ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը. քաղաքական գործիչների արձագանքը
03.06.2016

Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևին արագ արձագանքել են տարբեր երկրների քաղաքական գործիչներ։ Բունդեսթագի բանաձևը սոցիալական ցանցերում ևս բավականին մեծ աղմուկ է բարձրացրել:


Հիշեցնենք, որ Բունդեսթագը 1915 թվականին հայերի հանդեպ հանցագործությունները ճանաչեց որպես ցեղասպանություն: Դեմ է քվեարկել 1, ձեռնպահ մնացել 1 պատգամավոր:

Էդվարդ‪ Նալբանդյան, ՀՀ ԱԳ նախարար‬

Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում։
Եթե մինչ այսօր Գերմանիան և Ավստրիան՝ որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինն, ապա Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։
Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը։

Արամ Ա կաթողիկոս

Բանաձևի ընդունումը` մարդու իրավունքների նկատմամբ Գերմանիային հանձնառության պերճախոս վկայություն է, ինչպես նաև աշխարհին ուղղված պատգամ, որը հիշեցնում է անցյալին մոտենալ պատասխանատու կերպով:

Թևան Պողոսյան, ԱԺ պատգամավոր

Հայկական կողմը պետք է իմանա, թե այդ բանաձևն ինչպես օգտագործի՝ հայկական շահերն առաջ տանելու առումով: Պետք է կարողանանք գիտակցել, որ եթե մենք նախաձեռնողը չլինենք այդ բանաձևի ճիշտ կիրառման հարցում, ուրիշները կարող են օգտվել այդ գործիքից:


Հայ-գերմանական հարաբերություններում հերթական մի դրական էջ բացվեց, սակայն պետք է զգուշանալ, որ դա չունենա այլ հետևանքներ, և Գերմանիան պահանջներ չներկայացնի հայկական կողմին: Գլխավոր խնդիրն այն է, որ Թուրքիան գա այն ճնշման աստիճանի, որ գիտակցի ժխտելն ավելի թանկ է իր համար նստում, քան ընդունելը:

Էդուարդ Շարմազանով, Ազգային ժողովի փոխնախագահ

Առաջինը՝ շատ կարևոր է միջազգային դատապարտման ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակիցը Առաջին աշխարհամարտում դատապարտում է այս ցեղասպանությունը՝ թե՛ վերնագրում և թե՛ բանաձևի տեքստի մեջ հստակ ամրագրելով ցեղասպանություն եզրույթը, և, փաստորեն, Թուրքիան այս պայքարում մնում է միայնակ։ Կարևոր է Գերմանիայի ճանաչումը նաև այն առումով, որ Թուրքիայի դաշնակիցն Առաջին աշխարհամարտում ընդունում է նաև իր մեղսակցությունը, և այս իմաստով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է և դժվար է թերագնահատել:

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը շատ թույլ փաստաթուղթ է, որտեղ կան սխալ ձևակերպումներ և որտեղ «Ցեղասպանություն» բառը հիշատակվում է միայն վերնագրում և տեքստի այն հատվածում, որտեղ խոսք կա այլ ցեղասպանությունների մասին և ոչ թե առանձին Հայոց ցեղասպանություն անունով:
Իրականում պետք է հասկանալ, որ լավ է, որ ինչ-որ բան ընդունվել է, բայց նախագիծը, կարելի է ասել, անարդարություններ պարունակող նախագիծ էր:
Թեև բանաձևի ընդունումը զրո կետից տեղաշարժ է, բայց չգիտենք, արդյո՞ք նման առաջընթացով պետք է ուրախանալ կամ ընդհանրապես համարել դա առաջընթաց՝ հաշվի առնելով, որ բանաձևում պատասխանատվություն չի դրվում Թուրքիայի վրա, կոչ չի արվում, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, և առանցքային հարցերը սխալ են ներկայացված կամ ընդհանրապես ներկայացված չեն:

Աշոտ Ոսկանյան, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Այս գործընթացը վաղուց էր ընթանում, և խնդիրը հասունացել էր երկու առումով. առաջին՝ Գերմանիայի ներսում այդ մթնոլորտը կար, որ իրենք այդ պատասխանատվությունը կրում են, և վաղ թե ուշ պետք է այդ «այո»-ն ասեին: Մենք երբեմն շատ ցինիկ ենք դիտարկում օտարներին, բայց իրենք միշտ չէ, որ ցինիկ են, այսինքն՝ իրենց մոտ դա անելու բարոյական զգացողությունը կար: Նրանք մինչ այս դա չէին արել, որովհետև պրագմատիկ են և չէին ցանկանում իրենց հարաբերությունները սրել Թուրքիայի հետ: Երկրորդ՝ այժմ հասունացան և այլ մակարդակի հասան թուրք-գերմանական հարաբերությունները:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն

Գերմանիայում, որտեղ շատ ոլորտներում իրենց ազատությունները հանգիստ կարողանում են օգտագործել, 1915 թվականի դեպքերի առումով ճնշող մթնոլորտ է։ Փոխանակ փորձեն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, հայերի պատմածից ելնելով երկրում երկար տարիներ աշխատանքներ են տարվում, բազմաթիվ գրքեր, վավերագրություններ ու ֆիլմեր են ներկայացնում գերմանացի հանրությանը՝ ստանձնելով միակողմանի եզրահանգումներ ձևավորելու պարտականությունը:

Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի նախագահ

Բունդեսթագի որոշումը լրջորեն ազդելու է թուրք–գերմանական հարաբերությունների վրա։ Թուրքիա վերադառնալուց հետո կորոշենք մեր քայլերը:

Սամվել Մարտիրոսյան, Մեդիա փորձագետ

Թվիթերում հունիսի 2-ի ընթացքում Armenian Genocide բառերը պարունակող ավելի քան 30 հազար գրառում էր կատարվել և ընդհանուր ակտիվությունն այս թեմայով բանաձևի ընդունումից ժամեր անց շարունակում է մնալ ակտուալ:


Հասկանալի պատճառով, Թուրքիայում թիվ մեկ թեման էր այն: Ըստ Թվիթերի տվյալների, քննարկված թեմաների մեծամասնությունը թուրքական օգտատերերի շրջանակներում հենց Բունդեսթագի բանաձևն էր: Ընդ որում, եթե ապրիլի 24-ին բավականին բարձր էր լսվում ձախ հայացքներ ունեցող Թուրքիայի օգտատերերի ձայնը, որոնք կողմ էին Ցեղասպանության ճանաչմանը, ապա այսօր վիճակը լրիվ այլ էր. բեմում էին միայն ժխտողականները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր