ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Իրանց մեջի գողերին, թալանչիներին ու կաշառակերներին չեն ցանկանում բռնել, ընկել են միջին խավի հետևից». հանրության արձագանքը` սոցփաթեթի կրճատմանը
08.07.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կառավարության նիստում արված հայտարարությունն այն մասին, որ կասեցվում է սոցիալական փաթեթով հանգստի կազմակերպումը, իրարանցում է առաջացրել հասարակության շրջանում: Շատերը կարծում են, որ հարցին կարելի է այլ լուծում տալ և սոցփաթեթի կասեցման փոխարեն` չարաշահումները վերացնելու ուղղությամբ աշխատել:

Մանվել Բադալյան, Քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար

Կասեցումը չի վերաբերում միայն քաղծառայողներին, քանի որ դրանից օգտվում են նաև ուսուցիչները և այլ աշխատողներ: Կան բացեր, որոնց շտկելու համար հիմա ժամանակ է պետք:
Քաղաքացիները քաղծառայողների հետ հանգստի տների հետ կեղծ պայմանավորվածություններ են ձեռք բերել, իրականում չհանգստանալով այնտեղ` ֆինանսական փոխանցումներ են արել այդ հանգստյան տներին: Շատ վատ են արել:

Արտեմ Ասատրյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Այս տարվա համար որևէ փոփոխություն չի լինելու, հանգստի բաղադրիչը գործելու է: Դեռևս խոսք չի գնում պետական ծառայողների սոցփաթեթից հանգստի բաղադրիչը հանելու մասին, 2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով կասեցնելու մասին է խոսքը:
Այս պահի դրությամբ միջնաժամկետ ծախսային ծրագրով 2017-2019 թվականների համար հանգստի բաղադրիչի համար ծախս նախատեսված չէ:

Գևորգ Պետրոսյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար

Այն լավ ծրագիր էր և որոշակի օգնություն էր՝ ուղղված առանց այն էլ ծանր պայմաններում գտնվող քաղծառայողներին։
Այդ գումարը տրվում է քաղծառայողներին որոշակի ուղղություններով, նրանք դա չեն կարողանում ծախսել՝ ըստ հայեցողության, և շատ սխալ ու անհեռատես քայլ է սոցփաթեթը կրճատելը։ Եթե մի երկու պաշտոնատար անձ կատարել են չարաշահումներ, ապա թող նրանց հայտնաբերեն և ենթարկեն պատասխանատվության, ոչ թե սոցփաթեթը կրճատեն։
Սոցփաթեթի կրճատումը միայն կավելացնի ատելությունն իշխանության, նրա իրականացրած քաղաքականության նկատմամբ։

Աշոտ Բլեյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

Երբ որ ժամանակին կառավարությունը սոցիալական փաթեթը ստեղծեց՝ իր բաղադրիչներով, սա կարծես աշխատավարձի փոխհատուցում էր. բացի նրանից, որ մարդու համար օգտակար էր, դա նաև խթան էր առողջապահության, տուրիզմի ոլորտների զարգացմանը:
Վերջին առնվազն հինգ տարիներին մանկավարժների աշխատավարձերը չեն բարձրացել: Լավ կլիներ, եթե հրապարակվեր սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում կոնկրետ չարաշահումների մասին, հասկանալի լիներ, թե ինչու ենք շտապում:
Այս պարագայում պետք է սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչով նախատեսված գումարի չափով ուսուցչի, բյուջետային հաստատության աշխատողի աշխատավարձի բարձրացում կատարվի: Չի կարելի մանկավարժին ստորացնել այս ձևով և ասել՝ դու յոլա գնա, դու ինչ-որ ֆոկուս գիտես՝ ինքդ քեզ և ընտանիքդ արժանապատիվ պահելու:

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Տեսան իրանց պադավատները չեն կարողանում, կամ ավելի ճիշտ չեն ցանկանում կրճատել, իրանց մեջի գողերին, թալանչիներին ու կաշառակերներին չեն ցանկանում բռնել, ընկան էլի միջին խավի հետևից։ Մի լավ բան էին անում սոցփաթեթով՝ դրեցին, էդ էլ ջրեցին։

Մարինե Ղազարյան, օգտատեր

Սա խայտառակություն է.... Չարաշահումներ եք զգացել, լավ եք արել, վերացնելու ուղղությամբ աշխատեք, ոչ թե սաղին զրկեք: Ինչի պտի քաղծառայողը զրկվի հանգստի իրավունքից, ինչա թե պետությունը չի կարողանում պայքարել ոլորտի չարաշահումների դեմ:

Հակոբ Հակոբյան, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Դա ճիշտ որոշում է եղել, չարաշահումների պրոցեսը կանգնեցնելու համար, մինչև որ լուծումները գտնվեն ու վերականգնեն հանգստի բաղադրիչը:
Արդարամիտ որոշումը եղած ռեսուրսների ճիշտ օգտագործումն է, և եթե նման որոշում է կայացրել կառավարությունը, ռեսուրսները ճիշտ օգտագործելու նպատակով, ուրեմն դա արդարամիտ որոշում էր: Արդարությունն այն է, որ փողերը ճիշտ օգտագործվեն, և մարդիկ այդ գումարներն օգտագործեն հանգստի համար, մինչդեռ այդ գումարները հանգստի համար չեն օգտագործվել: Ուրեմն պետք է կասեցնել, մինչև լուծումը գտնեն այնպես, որ այդ գումարները ուղիղ նպատակով ծախսվեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր