ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Տպավորություն է ստեղծվում, որ ժողովուրդը դժգոհ էր ոչ թե հարստահարվելուց, այլ` որ այդ գումարները գնում էին մասնավոր ընկերությանը» արձագանքներ` Սերժ Սարգսյանի հանձնարարականի վերաբերյալ
03.11.2016

Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծերի վերաբերյալ ու հայտարարել, որ այս ամենը չի ունեցել հասարակության գրպանից գումարներ հանելու նպատակ, այլ կրել է կանխարգելիչ բնույթ:
Նա հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ, «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-երի կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական և համայնքային կառույցներին:

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
Ինչպես ասում են, կատարվում է ջենտլմենական գործարք` իշխանությունները նախ հնարավորություն են տալիս ինչ որ մարդկանց ստանալ միլիարդավոր դրամներ, ընդ որում՝ նույնիսկ համաշխարհային բիզնես տրամաբանության համար ռեկորդային կարճ ժամանակում, իսկ հետո, երբ գալիս է ժամանակը, այդ մարդիկ իշխանություններին հնարավորություն են տալիս ստանալ նախընտրական էֆեկտ: Սա իհարկե «վատագույն» դեպքում: Որովհետև եթե դատենք տարբեր խոսակցություններից և մամուլում տեղ գտած հրապարակումներից, միլիարդավոր դրամների շահութաբերությամբ աշխատող այս եռագլուխ «դևը» իրականում պատկանում է հենց նույն իշխանական շրջանակների ամենաբարձր պաշտոնյաներին կամ նրանց մերձավորներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկին:
Արամ Հարությունյան, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ
Այնպես չէ, որ այն ինչ ասել է նախագահը, նոր են բացահայտել: Դրա մասին տարիներ շարունակ և´ ընդդիմությունն էր բարձրաձայնում, և´ հասարակական կազմակերպությունները, և´ շարքային քաղաքացիները: Եվ զարմանալի ու զավեշտալի էր, որ նման մասնավոր ընկերությունը, պետության հետ համեմատած, կարող էր նման գերշահույթներ ստանալ: Ինձ թվում է` ինչքան պետք էր ժողովրդից գումար կորզեցին և դադար առնելու ժամանակն է: Այնուամենայնիվ, սրանք այն բաներն են, որոնք կարող էին անել վաղուց: Արդեն կլինի 9 տարի` Սերժ Սարգսյանը նախագահում է և նման խնդիրներով նա ավելի շուտ պետք է զբաղվեր:
Անահիտ Բախշյան, «Բարև Երևան» խմբակցության անդամ

Երեկ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ԴԱՀԿ-ի պետի պաշտոնակատարը գեղեցիկ խոսքերով պատմում էր, թե քաղաքացին ինչպես սմարթֆոնով կարող է արագ ինչ-որ հարցեր լուծել: Սպասում էի, որ նախագահը հարցնի, իսկ եթե քաղաքացին սմարթֆոն չունի՞, չհարցրեց: Ժողովրդից էլ չեք հարցնում՝ էս պաշտոնյաները ճիշտ են ասո՞ւմ, թե...... Քանի որ իրենք չեն հարցնում այդ մասին, ես էլ որոշեցի իմ պատմությունը գրել: Ես սմարթֆոն չունեմ, պարտաճանաչորեն մուծել եմ ՃՈ-ի կողմից ուղարկած տուգանքները: Մասնավորապես, վարչական տույժ նշանակելու մասին ապրիլի 25-ի որոշման մասին ծանուցվել եմ մայիսի 6-ին, վճարումը կատարվել է հունիսի 6-ին: Հոկտեմբերի 8-ին ԴԱՀԿ-ից ստանում եմ կատարողական վարույթ հարուցելու և իմ հաշվեհամարներին 11.250 դրամ արգելանք դնելու մասին որոշումը: Հոկտեմբերի 10-ին գնում եմ ՃՈ, ցույց եմ տալիս մուծման անդորրագիրը: Ինձ ասում են դիմում գրի ՃՈ-ի պետի անունով, գրում եմ, որտեղ նշում եմ, որ սպասում եմ գրավոր պատասխանի: Մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել, արգելանքը շարունակում է մնալ ուժի մեջ: Այսօր՝ նոյեմբերի 3-ին, զանգահարում եմ ԴԱՀԿ-ի վարչական ակտերով բռնագանձումների բաժին իրենց նշած հեռախոսահամարներով, ոչ մեկը չի պատասխանում: Ա՛յ, էսպես էլ աշխատում են ժողովրդի հետ ու ժողովրդի համար: Վերջապես գտնում եմ ԴԱՀԿ-ից մի հեռախոսահամար, ասում եմ խնդիրն ու 0.5 ժամ անց զանգում և ասում են՝ արգելանքը կհանվի: Երբ հարցնում եմ, թե ինչպե՞ս այսքան արագ գտաք լուծումը, պատասխանում են, որ ՃՈ-ից են պարզել, որ վճարումը կա: Հիմա ես չեմ, Դուք եք, պարոն նախագահ, ի՞նչ կանեիք, եթե իմ փոխարեն Դուք լինեիք ու այդ վիճակում լսեիք ՃՈ-ի, ԴԱՀԿ-ի պետերին: Դուք ժողովրդի մեջ տարբեր բնագավառներում կուտակված ակնհայտ դժգոհությունների վերաբերյալ Ձեր փորձից պետք է իմանաք, թե բոլոր պաշտոնյաներն ինչպես են Ձեզ շատ սիրուն ու գունավոր ներկայացնում են իրենց չարած գործը, որից դժգոհությունները չեն նվազում, այլ՝ ընդհակառակը: Նրանց ավելի շատ պիտի չհավատաք, քան՝ հավատաք: Ես և շատերն արդեն կորցրել են որևէ մեկի նկատմամբ հավատը:

Վարդան Արամյան, ՀՀ ֆինանսների նախարար
Մենք գնալու ենք մեր կողմից իրականացվող գործառույթների օպտիմալացման, այսինքն` որոնք որ հնարավոր են, մեր ուժերով իրականացնենք: Պետությունն իր վրա է վերցնում այդ գործառույթները: Արդյունքում այն բոլոր միջոցների մասը, որոնք տրամադրվելու են մասնավորին, գնում է համակարգի պահպանմանը և բարելավմանը, դա իհարկե, կշարունակի գնալ, որովհետև այդ համակարգը պետք է պահպանել, իսկ այն մասը, որ գնում է որպես շահույթ, դա մեզ մոտ կդիտվի որպես խնայողություն: Գաղափարախոսությունն այն է, որ գումարները գալիս են բյուջե, որից հետո բաշխվում է «Սեքյուրիթիի դրիմ»՝ որպես ծառայությունների գնում, այդ գումարները մենք ինքներս ենք տնօրինելու ամբողջությամբ:
Էդմոն Մարուքյան, անկախ պատգամավոր
Ես ամենաքիչը երեք տարի է՝ պայքարում եմ այդ արագաչափերի, կարմիր գծերի և տարբեր վարչական մեխանիզմներով հակասահմանադրական ճանապարհով մարդկանց հարստահարելու խնդրի դեմ: Հիմա տպավորություն է ստեղծվում, որ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները, մենք դժգոհ էինք ոչ թե նրանից, որ մեզ հարստահարում են տարբեր հակասահմանադրական մեթոդներով, այլ մենք դժգոհ էինք, որ այդ գումարները գնում էին մասնավոր ընկերության: Դա ո՞ւմ է հետաքրքիր, թե ուր է գնում, դա հարցի երկրորդ կողմն է: Այդ քայլի մեջ որևէ ողջունելի բան չկա, նախընտրական իմիտացիա է, և մեր դժգոհությունն ու բողոքը միմիայն վերաբերել են մեզանից գումարներն անօրինական, մտացածին տարբերակներով բռնագանձելուն, ոչ թե նրան, որ ժողովուրդը հարմարվել է, թե այդ միլիարդավոր գումարները տարեք, ուղղակի տարեք պետական բյուջե, այնտեղ տենդերներով այդ գումարները կերեք, թող մասնավորը չուտի: Ի՞նչ տարբերություն, ինչի պետական բյուջեի միջոցներն արդյունավե՞տ են ծախսվում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր