական համակարգի համար է մարտահրավեր, որովհետև, ստացվում է, որ համաեվրոպական կառույցները, ինչպիսիք են կուսակցական ԵԺԿ-ն, լիբերալները կամ սոցիալիստները, և համաեվրոպական կառույցները՝ Եվրախորհրդարանը, Եվրահանձնաժողովը և այլն, թույլ ազդեցության մեխանիզմներ ունեն իրենց ազգային մակարդակով:
Պետք է հասկանալ մի կարևոր բան. Հայաստանի և Արցախի խնդիրները բացառապես Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավի, իշխանությունների և ընդդիմությունների խնդիրներն են, որքանով մենք կկարողանանք ճիշտ աշխատել եվրոպական կառույցների հետ։ Ու այս աշխատանքը չպետք է կրի արտակարգ իրավիճակի բնույթ: Այս աշխատանքը պետք է լինի մշտական, հետևողական:
Եվրոպայի հայկական միությունների ֆորում
Խորին շնորհակալություն ենք հայտնում եվրոպահայ և օտարազգի այն լոբիստներին, որոնց օգնությամբ հաջողվեց կասեցնել Ալիևի կողմից երկարատև և հիանալի նախապատրաստած հակահայ բանաձևը:
Սա ազերիների պարտության դեռ սկիզբն է: Կարճ ժամանակ հետո համաշխարհային հանրությունը կտեղեկացվի ազերիների դեմ ԵՀՄՖ-ի կողմից պատրաստվող բանաձևին, որի քվեարկությունը կունենա Ադրբեջանի համար ռումբի պայթյունի էֆեկտ:
Արմեն Ռուստամյան, ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ
Առաջին զեկույցը, չնայած դրա անթույլատրելի վերնագրին, չհասավ իր նպատակին: Նշված չէր` ով է մեղավոր հրադադարի ռեժիմի խախտումների համար, ով սկսեց օգտագործել ծանր զինտեխնիկա` ներառյալ հրետանի և ականանետեր` արտադրված, իմիջիայլոց, Թուրքիայում, և վերջապես, ում է ձեռնտու պահպանել պատերազմական վիճակ և ոչ թե խաղաղություն: Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողություները շփման գծի երկայնքով: Հենց Ադրբեջանն է մշտապես հրաժարվում ուսումնասիրել, թե ով է խախտել հրադադարը, հենց Ադրբեջանն է հակառակվում ստատուս քվոյի պահպանմանը և ցանկանում է վերադառնալ ստատուս քվո ante bellum-ին, սակայն դրան կարելի է հասնել միայն նոր պատերազմ սկսելով: Ըստ զեկույցի` միակ մեղավորը Հայաստանն է, իսկ Ադրբեջանն անում է ամեն հնարավորը հակամարտության խաղաղ կարգավորման համար: Դա ցինիզմ է` միանշակ բացահայտ ցինիզմ: Ընդ որում, այդ ամենով զեկուցողը չի սահմանափակվում. նա բառ առ բառ կրկնում է Բաքվի տեսակետը: Զեկուցողը նույնիսկ իրեն թույլ չի տվել այցելել ոչ Հայաստան, ոչ Լեռնային Ղարաբաղ` չնայած հրավերին: Դուք ինքներդ պետք է դատեք, որ զեկուցողը ոչ միայն դուրս է եկել իր մանդատի շրջանակներից, այլև շարունակում է կրկնել ադրբեջանական քարոզչամեքենայի հայտարարությունները: Ամենից վիրավորականն այն է, որ այդ զեկույցը ստվեր է գցում մեր Վեհաժողովի վրա` ներքաշելով մեզ Մինսկի գործընթացի ներգրավման: ԵԽ-ն այս կերպ ոչ թե միջնորդում է հակամարտության լուծմանը, այլ անցնում է Ադրբեջանի կողմը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր