Ռուսաց լեզվի պահով, ուզում եմ երախտագիտությունս հայտնել ֆեյսբուքին և անձամբ ընկեր Ցուկերբերգին:
Երբ դեռ, էս արևմտյան սոց կայքերը չկային, կային մի քանի «հայկական» կայք-ֆորումներ, որոնք հիմնականում ռուսական համացանցի տիրույթներում էին գտնվում:
Այդ ֆորումներում, շփման լեզուն ռուսերենն ու լատինատառն «հայերենն» էին, մի տհաճ մթնոլորտ էր ինձ համար: Շփման ցանկություն կար, բայց ռուսախոս ու քաղքենի հայությունը, ուղղակի հունից հանում էր...
Հայոց լեզվի պահպանման հարցում ֆեյսբուքը ավելի մեծ գործ արեց, այս մի քանի տարիների ընթացքում, քան մեր բուհերն իրենց 50 դոլլարանոց դասախուսներով, աշոտյանա-դաշնակցական նախարարության մասին էլ չխոսենք:
Հա, մի բան էլ ռուսական դպրոցներում սովորածների մասին.
Իմ շրջապատում նման մարդիկ շատ են եղել:
Նեղանալ չլինի, բայց այդ մարդիկ, միշտ կիսաֆաբրիկատի տպավորություն են ինձ մոտ թողել: Հայրենասիրական մղումներով դա չեմ ասում: Շատերը նկատած կլինեն, պահի տակ, այդ մարդիկ ամորֆ երևույթների են նմանվում, ոչ ռուս են, ոչ հայ, գլոբալիստ լինելու մասին չխոսենք, ռուսերենով գլոբալիստ դառնալ հնարավոր չէ, ռուսական աշխարհը միշտ առաջադեմ մարդկության հետևից է գնալու, судьба такая...
Եվ այս ռուսախոս հայությունը թերի է, թե ռուսական միջավայրում, թե հայկական, թե Լոսում, թե Մոսկվայում ու Երևանում: Ռուսական միջավայրում հենց զգում են ռուսի սառնությունն ու թաքնված շովինիզմը, սկսում են հիշել հայկական արմատների մասին: Հայկական միջավայրում նեղվելուց, սկսում են ընդգծված ռուսերեն խոսել և թերագնահատել հայկականը...
Կրկնում եմ, ամենևին հայենասիրական ու «ֆիդայական» մղումներով չեմ ասում այս խոսքերը, պարզ ու նուրբ հոգեբանական պահեր են, որոնք նկատելի են:
Հայկական կրթություն եմ ստացել, բայց երբեք չեմ նեղվել ռուսերենից, թե ռուսախոս հայերի հետ շփվելիս, թե հրեաների, թե հենց ռուսների հետ շփվելիս:
Իսկ հայոց լեզուն գովեստի կարիք չունի, մեր լեզուն մի ֆանտաստիկ կոդ է, համեմված մեր հետաքրքիր պատմությունով, մեր տարածքի համ ու հոտով, մեր մեծերի լավ մտքերով:
Փորձեք սեր խոստովանել հայերենով, հետո ռուսերենով, տարբերությունը սրտով կզգաք...
Մեր լեզվի մեջ արև շատ կա, արևոտ է հայերենը...
Սիրում եմ քեզ հայոց լեզու: