ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Արթուր Պետրոսյանի՝ Հայաստանի հավաքականը գլխավորելն ինչ-որ չափով հիշեցնում է Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելը». կարծիքներ՝ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի մասին
19.10.2016

Այսօր հայտնի դարձավ, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նոր մարզիչ է նշանակվել գյումրեցի հայտնի ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը։ Նշանակման շուրջ կարծիքներ են հայտնել մարզասերները, լրագրողները և մարզաշխարհի ներկայացուցիչները։

Մկրտիչ Իսրայելյան. լրագրող

Ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչն է Արթուր Պետրսյանը։ Նա խաղացել է Գյումրու «Շիրակ»-ում, շվեյցարական «Յանգ Բոյզ»-ում, «Ցյուրիխ»-ում, Հայաստանի հավաքականում։ Մարզչական փորձի առումով ևս աղքատ չէ։ Մարզչական փորձը ձեռք է բերել Շվեյցարիայում։ Պետրոսյանը որպես ֆուտբոլիստ վատը չի եղել։ Թե ինչպես կդրսևորի իրեն հավաքականի մարզչի կարգավիճակում՝ ցույց կտա ժամանակը։ Բայց, միևնույնն է, հավաքականը չի վերակենդանանա, եթե ֆեդերեցիայի ղեկավարը չփոխի կազմն, իր քաղաքականությունն ու վերաբերմունքը ֆուտբոլիստների նկատմամբ։

Լևոն Պաչաջյան․ ֆուտբոլիստ
Արթուր Պետրոսյանը հավաքականի մարզիչ... Հավաքականի և առհասարակ հայկական նորագույն պատմության ամենավառ ու տաղանդաշատ նախկին ֆուտբոլիստներից մեկը կգլխավորի մեր հավաքականը։ Արթուրը, եթե հիշում եք, Շալանդի հետ միասին աշխատում էր հավաքականի մարզչական շտաբում և արդեն փորձ է ձեռք բերել՝ հավաքականում աշխատելու համար։ Եվ եթե հաշվի առնենք, որ նա արդեն մի քանի տարի է աշխատում է Ցյուրիխում՝ որպես մարզիչ, և հենց երիտասարդների հետ աշխատելու մեծ փորձ ունի ապա կարելի է ակնկալել, որ հավաքականում նա կարող է թարմություն հաղորդել թիմին։ Համենայնդեպս, սպասենք և հուսանք, որ այս ընտրությունը դրական անրադարձ կունենա դժվար վիճակում գտնվող հավաքականի վրա։ Հաջողություն եմ մաղթում։
Սերգեյ Ջանջոյան․ ՖԱՖ ղեկավար կազմի անդամ

Արթուր Պետրոսյանը հավաքականի նոր մարզիչն է: Արթուրը ներկա իրավիճակում եզակի մնացած լավ քայլերից մեկն էր ֆեդերացիայի համար, քանի որ ընդունելի այլ թեկնածուներ ուղակի չկային (լավ է գոնե Բերեզովսկուն չեն համոզել)...
Արթուրի նշանակումը եղել է ոչ թե մարզչական ունակությունների, անցած մարզչական ճանապարհի այլ ներկա իրավիճակում լարվածությունը թուլացնելու համար.. Արթուրը, լինելով սիրված և շատերի համար լեգենդար ֆուտբոլիստ, արդյո՞ք տեղյակ է ինչի մեջ է մտնում, հասկանու՞մ է, որ ժամանակին հավաքականի համար յուրաքանչյուր խաղում 90 րոպե նվիրվելն ու խփած գնդակները կարող են րոպեական մոռացվել, երբ կսկսվեն պատճառաբանությունները՝ «էս ֆուտբոլիստին սրա համար չենք կանչում մյուսին նրա համար չենք կանչում, Յուրայի հետ բանակցում ենք դեռ և այլն..»։ Վարուժն էլ էր ամենասկզբում մտածում ինչ ուզի, ոնց ուզի)) Մյուս կողմից ավելի մաքրվելու համար կարող է կանաչ լույս լինի մի քանի սև ցուցակում եղած ֆուտբոլիստների համար, բայց դա չի նշանակում, որ խնդիրները կվերջանան դրանով.. Մեկ բաց հարց էլ, եթե ճիշտ եմ հիշում, Արթուրի ծառայություններից հրաժարվեցին, կամ ինքը հրաժարվեց գալ, երբ Շալանդի օգնականն էր, վերջին խաղերին Շալանդը մենակ էր, ինչ մութ պատմություններ տեղի ունեցան այն ժամանակ, այդպես էլ հայտնի չեղավ: Արթուրը խաղաշապիկով միշտ դուխով, պլոճիկով է եղել, հուսով եմ՝ որպես մարզիչ նույն ձև կդրսևորի իրեն։

Արտուշ Մկրտչյան. լրագրող

Արթուր Պետրոսյանն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է։ Վառ խաղացող էր։ Բայց նրա՝ գլխավոր մարզիչ նշանակվելն ինչ-որ չափով հիշեցնում է Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելը։ Այսինքն քայլ՝ ուղղված ստեղծված իրավիճակի լարվածությունը թեթևացնելու վրա։ Սա այն շարքից է, որ գլխավոր մարզչի դիմանկարը թքելու ցանկություն չառաջացնի, ինչպես էր Վարուժան Սուքիասյանի դեպքում։ Ավելի վատ, քան հիմա, չի լինի, բայց առանց գլոբալ փոփոխությունների որևէ զգալի արդյունքի չեմ հավատում։

Ռաֆաել Խալաթյան. լրագրող

Արթուր Պետրոսյանը հայկական ֆուտբոլի լեգենդներից է ու մեծ հարգանք է վայելում թե՛ երկրպագուների, թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մասնագետների շրջանում: Ընդհանուր առմամբ, լուրջ դժգոհություններ չեն նկատվում, և դա մեծ մասամբ կապված է Արթուր Պետրոսյանի` հայկական ֆուտբոլում ունեցած հեղինակության հետ: Մեծ հաշվով, այդ հեղինակությունը ձեռք է բերվել ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում: Բայց որպես մարզիչ էլ Պետրոսյանն աշխատել է հավաքականում` օգնելով Բեռնար Շալանդին: Այն ժամանակ նա չմերժեց առաջարկն ու համաձայնվեց համատեղել աշխատանքը «Ցյուրիխ»-ում և հավաքականում: Վստահ եմ, որ հավաքականում իր աշխատանքի սկզբում Պետրոսյանը կունենա երկրպագուների ու մասնագետների աջակցությունը: Իսկ մնացածն արդեն կախված է իրենից: Առաջնային նպատակ է առանձին ֆուտբոլիստների հետ ճիշտ հարաբերությունների կառուցումը: Խոսքը հիմնականում այն ֆուտբոլիստների մասին է, ովքեր նախորդ տարվա ՀՖՖ նախագահի հայտնի հայտարարությունից հետո այլևս չհրավիրվեցին հավաքական, ինչպես նաև նրանց մասին, ում նախորդ մարզիչը դուրս թողեց հավաքականի կազմից: Այս ուղղությամբ Պետրոսյանը մեծ աշխատանք ունի կատարելու, ու այստեղ նաև որոշակի դիվանագիտական քայլեր են պետք: Եթե նրան հաջողվի իրակացնել այդ առաքելությունը, ապա երկրպագուների կողմից աջակցությունը կավելանա: Մնացածն էլ կախված է արդյունքներից: Անկախ ամեն ինչից, հաջողություն եմ ցանկանում Արթուր Պետրոսյանին պատասխանատու պաշտոնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր