ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Եթե դա Շմայսը, Թոխմախը, լիսկաներն արած լինեին, ռեզոնանսը բոլորովին այլ կլիներ». արձագանքներ` լրագրողի նկատմամբ բռնության միջադեպին
09.12.2016

Օրեր առաջ խորհրդարանում միջադեպ էր տեղի ունեցեցել «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանի ու Աժ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև: Լրագրողը հայտնել էր, որ Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու բռունցքով հարվածել է իր աչքին: Պատգամավորն էլ ԱԺ ամբիոնից նշել էր, որ միջադեպը լրագրողի հետ չի եղել, այլ` խուլիգանի: Լրատվամիջոցների աշխատակիցները դատապարտել են միջադեպը` պահանջելով քայլեր ձեռնարկել, որպեսզի նման վարքագիծ ունեցող պատգամավորներն Աժ-ում չլինեն: Նրանք պահանջել են նաև, որ Հակոբյանը ներողություն խնդրի Վահե Մակարյանից և լրատվական դաշտից:

Վահե Մակարյան, «Հրապարակ» թերթի լրագրող

Պատգամավորը հարվածել է աչքիս, ինչպես նաև հայհոյանքներ ուղղել իմ հասցեին:
Հարցը Հակոբյանին դուր չեկավ, ասաց, որ չեմ հասկանում` ինչ եմ հարցնում, ու որ ես անկուլտուրական եմ: Ես իրեն ասացի, որ կուլտուրական եմ, ինքն է անկուլտուրական, որ ձեռքերով է խոսում մարդկանց հետ: Դրանից հետո Ռուբիկ Հակոբյանը նշեց՝ ուզում ես ինձ սովորեցնե՞ս, արի տեսնենք՝ ով ում կսովորեցնի: Մենք առանձնացանք, քայլելով հասանք Ազգային ժողովի շենքի առաջին հարկ (լրատվական տանող ճանապարհին), որտեղ տեսախցիկ չկա, այդ ժամանակ առանց ինձ լսելու, պատգամավորը բռունցքով հարվածեց աչքիս:

Ռուբիկ Հակոբյան, ԱԺ պատգամավոր

Ցավ եմ զգում, որ դրա համար որոշ կայքեր, սոցցանցեր ոչ դրական գնահատական են տվել ԱԺ-ին` խորհրդարանին ոչ հարիր միջադեպի համար: Բայց նաև ուզում եմ ասել, որ միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, եղել է խուլիգան, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել: Հարգելի լրատվական դաշտ, ճիշտ եք անում, որ քննադատում եք բռնությունը, բայց այն լրագրողները, որ պատվեր են կատարում, մի քիչ ուսումնասիրեք` իրավունք ունե՞ն լրագրությամբ զբաղվելու: Կուզենամ դաշտում լինեն իսկապես լրագրողներ, ոչ թե բանսարկու, տգետ անձեր:

Արմինե Օհանյան, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր

Հակոբյանը հայտնվել է մի տեղ, որտեղ իրեն հարիր չէ, «Շմայսները» Ռուբիկ Հակոբյանի կողքին հրեշտակներ են: Իրեն հարգող ցանկացած լրագրող չի կարող հանդուրժել, պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման վարքագիծ ունեցող պատգամավորն Աժ-ում չլինի: Եթե որևէ մեկ այլ մարդ լիներ, կբռնեին, կնստեցնեին, ինքն արտոնյալ է: Կարծում եմ` էթիկայի հանձնաժողովը պետք է քննարկի այս հարցը: Սա լավագույն օրինակն է, թե ինչքան անպաշտպան է լրագրողն իր աշխատանքը կատարելու ընթացքում:

Մարդու իրավունքների պաշտպան

«Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են: Հուսով եմ` բոլոր մանրամասներն օբյեկտիվորեն կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Այն կլինի իմ անմիջական ուշադրության կենտրոնում և կներդնեմ բոլոր ջանքերը հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ: Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը:

Լրագրողական ՀԿ-ներ

Տեղի է ունեցել հերթական բռնությունը լրագրողի նկատմամբ: Եթե նախկինում լրագրողների իրավունքները խախտվում էին հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից, ապա այսօր իրեն շատ ավելի վատ պահվածք է թույլ տվել ընդդիմադիր համարվող պատգամավորը, որն ի դեպ տարիներ առաջ լրատվական գործունեություն է ծավալել: Նորություն չի այն հանգամանքը, որ պատգամավորները նեղվում են, երբ իրենց անցյալի մասին հարցեր են տալիս, սակայն, եթե անձը հայտ է ներկայացրել մտնել քաղաքականություն, ապա պետք է նաև պատրաստ լինի, որ իրեն կարող են տալ սուր հարցեր: Իսկ Ռուբիկ Հակոբյանը հատկապես պետք է նման հարցերի պատրաստ լիներ, քանի որ վերջինս պարբերաբար քաղաքական ճամբար է փոխել և բնականաբար իր անցած ուղու մասին հարցեր լրագրողները կարող էին տալ: Բայց դա չի նշանակում, որ Ռուբիկ Հակոբյանը պետք է իրեն դուր չեկած հարցի համար հարվածեր լրագրողին: Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական հասարակական կազմակերպությոններս, դատապարտում ենք Ռուբիկ Հակոբյանի արարքը, պահանջում ենք, որ նա ներողություն խնդրի Վահե Մակարյանից և ամբողջ լրատվական դաշտից՝ մեր գործընկերոջ նկատմամբ նման պահվածքի համար, ինչպես նաև հայտնում ենք մեր աջակցությունը Վահե Մակարյանին:


«Ազատ լրագրողների ասոցիացիա»


«Լրագրողների միավորում»


«Մեդիա և իրավունք»

Տիրայր Մուրադյան, լրագրող

Սա ֆիքսենք. Ռուբիկ Հակոբյանը 1984-1990թթ. եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմում, աշխատել է խմբագիր, քաղաքական մեկնաբան, բաժնի վարիչ: 2016 թվականին հարվածել է լրագրողին՝ խուլիգան անվանել ու դրա համար իրեն շնորհակալություն են հայտնել: ՀՔԾ-ը լռում է, Գլխավոր դատախազությունը լռում է, ԱԺ նախագահը լռում է, իսկ «Ժուռնալիստների միությունը» կարձագանքի 2046 թվականին:

Գոհար Վեզիրյան, NewsBook լրատվական կայքի գլխավոր խմբագիր

Մի նրբերանգի վրա պետք է ուշադրություն դարձնել. անձնական, սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ լռության քող ստեղծվեց: Մինչդեռ, եթե դա Շմայսը, Թոխմախը, Լիսկաները և մնացած այդ կարգի մարդիկ արած լինեին, ռեզոնանսը, ես ձեզ վստահեցնում եմ, բոլորովին այլ էր լինելու:
Մենք պարբերաբար չդատապարտելով, գործողությունների չգնալով հասցրինք այն վիճակին, որ այսօր մտավորականի քողի ներքո գործող պատգամավորը նման քայլ անի:
Եթե ես լինեի, իրավական ճանապարհով կգնայի, քանի որ դեպքերը, որոնք պատմվում են, կարծես թե կանխամտածված են:

Վահրամ Բաղդասարյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար
Լրագրողներն ու քաղաքական գործիչները պետք է զգոն լինեն, որպեսզի հնարավոր լինի նման միաջադեպերը կանխել: Իսկ այս միջադեպի պարագայում ոչ միայն պատգամավոր և լրագրող հարաբերություններն էին, այլ նաև հայր և որդի տարիքային տարբերություն կար, և ցավալի է, որ նման միջադեպ է գրանցվում այդ մարդկանց միջև:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր