ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Լևոնը բանտում ավելի շատ գործ էր անում Արցախի համար, քան շատերը ազատության մեջ». հանրության արձագանքը` Լևոն Հայրապետյանի ազատազրկմանը
21.04.2016

Հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման դատապարտելը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Երևանում անցկացվեց բողոքի ակցիա` «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով: Լևոն Հայրապետյանին օգնելու նպատակով սկսվեց նաև ստորագրահավաք, որին միացան բազմաթիվ հայեր սփյուռքից ու Արցախից: Արցախցիների անունից նաև բաց նամակ տարածվեց, որը լայն քննարկում ստացավ համացանցում: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ևս միացավ ծանր հիվանդ Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված բաց նամակին, որի տակ ավելի քան 50 հազար մարդ է ստորագրել:

Դավիթ Բաբայան, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ

Լևոն Հայրապետյանն իրոք շատ հարգված անձնավորություն է Արցախում: Նա ևʹ բարեգործական, ևʹ ներդրումային մեծ գործեր է կատարել այստեղ և իհարկե վայելում է հարգանք: Կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ պետք է լինի և նա դուրս կգա ու կլինի ազատության մեջ:


Ինչ վերաբերում է քայլերին, ապա պետք է շատ լավ ուսումնասիրենք խնդիրը: Սակայն այն երևույթը, որ մենք որևէ քայլի դեռևս չենք գնում՝ չի նշանակում, որ մենք անտարբեր ենք տվյալ հարցին, պարզապես պետք է այնքան լավ տիրապետենք ինֆորմացիային, որ տեսնենք, թե ինչ կարող ենք անել, որ ժամանակին արդյունավետ գործենք, այ սա է խնդիրը:


Նրա առողջական վիճակն իրոք լավ չէ՝ վատթարացել է, բայց այդ հարցերով զբաղվում է իր փաստաբանը: Ավելորդ շահարկումն ու քաղաքականացումը, չեմ կարծում, որ գործին օգուտ կբերի: Մենք պետք է շատ հանգամանքներ հաշվի առնենք և այնպես կառուցենք մեր աշխատանքը, որպեսզի նրան վնաս չպատճառենք:

Արթուր Սաֆարյան, ընկերը

Թեպետ հարցը գտնվում է իրավական հարթակում, սակայն ՀՀ ԱԳՆ-ն կարող է միջնորդի դեր ստանձնել, որպեսզի Ռուսաստանի ԱԳՆ-ն ուշադրություն դարձնի այս հարցին:


Այդ ձերբակալության հիմքում առկա են քաղաքական դրդապատճառներ: Ժամանակին նա խիստ քննադատել էր թե´ երկրորդ, և թե´ գործող նախագահներին` մատնանշելով վերջինների կողմից իրականացված ալան-թալանը: Դա նշանակում է, որ հետապնդումները նաև ՀՀ իշխանությունների կողմից են տեղի ունենում:


Բանը նրանում է, որ հենց ՌԴ-ի օրենքով է արգելված նման հիվանդությունների խումբ ունեցող մարդուն ազատազրկման այսպիսի ձևով պատժել…: Ինչի համար որ մեղադրում են Հայրապետյանին, նա բացարձակ կապ չունի, քանի որ նույնիսկ դատարանում ապացուցվեց, որ նա կապ չունի այդ մեղադրանքների հետ, բայց քանի որ դատավորը հրահանգ էր կատարում, ուստի նման որոշում կայացվեց:

Դավիթ Սանասարյան, Երևանի ավագանու անդամ

Մեր ռազմավարական հակառակորդ Ռուսաստանը որոշում կայացրեց ու 4 տարվա ազատազրկում սահմանեց Արցախը զարգացնող, ծաղկացնող գործարար Լևոն Հայրապետյանին, ում արածների մասին լավ գիտեք:


Հայրապետյանը բացի նրանից, որ տնտեսական լուրջ ներդրումներ էր անում Արցախում, բացի նրանից, որ ներդրումային ֆանտաստիկ ծրագրեր ուներ, որոնք մնացին անավարտ, նաև պլաններ ուներ աշխարհասփյուռ հայ վետերան զինվորականներին համախմբել, զինել, կրթել իր իսկ հիմնած ռազմական դպրոցում և պատրաստել հետագա ռազմական գործողություններին:
Լոլոներ չկարդաք, թե Հայրապետյանը քրեական հանցագործ է, ինչպես նախկինում ասել եմ, հիմա էլ կասեմ` նա քաղաքական բանտարկյալ է:

«Ժառանգություն» կուսակցություն

Նրա անազատության մեջ գտնվելը՝ ելնելով առողջական վիճակից, հակասում է ինչպես Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավական նորմերին: Այս հանգամանքը, ինչպես նաև վերջին տարիներին Հայրապետյանի ծավալած հանրային գործունեությունը՝ կապված հայկական երկու պետությունների ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների հետ, հիմք են տալիս եզրակացնելու, որ մի քանի օր առաջ նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքն ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ, որն իր հերթին դիտարկում ենք որպես Արցախի կայացմանը խոչընդոտող լրջագույն հարված:


Դատապարտելով հայտնի բարերարի ճակատագրի հանդեպ ՀՀ դե ֆակտո իշխանությունների քար լռությունը, որը ևս մեկ անգամ փաստում է նրանց անգործունակությունը և ՀՀ քաղաքացու նկատմամբ անտարբեր, քամահրական վերաբերմունքը, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց բողոքի ու ցասումի ձայնը բարձրացնել Լևոն Հայրապետյանի հանդեպ կիրառվող հակաիրավական, անմարդկային գործողությունների առնչությամբ եւ անել հնարավոր ամեն բան՝ օր առաջ նրան ազատություն վերադարձնելու համար: Դա բոլորիս պատվի ու արժանապատվության հարցն է:

Անահիտ Բախշյան, «Բարև Երևան» խմբակցության անդամ
Մի քանի տարի առաջ Լևոն Հայրապետյանը հայտարարեց՝ էս ինչ եք անում մեր երկրի հետ, իշխանություններն էլ ասացին՝ տես Լևոն, թե ինչ ենք անում: Սակայն, ասեմ, որ դա նրանց չի հաջողվելու, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք նրա խափանման միջոցը փոխելուն: Ես համոզված եմ, որ Լևոն Հայրապետյանին Ռուսաստանի իշխանությունը փակում է բանտում, որպեսզի թուլացնի Արցախի պաշտպանությունը: Լևոնը բանտում ավելի շատ գործ էր անում Արցախի համար, քան շատերը ազատության մեջ: Այսօրվա ակցիան մեր հասարակությանը սթափեցնելու կոչ է եւ գնալու ենք ՌԴ դեսպանատուն ասելու՝ Ռուսաստան կարճ ասա դու մեր դաշնակիցը չես:
Հայկազ Մակարյան, իրավաբան
Նրա ազատազրկումը նաև ինչ-որ կապ ունի Հայաստանի իշխանություների հետ, որովհետև բարերարն իր ելույթներում միշտ անդրադառնում էր Հայաստանում տիրող վատ վիճակին: Լևոն Հայրապետյանը միշտ օգնում է Արցախին և կարծում եմ, որ սա կապ ունի նաև Ռուսաստանի ադրբեջանամետ ուժերի հետ, որոնք կասեցրին նրա առաջխաղացումը դեպի Արցախ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր