ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Քոսոտ պետություններ չեն լինում, լինում են քոսոտ մարդիկ». կարծիքներ` Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության մասին
10.05.2016

«Հիմա ենթադրենք՝ մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:


ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի` օրերս արած այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Համացանցը ողողվել է նրա հասցեին արված քննադատություններով: Մշակույթի գործիչները կարծում են, որ նա սեփական անզորությունը փորձել է տեղափոխել պետության վրա: Շատերի կարծիքով` ԳԱԱ-ն որպես կառույց վաղուց իրեն սպառել է, իսկ աշխատողները պարզապես փորձում են երկարացնել կյանքն այդ կառույցում:

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր

Քոսոտ պետություններ չեն լինում, լինում են քոսոտ մարդիկ, որոնք սեփական քոսոտությունը տեղափոխում են պետության վրա:


Սա ժողովրդի հանդեպ թերարժեքության կոմպլեքս է, որովհետև երկիրը աբստրակտ հասկացողություն չէ, երկիրը ստեղծում է ժողովուրդը: Եթե դու երկրիդ հանդեպ թերարժեքություն ունես, սեփական ժողովրդի հանդեպ թերահավատություն ունես, քո բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները հայ ազգի առաքելության ու պատմության մասին բացարձակապես որևէ գրոշի արժեք չունեն:


Մեր երկրում բազմաթիվ կառույցներ կրում են որոշակի անուններ, բայց չունեն այդ բովանդակությունը: Օրինակ` դատական համակարգ, արդյոք իրականացնում է արդարադատություն, կամ ոստիկանություն...Նույնն էլ ԳԱԱ-ն է, շենքը կա, ինստիտուտները կան, պրեզիդենտ կա, բովանդակությունը` չկա: Մենք տեսնում ենք մի ծերակույտ, որը պարզապես զբաղված է նրանով, որպեսզի երկարաձգի սեփական կյանքն այդ պաշտոնում:

Արմեն Մարտիրոսյան, «Անտարես» հոլդինգի տնօրեն

Հայաստանը քոսոտ են անվանում, ճիշտ են անում։ Մենք ենք մեղավոր։ 1998-ին թույլ տվեցինք, որ Արարատյան ու Ղարաբաղյան կլանները (խնդրում եմ հատուկ չշփոթել արարատցիների և ղարաբաղցիների հետ, ես միայն, իմ կարծիքով, հանցագործների մասին եմ խոսում) մեր պետության լծակները վերցնեն իրենց ձեռքը ու էլ հետ չտան։ Մենք չկանգնեցինք մեր նախագահի կողքին, հոգևոր լույսը փոխարինելով էլեկտրականով։ Հիմա, որ Հայաստանն էլ քոսոտ չլինի, պիտի էդ քոսից ազատվի։ Պիտի սովետա-ադրբեջանական քոսից ազատվենք։ Դա կոռուպցիան է, ոչ լեգիտիմ իշխանությունը, հակադեմոկրատական և հակալիբերալ օրենսդրությունը։ Հա, մեկ էլ անկապ փող ստացող ակադեմիկոսները ու ոչ դիվանագետ դեսպանները։


1.Պահանջում եմ լուծարել ՀՀ գիտությունների ակադեմիան, հանձնել գույքը և ծրագրերը համալսարաններին։ Շենքերը վաճառել։
2. Բոլոր ոչ պրոֆեսիոնալ «դիվանա» գետներին հետ կանչել և փոխարինել մասնագետներով։

Կիմա Եղիազարյան, լրագրող

Երկիրը «քոսոտ» չէ, հարգելի՛ «հայրենասերներ», որ ձեր շապիկն եք հիմա պատառոտում ու վիրտուալ կարգով «դնգստում» ակադեմիկոսին: Երկրում իրականացված և իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունն է քոսոտ, ինչի հետևանքով այսօր միջազգային հանրությունը, գերտերությունները Հայաստանը որպես պետություն լուրջ չեն ընդունում: Դրա պատճառը փնտրեք Բաղրամյան 26-ում, որտեղ նստած անձի կողմից արտաքին քաղաքական ասպարեզում դրսևորած «նախաձեռնողականությունը», կայացրած անհասկանալի որոշումներն ու իրականացրած քայլերը բովանդակային առումով «քոսոտ» համարվեցին: Այնքան «քոսոտ», որ հիմա ոչ Եվրոպան է հավատում և լուրջ ընդունում մեր պետությանը, և ոչ էլ Ռուսաստանը:


Նորությո՞ւն է, որ մեծ տերություններն այսպես երկիր պահող ղեկավարի գործունեությունը գնահատում են «քոսոտ», որը տարիներ վատնեց արտաքին քաղաքական կողմնորոշում որդեգրելու վրա՝ մի բևեռից թռչելով մյուս բևեռը (Նալբանդյանի թշիկները քաշքշելու բարոյական վնասը ամենաչնչինն էր):

Արսեն Խառատյան, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ

Ծնունդով Մադաղիսցի Ռադիկ Մարտիրոսյանի անվան այս դպրոցը Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել և ապա ապրիլյան հրետակոծություններից էապես տուժել էր։ Մեր երկիրը չխմազ պետություն որակող ու զենք արտադրելու իրավունքն ուրիշների որոշելիքը համարող, սովետի զենքարտադրության հայաստանյան դետալներում ներգրավված, գուցե իր իսկ աջակցությամբ արտադրված զենքից հիմա իր անվան դպրոցն են խոցում։ Եթե շարունակենք էսպես «մտածողների» անունով կրթօջախներ հիմնել, այն էլ համահայկական աջակցությամբ, հիմքից անախրոնիզմ ու ստրկամտություն քարոզել մեր զավակներին, կորցնելու ենք ամենակարևորը՝ մտածող տեսակը...

Հակոբ Բադալյան, մեկնաբան

Որքան էլ տարօրինակ չհնչի, Ռադիկ Մարտիրոսյանն իրավացի է, առնվազն այն մասով, որ Հայաստանն այժմ այն պետությունը չէ, որն ունակ է զարգացնել ռազմարդյունաբերություն և զբաղեցնել իր տեղը միջազգային ասպարեզում: Օրինակ, Հայաստանը դրան ունակ չէ թեկուզ այն պարզ պատճառով, որ ամեն մի «քոսոտ» գործիչ կարող է բարձր պաշտոններ զբաղեցնել գիտության ասպարեզում: Եվ ընդհանրապես, ներկայում որպես պետություն Հայաստանի որակներն այնպիսին են, որ արդիական ռազմարդյունաբերության մասին երազելն անգամ կլինի խաբկանք:

Թորոս Ալեքսանյան, օգտատեր

Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարել է, ի լուր աշխարհի, որ Հայաստանը քոսոտ պետություն է: Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսահպատակ կեղտը, որը որ մեր երկրում բարձր պաշտոն է զբաղեցնում, անթաքույց հայտարարում է իր ատելությունն ու անհարգանքը մեր պետականության նկատմամբ: Նախկինում այսպիսի ստահակներին գամում էին անարգանքի սյանը և անցնող- դարձող թքում էր նրանց վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր