ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Եթե մեծ պատերազմ սկսվի, կառավարությունն ու օլիգարխները կփախչեն, կմնա խեղճ ժողովորդը». արձագանքներ` պատերազմի վերսկսման հավանականության մասին
18.04.2016

Հանրությանը մտահոգող գլխավոր հարցը շարունակում է մնալ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությունը: Ոմանք կարծում են, որ հրադադարը կշարունակվի, շատերն էլ ճիշտ են համարում այս ընթացքում ժամանակ չկորցնելն ու համապատասխան տեխնիկայով զինվելը: Հաշվի առնելով, որ սահմանային լարվածությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում է, ոմանք հակված են մտածելու, որ ռազմական գործողությունների վերսկսումն ամեն րոպե բացառված չէ:

Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Դժվար է կանխատեսել, այս պահին հակառակորդի զորքը զինված կանգնած է, նույնիսկ հրապարակվեց, որ հակառակորդի զորքի շարժը նկատվում է, բայց որևէ բան չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի:

Արմեն Ռուստամյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար

Հայկական կողմը պետք է միշտ էլ հաշվի առնի լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, քանի որ ունենք մի որակի թշնամի, որը նույնն է իր տեսակով, և միշտ պետք է պատրաստ լինենք նոր ավանտյուրաների:


Այսօր լայնամասշտաբ պատերազմի հավանականություն կա, որովհետև Ադրբեջանը չի ուզում տեղավորվել միջազգային նորմերի մեջ: Սահմանային լարվածությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում է, հետևաբար չպետք է բացառել ռազմական գործողությունների վերսկսումը:

Մհեր Շահգելդյան, ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար

Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը չի բացառվում: Ադրբեջանի նպատակը բլից-կրիգը և ռեսուրսների պայքարն էր: Այս փուլում մեծ պատերազմը մի շարք երկրների համար շահեկան չէ: Նկատենք, որ ռազմատենչ հայտարարություններ արել է միայն Թուրքիան: Եթե Ադրբեջանին հայկական կողմը համապատասխան ուժեղ հարված չտար, ապա վստահեցնում եմ՝ մենք արդեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ կլինեինք: Բայց պետք չէ նման սցենար բացառել, սակայն կրկնում եմ, որ այս փուլում մեծ խաղացողների համար լայնամասշտաբ պատերազմը ձեռնտու չէ:

Մովսես Հակոբյան, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Չի բացառվում, որ հակառակորդը պլանավորել է որոշակի գործողություններ իրականացնել, սակայն նրանց բոլոր շարժերը մեր հետախուզության վերահսկողության տակ են:

Հակոբ Ղազանչյան, ռեժիսոր

Կարծում եմ՝ հրադադարը կշարունակվի: Ավելի քան համոզված եմ` այս օրերին դրանք հասկացել են, որ մենք մեր վերջին օրերի բացթողումներն անպայման վերլուծել ենք: Նրանք արդեն հասկացել են, որ բլից-կրիգով նմանօրինակ հարցեր լուծելը, մեղմ ասած, իրենք խելքի բանը չէ: Լայնամասշտաբ պատերազմի դեպքում էլ հաղթանակի պատրանքներ ունենալու շանս իրենք չունեն, որովհետև մենք իրենց արդեն մեր մեսիջները հասցրել ենք, թե այնուամենայնիվ ինչպիսի հրթիռներ ունենք մենք, որի գործի դնելու դեպքում նրանք ուղղակի ոտքերի տակից կկորցնեն իրենց հողը՝ բառի ամենաուղիղ իմաստով:

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի, ռեժիսոր

Պատերազմը երբեք չի դադարել, որ վերսկսվի: Մենք պատերազմի մեջ ենք քսանհինգ տարուց ավելի: Մեր տունը պիտի մաքրենք, մաքուր պահենք, երիտասարդ նահատակների ոգուց ենք խոսում, մեր վախկոտ, ծառա, կամակատար ղեկավարությանը պիտի հեռացնենք, ոգով արի մարդկանց հետ միասին ազգովի մեր երկիրը կառուցենք, որքան էլ որ դժվար լինի: Անհնարին ոչինչ չկա:

Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր

Ցավոք, չի կարող չվերսկսվել: Վախենալով եմ ասում, բայց բավականին շուտ եմ կանխատեսում այդ վերսկսումը: Շատ եմ վախենում, որ ապրիլի 24-ի օրերին նորից սկսեն: Մենք պետք է պատրաստ լինենք: Հիմա մեր մեծահարուստները որ կարողանան ինչ որ գումարներ հատկացնեն, զենք ձեռք բերեն, երբ որ մեր սփյուռքն աշխատի դրա վրա, ոչ թե գնան պլակատները բացեն դեսպանատների առաջ կանգնեն, դրանք դատարկ բաներ են:
Մեր յուրաքանչյուր հարուստի գումարը գերազանցում է Հայաստանի մի տարվա բյուջեի գումարին: Պետք է սփյուռքում ապրող հարուստներն էլ, մենք էլ գիտակցենք, որ կարող ենք երկիր կորցնել, համախմբվենք ու զենք ձեռք բերենք, այլապես ոչինչ չենք կարող անել:
Եթե վաղն Աստված չանի լայնածավալ պատերազմ սկսվեց, էս մեր թեʹ օլիգարխները, թեʹ հարուստները, և թեʹ կառավարությունը, որն արդեն տներ ունի ֆրանսիաներում, ու կղզիներ` Իսպանիաներում, կթողնի կփախչի և կմնա խեղճ ժողովուրդը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր