ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Թե ո՞վ է Ժիրայր Սեֆիլյանը, գիտեր նաև Շամիլ Բասաևը, ով ասում էր, որ եթե Ժիրայրի նման 20 զինվոր ունենար, ողջ Ռուսաստանը կգրավեր». կարծիքներ` Սեֆիլյանի հայտարարության վերաբերյալ
13.05.2016

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ` բացահայտելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը Թալիշի հատվածում կորցրել է ավելի քան 7 միլիոն քառակուսի մետր տարածք: Ժիրայր Սեֆիլյանի այս հայտարարությանն ի պատասխան` ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հակադարձել էր, որ նման բան պարզապես չի կարող լինել:

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Մի փոքր տարօրինակ չէ՞, որ մենք միշտ դժգոհում ենք տեղեկությունը հասարակությունից թաքցնելու համար, իսկ հետո՝ տեղեկությունը հասարակությանը ներկայացնելու համար: Որոշ տեղեկություն հասարակությանը հայտնելու համար Ժիրայր Սեֆիլյանին համարյա դավաճան ներկայացնելու փորձերն արդյոք չե՞ն խրախուսում իրականությունը կոծկելու իրավունքը: Մի՞թե մարդը ռազմական գաղտնիք է հրապարակել, և եթե այո՝ ո՞ւմ գաղտնիքն է դա և ո՞ւմ համար է գաղտնիք: Հայաստանի բնակչության մեջ խուճապ չառաջացնելու նպատակո՞վ է գաղտնի պահվում: Հայաստանի հասարակությունն արդեն ապացուցել է, որ ճշմարտությունը միայն մոբիլիզացնում է հանրային կամքը, իսկ սուտը, կեղծիքը կամ կիսաճշմարտությունը լայն դուռ է բացում առասպելների ու շահարկումների առաջ:

Դավիթ Սանասարյան, Երևանի ավագանու անդամ

Լավ չեմ հասկանում, երբ խոսքը գնում է ձեր ասֆալտի գեներալների ու ֆիդայինների մասին, աջ ու ձախ տարածում եք, որ մի կպեք, ժամանակին մեր համար կռվել են, բա հիմա հարց եմ տալիս, Ժիրայրի արածի քանի՞ տոկոսն են դրանք արել:


Չեմ հասկանում, եթե մարդը քննադատում է, ուրեմն պետք ա մարդուն դավաճա՞ն հանեք, անգամ եթե սխալ բան է ասում, ոչ ոք ձեզ էդ իրավունքը չի տալիս հերոս մարդուն նման որակում տաք:


Թե թափ ունեք երկիրը թալանողներին դավաճան ասեք, էս մարդն իրա ողջ կյանքում պայքարել է Հայաստանի ու Արցախի համար, և մարտի դաշտում, և պայքարի հրապարակներում...


Հեչ պարտադիր չի, որ համաձայն լինեք իրա պայքարի հետ, բայց երբ դուք բարուրի մեջ էիք, կամ փոքր երեխա, ձեր երկնքի խաղաղությունն էր ապահովում...

Արա Պապյան, իրավաբան, պատմաբան

Ինչի՞ եք իրար խառնվել, երբ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ հյուսիս-արևելքում կորցրել ենք 7 մլն. քառ. մետր տարածք: Մետրերով է ասել, քանզի իշխանություններն էին ընտրել չափի այդ միավորը և հայտարարել, որ մենք միայն մի քանի հարյուր քառակուսի մետր ենք կորցրել: Այստեղ պիտի քննարկվի միայն մի հարց՝ ասածը ճշմարիտ է, թե ոչ: Եթե՝ ոչ, ուրեմն պիտի պատասխանատու լինի ստի համար, եթե՝ այո, ապա ո՞վ է մեղավոր դրա համար:


Հասարակության համար չկա ավելի մեծ սպեղանի, քան ճշմարտությունը: Երբեմն դառը, անցանկալի, բայց կենարար ճշմարտությունը:

Թաթուլ Հակոբյան, լրագրող

Երբ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ին խոսում էր Արցախում 18 զոհի և 35 վիրավորի մասին, շատերը չհավատացին: Ես էլ չհավատացի: Սարգսյանի ելույթից որոշ ժամանակ անց Ստեփանակերտում ունեի տեղեկություն, որ հայկական կողմի կորուստները՝ զինվորական, քաղաքացիական, 104 է: Այդ տեղեկությունը, համոզված էի, որ ճշմարտությունն է կամ՝ շատ մոտ է ճշմարտությանը: Սակայն դրա մասին չգրեցի ոչ իմ հոդվածներում, ոչ «ՍիվիլՆեթ»-ով հեռարձակված ռեպորտաժներում, ոչ էլ հարցազրույցներում:
Կամուկացի ու ինքս իմ հետ կռվի մեջ էի:
Ապրիլյան պատերազմի օրերին Արցախյան կողմը ունեցավ նաև տարածքային կորուստներ: Քանի որ իշխանություննրը շարունակում են ոչ ամբողջական պատկերը ներկայացնել, իսկ ընդդիմությունը կամ իշխանությունների հանդեպ հավատը կորցրած մարդիկ (Հայաստանի բնակչության մեծամասնությունը) չեն վստահում և հաճախ ուռճացնում են, որոշեցի տալ այն տեղեկատվությունը, որ ես ունեմ տարածքային կամ դիրքային կորուստների մասին:


Այդ տեղեկատվությունը ունեցել եմ ապրիլյան պատերազմի օրերին, սակայն ամբողջական չեմ ներկայացրել՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ անվտանգությունը:


Հարավային ուղղությամբ (Արա լեռ-Ղազախլար)՝ Լելե թեփե բարձունքի շրջանում, Արցախյան բանակը կորցրել է 7 ռազմական հենակետ: Ես հատուկ չեմ նշում կորցրած տարածքի երկարությունն ու խորքը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:


Միայն կարող եմ ասել, որ դա մեծ տարածք չէ: Դա կազմում է Ֆիզուլու շրջանի տարածքի հազարերորդական մասերից մեկը: Ընդամենը: Գուցե այդ բարձունքը, որի վրա ծածանվում է ադրբեջանական դրոշակը, կարևոր է, բայց այդ տարածքը և բարձունքը հետ բերելու համար արգելված է անգամ մեկ զոհը: Սա ի՛մ ընկալումն է:


Հյուսիսային ուղղությամբ (Մատաղիս/Թալիշ-Թափ Կարակոյունլու), Արցախյան բանակը ապրիլ 1-2-ի գիշերը կորցրեց տասնյակ ռազմական հենակետեր, իսկ առաջին գիծը, ինչպես հարավային ուղղությամբ, գրավվեց հակառակորդի կողմից:


Հայ զինվորները՝ 18-20 տարեկան տղաները, սպաները՝ գլուխ խոնարհեք ընկածների ու ողջերի առաջ, կարողացան հետ գրավել այդ հենակետերի մեծ մասը՝ կռվելով մինչև վերջին փամփուշտը, պայթեցնելով վերջին նռնակը:


Իմ տեղեկություններով՝ հյուսիսային ուղղությամբ, այսօրվա դրությամբ մենք ունենք 14 ռազմական հենակետ, որոնք մինչև ապրիլ 1-2-ի հայկական ուժերի ձեռքում էր: Այս դեպքում էլ՝ հատուկ չեմ նշում կորցրած տարածքի երկարությունն ու խորքը, կրկին ելնելով անվտանգության նկատառումներից:

Վարուժան Ավետիսյան, «Նոր Հայաստան» շարժման փոխնախագահ

Արծրուն Հովհաննիսյանին հորդորում եմ զերծ մնալ Գալուստ Սահակյանի ոճից և գրավյալ տարածքի խորությունը դրա մակերեսի փոխարեն ներկայացնելու միջոցով մարդկանց մոլորեցնելու փորձեր չանել:


Ժիրայր Սէֆիլյանն ասել է, որ մենք կորցրել ենք ավելի քան 7 միլիոն քառակուսի մետր տարածք: Իր խոսքն ավելի հասկանալի դարձնելու համար Ժիրայր Սէֆիլյանը պարզաբանել է, որ դա հավասար է 7 քառակուսի կիլոմետրի: Իմ կողմից ավելացնեմ, որ հեկտարներով չափելու դեպքում նույն տարածքը հավասար կլինի 700 հեկտարի: 4-րդ դասարանի թվաբանության դասագրքում չափերի ու քանակների հարաբերակցությունները բերված են շատ ավելի մանրամասն, ցանկության դեպքում կարելի է վերհիշել:
Կորցրած տարածքն իր ձևով նման է անկանոն սեպի, որը ճակատի մասով ձգվում է ավելի քան 5 կիլոմետր, իսկ խորությամբ՝ մինչև 2 կիլոմետր:
Արծրուն Հովհաննիսյանի նշած 3-4 կիլոմետրը վերաբերվում է հենց այդ խորությանը, որից 2 կիլոմետրը, ինչպես նշեցի, հակառակորդը գրավել է: Այդ պատճառով էլ Թալիշը զգալի չափով հայտնվել է ուղիղ նշանառության տակ:

Արթուր Եղիազարյան, ռազմական փորձագետ

Անկեղծ՝ ափսոսում եմ Ժիրայր Սեֆիլյանին: Իսկ ավելի շատ՝ ցավ եմ զգում, որ 90-ականների՝ նախկին դաշնակցական Ժիրոյի ու ՀՅԴ որոշումով իր կողմից ղեկավարվող Շուշիի առանձնակ գումարտակի անունը լսելիս՝ թուրքերը դողում էին, իսկ հիմա՝ քիչ է մնում նրան իրենց հերոսը հռչակեն:


Ու ինչի՞ համար: Միայն նրա, որ հակաիշխանական տենդը մարդուն սխալ ուղի է մղում: Նման իրավիճակում ամեն ինչ միակողմանի է տեսնում մարդը, տեսնում է այն, ինչն ուզում է տեսնել՝ առանց հաշվի առնելու որևէ այլ օբյեկտիվ կողմ ու իրականություն: Առավել ևս, երբ շրջապատվում է «արջի ծառայություններ» մատուցողներով:

Նանոր Սեֆիլյան, Ժիրայր Սեֆիլյանի կինը

Թե ո՞վ է Ժիրայր Սեֆիլյանը, գիտի աշխարհասփյուռ հայությունը: Ժիրայր ՍեՖիլյանն այն մարդն է, որի միայն մեկ կոչով պատրաստ է Հայաստան վերադառնալ իր քաղաքացիական պարտքը գիտակցող հայը: Թե ո՞վ է Ժիրայր Սեֆիլյանը, գիտեր նաև Շամիլ Բասաևը, որն իր իսկ խոստովանությամբ ասում էր, որ եթե Ժիրայրի նման 20 զինվոր ունենար, ողջ Ռուսաստանը կգրավեր:

Նարեկ Վարազդատյան, «Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն

Մի՛ ուրացեք Ժիրոյի անցած մարտական ուղղին...
Ժիրայր Սեֆիլյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հնչեցվել, թե մենք կորցրել ենք 7.000.000 քառակուսի մետր տարածք: Այս կապակցությամբ ֆեյսբուքահայության մոտ սկսվեց հնչել հարսանեկան ուրախությամբ պարուրված դհոլ - զուռնան:


Մարդն իրավունք ունի այդ թվերը ներկայացնելու թե՛ մետրերով, թե՛ կիլոմետրերով, թե՛ սանտիմետրերով: Բավ է ձեր անձնական կարծիքը փորձեք շաղկապել Սեֆիլյանի կարծիքի հետ: Հազար մարդ, հազար կարծիք:
Էլ գրել էին, թե ով է Սեֆիլյանը, որ իր ասածը հաշվի առնենք, էլ գրել էին, թե Սեֆիլյանը հասավ իր ուզածին և դարձավ հաքքին ազի հերոս: Թարգեք հայեր, նողկալի է...
Նախ ասեմ, թե ով է Սեֆիլյանը.
Էն, որ կռվի տարիներին ձեր մամաները ձեր պապաներին քցում էին դիվանի տակ ու նստում վրեն, որ հանկարծ թաղայինները չգտնեին ու չտանեին պատերազմ, այդ ժամանակ Սեֆիլյանն իր կամքով էր կռվում, ու ասեմ ավելին, 3 անգամ էլ ծանր վիրավորվել է:
Ինչ վերաբերում է Հաքքին ազին, ապա մի մոռացեք, որ Սերժն էլ, Սեյրանն էլ և Հերմինե նաղդալյանները նույնպես հայտնվել են այդ կայքում, բա ինչի՞ վերոհիշյալներին դավաճան չեք անվանում:
Բա լավ, այն որ Սեյրանի խոսնակ Արծրունն ասում էր` չծառայածներին աղջիկ չտաք, մեկդ չկար ասեր, բա այ Արծրուն ջան, ախր շեֆդ չծառայածներին մեդալ է տալիս, բա ո՞նց հասկանանք:
Մի քիչ ադեկվատ եղեք հայեր, սիրուն չի...
Մարդկանց տեսակ կա, որ դիմացինի խոսքը ոնց ցանկանում, այդպես էլ հասկանում է, և իրեն չի էլ հուզում նույնիսկ, թե դիմացինն ինչ ի նկատի ուներ...

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր