ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Լրագրողները պահանջում են, որ Մհեր Սեդրակյանը վայր դնի մանդատը. պատգամավորների արձագանքը՝ վաղվա ակցիային
22.02.2016

Օրեր առաջ ԱԺ-ում միջադեպ էր գրանցվել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու լրագրողների միջև: Պատգամավորը լրագրողներին «նախիր» էր անվանել, այնուհետև հայհոյել նրանց: Ազգային ժողովում լրագրողները Մհեր Սեդրակյանի վարքագիծը հրապարակավ դատապարտելու առաջարկով ստորագրահավաք են սկսել: Վերջինները դատապարտում են պատգամավորի պահվածքը, պահանջում վայր դնել մանդատն ու կոչ անում բոլոր պատգամավորներին` միանալ իրենց ակցիային:

Լևոն Զուրաբյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար

Անհանդուրժելի, անընդունելի եմ համարում նման հարձակումները լրագրողների նկատմամբ, ինչ հարաբերություններ էլ որ մենք ունենանք լրագրողների հետ` սիրես, չսիրես, դա որևէ նշանակություն չունի, լրագրողը կատարում է իր պարտականությունը:
Դե ինչ արած, գողերի պառլամենտ ունենք, բա եթե գողական իշխանություն ունենք, հետևաբար ԱԺ-ն էլ գողական պետք է լինի: Մենք իհարկե դատապարում ենք, մենք միշտ էլ համերաշխ ենք լինելու լրագրողների հետ:
Ակցիայի մասին դեռ որևէ բան չգիտեմ, անպայման ձևը կգտնենք, եթե հնարավորություն լինի, անպայման ներկայացուցիչ կուղարկենք: Պատգամավորի պահվածքի համար կուսակցությունը կրում է քաղաքական պատասխանատվություն. իրենք պետք է ներքին հետաքննություն անցկացնեին և պատժամիջոցներ ձեռնարկեին իրենց կոլեգայի նկատմամբ, ընդհուպ մինչև կուսակցությունից հեռացում:

Նիկոլ Փաշինյան, ԱԺ պատգամավոր

Հույս ունեմ, որ մեզ ի վերջո կհաջողվի վերջ տալ նման պրակտիկային, քանի որ դա ոչ միայն Աժ հեղինակության վրա է ազդում, այլ խոչընդոտում է լրագրողի գործը, ինչը դատապարտում եմ:

Հերմինե Նաղդալյան, ԱԺ փոխնախագահ

Մենք ևս դատապարտում ենք ու միանալով Ձեզ՝ ուզում ենք կոչ անել, որ շփումների ժամանակ բոլորը պահպանեն էթիկայի կանոնները:

Էլինար Վարդանյան, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Լրագրողների և պատգամավորների հարաբերությունները պետք է խարսխված լինեն փոխադարձ հարգանքի վրա:
Խնդիրն այն է, որ այլ պատասխանատվության միջոց կիրառել դեռևս հնարավոր չէ գոյություն ունեցող իրավական կարգավորումների շրջանակում: Ինչ վերաբերում է նման դեպքերին, իմ կողմից դրանք մշտապես դատապարտվել են, իսկ պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորությունն այսօր մեր իրավական համակարգը չի տալիս:
Իմ կարծիքով, լրագրողները պետք է ակցիան իրականացնեն, իսկ ես հստակ կպատասխանեմ տեքստին ծանոթանալուց հետո:

Առաքել Մովսիսյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Ես չեմ հավատում, որ մեր գործընկերը լրագրողներին ինչ-որ վատ բան ասած լինի: Լրագրողները երևի իր լեզուն ճիշտ չեն հասկացել: Ես հավատում եմ իմ ընկերոջն ու գործընկերոջը, չեմ կարծում, որ ինքը սենց մասսայական տեղեր իրեն նման ձև պահեր:


Էնքա˜ն ա եղել ես բան չեմ ասել, բայց իմ մասին ինչ ասես՝ գրել են: Ես ի՞նչ իմանամ` սարքե՞լ են, թե փողոցի խոսակցություն ա` բերել են, Ազգային ժողով են մտցրել: Իմ վրա էլ են սարքել, ես ինչ ասել եմ` տենց չեն գրել, ուրիշ բան են արել: Իմ ասածները չեն կրկնել, իմ ասածները հանել են, իրանցը գրել են, էդ վա՞խտ ինչ կասեք:
Սեդրակյանի հայհոյանքը փաստող տեսանյութը չեմ լսել, չեմ նայել, ինտերնետ էլ չեմ նայում, որովհետև կեսից շատը սխալ են գրում, մեկնաբանություններն էլ անշնորհք բաներ են, չեմ ուզում կարդամ:

Սամվել Ալեքսանյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Եկեք էս անգամ թարգեք, որևէ բան մի արեք, մյուս անգամ ինչ ուզում եք, արեք: Իմ ընկերը չի վիրավորել, իմ ընկերոջը դուք ջղայնացնում եք, անկապ հարցեր եք տալիս, եթե իմ ընկերը մի վատ բան արած լինի, ամոթ չի, ես ներողություն կխնդրեմ: Դուք դավադիտ եք անում մարդու, ինձ էլ եք արդեն դավադիտ արել:
Չեմ հավատում, որ իմ գործընկերը լրագրողներին նախիր է անվանել, հետո էլ հայհոյել է: Աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա, հաստատ դուք մոնտաժ եք արել:

Սեյրան Սարոյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Բայց քֆուր տվե՞: Ես չեմ չեմ լսել: Այ մարդ, Մհերը կուլտուրական մարդ ա, մեկ-մեկ կարող ա փստցնի էլ, ոչինչ: Ո՞ւմը դատապարտեք, Մհերի՞ն: Բիձա մարդ ա ընգել ձեռներդ, կերեք: Մեծ մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա, ոչինչ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր