ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Անհաջող ընտանիքի տպավորություն են թողնում». կարծիքներ` ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիայի մասին
15.02.2016

Վերջին օրերին քաղաքական դաշտում ամենաշատ քննարկվող թեման ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիային է վերաբերում: Այս երկու ուժերի համագործակցությունը հասարկության մեծ մասին հույս չի ներշնչում, նրանք համոզված են, որ այդ միությունը երկրին ոչինչ չի տալու, դա են ցույց տվել նախկին կոալիցիաները, ՀՀԿ-ՀՅԴ-ի բաժանվելն ու միանալը: Շատերն այն կարծիքին են, որ բավարարվելու է ՀՅԴ-ի ախորժակը, և ՀՀԿ-ի՝ ՀՅԴ-ի վրա վերահսկողություն սահմանելը՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Գառնիկ Իսագուլյան, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը բացառապես ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի իրավասության շրջանակներում է: ՀՀԿ-ն միշտ էլ հայտարարել է, որ ինքը պատրաստակամ է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցել այն խնդիրների շուրջ, որոնք կարող են երկուստեք հետաքրքրություն ներկայացնել, և այժմ իրականացնում է այդ ծրագիրը:
Հայաստանում պետք է նման միավորումները ողջունելի լինեն, որովհետև կան բազմաթիվ առկա խնդիրներ, որոնք օր առաջ լուծում են պահանջում, իսկ դրանց լուծմանը քաղաքական համաձայնությունները կարող են շատ ավելի գործնական նպաստ բերել:
Ցանկացած գործողություն, որը որոշակի ազդեցություն կարող է ունենալ քաղաքական կուսակցությունների վրա, առաջացնում է քաղաքական գործիչների զգացմունքային պոռթկումներ: Սակայն, նմանատիպ դրսևորումներին պետք է վերաբերվել շատ ավելի հանգիստ ու առանց նոր զգացմունքայնության:

Արամ Սարգսյան, Դեմոկրատական կուսակցության նախագահ

Քաղաքական գործարք է՝ ոչ ավելի, ոչ պակաս ու երկրին ոչինչ չի տալու, քանի որ քաղաքական կուրսը չի փոխվելու: ՀՅԴ-ն 10 տարի կառավարության մեջ էր, կոալիցիայում էր, ի՞նչ փոխվեց…
Հայկական ռադիոյին հարցնում են՝ օձի և ոզնու ամուսնությունից ի՞նչ կծնվի, պատասխանում է՝ չորս մետրանոց փշալար:

Լևոն Զուրաբյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար

Շատ հուզիչ մի դրամա է ծավալվում մեր աչքերի առջև: Խոսքս վերաբերում է կոալիցիայի սերիալին: Ճիշտն ասած ինձ զարմացնում է, թե ինչու են կոալիցիայի մասին հայտնում ու հետո սկսում բանակցել:
Այդ կոալիցիան լուրջ կհամարեի, եթե քննարկումների ավարտից հետո միանգամից հայտարարություն արվեր: Նպատակը միգուցե դա էր, որ ամբողջ ազգին ներքաշեին այդ սերիալի դիտման գործընթացի մեջ: Կա´մ ամուսնանում են, կա´մ բաժանվում են, կա´մ ներկայացնում են իրար ինչ-որ մեղադրանքներ... Կարծում եմ` վատ չեն մտածել, եթե մտածել են մի քիչ զվարճացնել ժողովրդին: Սակայն դա կարող է ձանձրալի դառնալ: Սցենարիստներին առաջարկում եմ` մի փոքր նոր բան մտցնել սերիալի մեջ:


Կոալիցիան ձևավորվում է անհուսությունից: Փորձում են կոալիցիայով լրացնել լեգիտիմության պակասը:

Սոս Գիմիշյան, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ

Իմ կարծիքով` դա անլուրջ համագործակցություն է և ոչ մի հետաքրքիր բան չեմ տեսնում: Նրանք միշտ միասին են եղել: Արդեն 20 տարի միասին այս երկիրն ուտում են, նրանց կողմից ամեն ինչ խաղ է. մի շաբաթ ընդդիմություն էին իրենց հայտարարում, մյուս շաբաթ միասին նույն տեղում էին հայտնվում… Եվ զարմանալի էլ չէ, որ դաշնակներն այդ քայլին են գնում: Նրանք այն տեղում են, որտեղ որ միշտ եղել են:
Ծիծաղելի է ՀՀԿ-ՀՅԴ-ի բաժանվելն ու միանալը: Նրանք միշտ են միասին եղել: Մարտի 1-ին էլ են միասին եղել, մինչև այդ էլ են եղել: Հիմա էլ, ոնցոր կին և ամուսին` միշտ միասին. բաժանվում են, հետո միանում… Անհաջող ընտանիքի տպավորություն են թողնում:

Սեյրան Սարոյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ

Դե որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան ա արդեն: Միացում ա, ուժեղանալ ա:
Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, Հանրապետականի սիրտը մեծ ա:

Գուրգեն Եղիազարյան, քաղաքագետ

ՀՀԿ-ն, բնականաբար, իր խնդիրը պետք է լուծի, Դաշնակցությունն` իր: «Կարծում եմ` կկայանա, կստանան պորտֆելները… Իրենց ի սրտե հաջողություն եմ մաղթում:

Թևան Պողոսյան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Կոալիցիայի գլխավոր հիմքը պետք է լինի այն, որ կիսվող պատասխանատվությունը հիմնվի իրական արժեքների վրա: Եթե ունենք մի քաղաքական ուժ, որն ամբողջովին լիակատար մեծամասնություն է և ունի բավարար քաղաքական կշիռ, և եթե ինքը գնում է փոքր ուժերի հետ կոալիցիա կազմելուն, ապա ես կարծում եմ, որ պատասխանատվությունը ցանկանում են կիսել:
Իշխանություններն այսպես թե այնպես վարկաբեկված են, և մեկ տարի հետո պարզ կլինի, թե ինչ տվեց ՀՅԴ –ՀՀԿ համագործակցությունը:

Գագիկ Մելիքյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
ՀՅԴ հետ բանակցությունները շարունակվում են, որի ձևաչափի մասին կհայտարարվի առաջիկայում։
Դաշնակցությունն իր համար նպատակ էր հետապնդել սահմանադրական բարեփոխումներին օժանդակելը, և նրանց կողմից բավականին լուրջ առաջարկներ ընդունված են նոր Սահմանադրության մեջ։ Դաշնակցությունը պատասխանատու է սահմանադրական բարեփոխումների գործընթացի իրականացման համար:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր