ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Պուտինը դուրս բերեց զորքերը Սիրիայից. ստրատեգիական քայլ, թե խոշոր պարտություն
15.03.2016
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ձեռք բերած համաձայնության արդյունքում ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրամայել էր մարտի 15-ին Սիրիայից դուրս բերել ռուսական հիմական ռազմական ուժերը: Պուտինի այս քայլը հավանության էր արժանացել Արևմուտքի կողմից:
ՌԴ նախագահի հայտարարությունը քննարկումների բուռն առիթ է դարձել:
Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ


Եթե Պուտինը բոլորի համար անակնկալ ու անպատկերացնելի շուտ ետ է քաշում իր զորքերը, դա նշանակում է՝ կա մի ժողովոուրդ, որին պետք է կոտորած անեն ու սցենարի համաձայն, ռուսը պետք է հասնի ու նրան փրկի։ Ենթադրում եմ, որ այս անգամ խոսքը քրդերի մասին կլինի, որոնց վրա միգուցե բեղավոր Պուտինը՝ Էրդողանը հարձակվի, անբեղ Պուտինն էլ հասնի փրկության։ Քրդերի մեջ էլ կգտնվեն անմեղսունակներ, որ մի հարյուր տարի փառք կտան փրկիչին։ Եթե կասկածում ես՝ տես մեր իրականությունը։



Անդրեյ Պիոնտկովսկի, ռուս քաղաքագետ
Այս որոշումն իսկական սենսացիա է, հաշվի առնելով այն, թե ինչպես հայտարարեցին դրա մասին: Այս տեսարանը տեսնել էր պետք: Ակնհայտ էր, որ Պուտինը, Լավրովն ու Շոյգուն ահռելի սթրեսի մեջ էին: Եթե կարելի է արտահայտվել ռուսական կիսաքրեական քաղաքական «էլիտայի» լեզվով՝ նրանք «մանթո» էին ու նրանց խոսքը կատարյալ զառանցանք էր:
Հապա փորձեք համեմատել նրանց կմկմոցը վերջին կես տարում Կրելմից անդադար հնչած պրոպագանդայի հետ:

Ժողովրդին բացատրում էին, որ այդ օպերացիայի հիմնական նպատակը ԴԱԻՇ-ի դեմ պայքարն էր հեռավոր սահմաններում, որպեսզի այն չհասնի Ռուսաստան: Եվ ահա հիմա առաջնորդները հայտարարում են, որ զոհվել է 17 դաշտային հրամանատար: Վերջ: Այժմ մեր «առաքելությունը կատարված է» և մեր զինվորները փառքով վերադառնում են հայրենիք: Բա ինչ պիտի լինի մյուսների հետ՝ այս 17-ից բացի: Ո՞վ պետք է նրանց կանգնեցնի հեռավոր սահմաններում: Թե՞ բոլորը պիտի գան հասնեն այստեղ:Թե կոնկրետ ծանրակշիռ ինչ պատճառներ ստիպեցին Պուտինին ու իր թիմին գնալ այս քայլին, այն էլ՝ այսպիսի պարտվողական ձևաչափով, դժվար է ասել: Ես չգիտեմ, թե ով և ինչ լրջագույն պայմաններ է ներկայացրել Պուտինին, ով հեռախոսով ասում էր՝ «Պինդ կաց, Բաշար, մենք քեզ հետ ենք»: Բայց հիշո՞ւմ եք, թե ինչ եղավ ընկեր Նաջիբուլի հետ: Նրան, վերջիվերջո, կախեցին Քաբուլում: Իսկ միգուցե Ասադը չսպասեց, որ նման ճակատագիրն իր դուռն էլ թակի, ու ինքը պայմանավորվեց ընդդիմության ու ամերիկացիների հետ՝ ալավիտական անկլավում իր իշխանությունը պահելու նպատակով: Իսկ իր բանակցունակությունն ապացուցելու համար որպես «լեգիտիմ նախագահ» Պուտինին առաջարկեց քաշվել գրողի ծոցը:

Լևոն Շիրինյան, քաղաքագետ
Երբ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Մոսկվա եկավ՝ հանդիպելու Պուտինի հետ, այն ժամանակ ես ասացի` վստահ եղեք, որ նոր փուլ է նախապատրաստվում: Այսինքն` սա ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բալանսի որոնման շրջան է` ինչի հետ համաձայնվեն, ինչի հետ` ոչ: Իհարկե, շատ մանրամասներ չենք կարող իմանալ այդ հանդիպման մասին, բայց այն, որ Քիսինջերը վարպետ է հավասարակշռություն, կոնսենսուս որոնելու, շահերը համատեղելու, դա փաստ է: Այնպես որ, այս ամենը` Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումն, այս շրջագծի մեջ պետք է դիտել: Հավանաբար, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև երկխոսություն են ստեղծել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան` խնդրելով Պուտինին, որ մի փոքր զիջող լինի շահերի համատեղման հարցում:
Եթե Ռուսաստանի համար զիջումներ են արվել, ապա դրանք, ինչ-որ տեղ, պետք է պատժամիջոցների ձևով եղած լինեն: Պուտինն էլ, բնականաբար, ուրիշ հարցերում զիջում արած կլինի: Այս դեպքում, կոնսենսուս է առաջանում…: Նկատենք, որ Պուտինի հայտարարությունում չի ասվում` ամբողջովին դուրս ենք գալիս Սիրիայի տարածքից, ասվում է` հիմնական մասով ենք դուրս գալիս: Ինձ ավելի շատ անհանգստացնում է մեկ ուրիշ բան: Արդյոք Արևմուտքը չի՞ պարտադրել Պուտինին` ավելի առաջ չգնալ Թուրքիայի հարցով: Որովհետև այս բոլոր գործընթացների մեջ ռուսական արջի թաթերի մեջ հայտնվեց միայն Թուրքիան, որին բզկտում էր նա…: Սա մենք հիմա կարող ենք ենթադրել միայն: Մի բան պարզ է, որ այդ խոշոր երկրներն իրար մեջ բազար են արել և համաձայնության եկել: Հավատարիմ կմնա՞ն այդ համաձայնությանը, թե ոչ, ոք չի կարող ասել: Կերևա մեկ-երկու օրից: Փաստն այն է, որ այսօր կոնսենսուս է:
Ստեղծված իրավիճակում ամենից շատ շահում ենք մենք` հայերս: Մեզ համար նպաստավոր վիճակ է այժմ: Եթե Սիրիայում իրավիճակը խաղաղվեց, մեր խեղճուկրակ սիրիահայությունը ևս, ցանկության դեպքում, կարող է կվերադառնա այն երկիր, որն իր համար դեռևս թանկ է:
Գելա Վասաձե, վրացի փորձագետ
Ռուսական զորքերի հետբերումը Պուտինի համար լուրջ պարտություն էր, որովհետև չիրականացան դրված նպատակները: Պուտինը, Սիրիայում ռազմական ուժեր մտցնելով, նպատակ ուներ իր դերը բարձրացնելու միջազգային հարթակում, ցանկանում էր, որ իր հետ հաշվի նստեն, իր հետ բանակցություններ վարեն: Բայց նա իր այդ նպատակին չհասավ, և ստացավ այն, ինչ ստացավ՝ միայն սառը պատերազմ Եվրոպայի հետ, ուրիշ ոչինչ:
Ալեքսանդր Մարգարով, քաղաքագետ
Սիրիական կոնֆլիկտում Ռուսաստանի ներգրավվածությամբ լուծվեց մի քանի խնդիր: Առաջինը Ռուսաստանն իր գործողություններով նպաստեց, որ ամրապնդվեն Սիրիայի նախագահ Բաշար Ալ- Ասադի դիրքերը: Միանշանակ է նաև այն հանգմանքը, որ միջազգային հանրությունը հաշվի է առնում Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում, և պարզ է, որ պաշտոնական Մոսկվան դառնում է այնպիսի դերակատար, որի հետ կարելի է համագործակցել նույն սիրիական հարցի շուրջ:
Ռուսաստանն այս քայլով նաև ցույց է տալիս, որ ինքը, Սիրիայում ներգրավվելով, չի ցուցաբերում կտրուկ կեցվածք` ասելով, թե ինքն է այստեղ և միայն ինքն է որոշում ինչ է լինելու Սիրիայում: Ցույց է տրվում այն, որ ՌԴ-ն պատրաստ է հանդես գալ որպես կողմերից մեկն, ով ներգրավված է սիրիական զարգացումներում և ունի իր շահերը տվյալ տարածաշրջանում:

Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ Ռուսաստանի նախագահի որոշման հետ կապված երկու հիմնական մոտեցումներ են շրջանառվում: Նախ այն, որ ՌԴ-ն, ծախսելով օրական մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլար, ազատագրեց 10 հազար քկմ տարածք, շուրջ 200 բնակավայրում վտանգը զգալի նվազեց: Այժմ էլ ռուսական կողմը պատրաստ է որոշ չափով ետ կանգնել, և նպաստել Շվեյցարիայում տեղի ունեցող բանակցային գործընթացին, որպեսզի այն բերի կոնկրետ արդյունքներ սիրիական տարբեր կողմերի համար, Սիրիան էլ մնա մեկ միասնական պետություն:
Հաջորդ մոտեցումն էլ այն է, որ ՌԴ-ն ի վիճակի չէ երկու ճակատում` Սիրիայում և Ուկրայինայում շարունակել պայքարել: Ֆինանսական ծանր իրադրություն է, Ռուսաստանի վրա բացասական ազդեցություն են թողնում Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները, և ահա նա գնում է նահանջի: Իրականում ՌԴ-ն ամբողջությամբ իր զորքերը դուրս չի բերում: Նա պահպանում է թե Տարտուսի բազան, թե տեղի ավիաբազան: Դա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում Սիրիայում սեփական ռազմական ներկայությունը մեծացնելը ժամանակի հարց է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր