ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Գիքորի կեցվածք է, որը գնում է բազազ Արտեմի մոտ հերթական ապտակն ուտելու». արձագանքներ` Հովիկ Աբրահամյանի Մոսկվա այցի մասին
14.04.2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը մեկնեց Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս հանդիպմանը շատերն էին դեմ, ավելին, գտնում էին, որ պետք է Հայաստանն իր դժգոհությունն արտահայտեր, և ժամ առաջ դուրս գար ԵՏՄ-ից:
Հիշեցնենք` ավելի վաղ ԵՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարները հրաժարվել էին երևանյան հանդիպումից` պատճառաբանելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության սրացման ժամանակ վարչապետների մասնակցությունը կարող է գնահատվել որպես աջակցություն կողմերից մեկին:

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Հովիկ Աբրահամյանին Մոսկվա ուղարկելու որոշումը նվաստացնում է Հայաստանի Հանրապետությունը: Դա հակասում է ՀՀ իշխանությունների կողմից մինչ այդ արտահայտված այն դիրքորոշումներին, որ նախ, մեր այսպես ասած դաշնակիցները պաշտպանում են ագրեսիա իրականացրած մեր հակառակորդին, երկրորդ՝ որ դա տեղի է ունենում մեր այսպես կոչված ռազմավարական դաշնակցի տրամադրած զենքով: Այսինքն հայկական կողմի դեմարշը պետք է ոչ թե դադարեցվեր, այլ շարունակվեր ԵՏՄ նիստին չմասնակցելով: Բայց մենք հերթական անգամ տեսնում ենք Գիքորի կեցվածք, որը գնում է բազազ Արտեմի մոտ հերթական ապտակն ուտելու: Ուրիշ ոչ մի բան:

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

Հայաստանն այսպիսի անողնաշար իշխանություն չի ունեցել և նման իշխանություն մեզ պետք չի:


Բելառուսն ու Ղազախստանը դեմարշ իրականացրեցին, պահանջեցին, որ այստեղ պետք է տեղի չունենա ԵՏՄ վարչապետերի նիստը, այլ՝ Մոսկվայում: Ամոթ մեր իշխանություներին, ամոթ վարչապետին, որ նման քայլ իրականացրեց, սա անողնաշարության գագաթնակետն էր: Մեզ համախմբում պետք է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ազգային գաղափարների և մեր երկրի շահերի շուրջ:

Էդմոն Մարուքյան, Աժ պատգամավոր

Հայաստանն այս պարագայում պետք է չմասկանցեր, իր դժգոհությունն արտահայտեր, ավելին, եթե մասնակցում ենք, ապա պետք է մասնակցենք մի պայմանով, որ ներկայացնենք մեր ԵՏՄ-ից դուրս գալու դիմումը: Այսինքն` ասենք, որ մենք վերջին օրերի ընթացքում վերջնականապես համոզվեցինք, որ դաշնակիցներ չունենք այս միությունում: Մեր դաշնակիցներն իրենց աջակցությունն էին հայտնում ադրբեջանցիներին կամ զենք էին վաճառում և մենք այս միության մեջ անելու բան չունենք:

Նաիրա Պողոսյան, լրագրող

ՀՀ իշխանության հերթական` «թո՛ւ ձեր նամուսին» քայլը... Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 12-13-ը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այն նիստին, որը պետք է տեղի ունենար Երևանում, սակայն Ղազախստանի պահանջով, որպեսզի չնեղացնեն Ադրբեջանին, հետաձգվել էր և կայանալու է Մոսկվայում: Ուրիշ բան պետք չէր սպասել, սրանք ո՞նց կարող են արժանապատվություն ունենալ. ի՜նչ պետական շահ, ի՜նչ զոհեր (հո իրենց անդաստիարակ թուլեքը չեն մսաղացի բերանը), պետք է գնալ ցանկացած ստորաքարշության батька-ի կոշիկները լիզելու համար։ Այնինչ պետք էր պարզապես չմասնակցել ու վերջ (բոլորն ամեն ինչ գիտեն, ելույթի կարիք չկա, հատկապես, որ այդ ելույթները սրտխառնոց առաջացնելու չափ երկչոտ են ու անարդյունք)։ Ադրբեջանը ԵՏՄ անդամ չլինելով ավելի շատ հարց է լուծում այնտեղ, քան Հայաստանը։ Ժամ առաջ պետք է դուրս գալ ԵՏՄ-ից, ինչքան էլ որ «էշին նստելը մի այիբ լինի, իջնելը՝ երկու այիբ։ Մենք այնտեղ անելիք ու ասելիք չունենք։ Ի դեպ, սա այն ԵՏՄ է, որին անդամակցելու պատճառը, ոչ այնքան տնտեսական էր, քան, իբր, անվտանգության հարց՝ պարտադրված Ռուսաստանից (պետական այրերն այդպես մեկնաբանեցին). թե ինչպես է պահապնվում անվտանգությունը, մի քանի օր առաջ տեսանք. մեր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի զենքով Ադրբեջանը ավիրեց մեր բնակավաայրերը, սպանեց մեր երեխաներին, ծերերին, զինվորականներին։ Վասալների միջոցով Հայաստանը ցանկանում են վերացնել։ Դա անհնար է, Հայաստանը միշտ էլ կլինի, ուղղակի նաև դրանց երեսից շատ ծանր գին ենք վճարում... Էդ նիստերին վազելու փոխարեն պատասխան տվեք, թե ինչո՞ւ այնպես չէր արված ամեն ինչ, որ խուսափեինք այդքան զոհ ունենալուց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր