ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Չընտրված նախագահի կողմից ընտրված «մտավորականներն» ընտրված հարցեր էին տալիս». կարծիքներ` մտավորականների և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին
17.12.2016

Օրերս համացանցում ակտիվորեն քննարկվում է Ստեփանակերտում կայացած Սերժ Սարգսյանի և ՀՀ մշակույթի գործիչների հանդիպումը, որի ընթացքում ավելի շատ հնչել են շնորհակալական խոսքեր: Հանդիպման տեսագրությունը զայրացրել է այնտեղ ներկա չգտնված շատ մտավորականների, ովքեր հանդիպումը որակում են որպես հերթական քայլ` ընտրություններին ընդառաջ: Շատերի դետարկմամբ` դահլիճում վախի մթնոլորտն էր գերիշխում... իսկ ոմանց համոզմամբ, երբ մտավորականությունը սկսում է լռել և վախենալ, նշանակում է՝ գալիս է բռնապետությունը:

Լալա Մնացականյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի

Եթե ներկա լինեի հանդիպմանը ընդամենը մեկ հարց կտայի Սերժ Սարգսյանին. ինչո՞ւ է դատարկվում մեր երկիրը, ի՞նչ եք անելու, որպեսզի Հայաստանը չդատարկվի, ի՞նչ քայլերի եք դիմելու, որ մեր երկիրը չհանձնվի ուրիշին:
Իմ շրջապատը շատ մեծ է եղել. երբ տանը ծնունդ էինք անում, երեք օր էր տևում, որովհետև բոլորին չէինք կարողանում հրավիրել, իսկ հիմա երեք ժամով չես կարողանա հրավիրել, որովհետև երեք հոգի չի մնացել: Այս իրավիճակում մտավորականներն այլ հարցեր պետք է բարձրացնեին՝ ավելի գլոբալ և խորքային:
Երբ տունս քանդվում է, ես ի՞նչ կոսմետիկ վերանորոգում անեմ, առաստաղս փլվել է, վարագո՞ւյր կախեմ, գամ շատ լուրջ ասեմ՝ նկարն ա՞յս պատին կախեմ, թե՞ այս:
Ամեն դեպքում, երբ մտավորականությունը սկսում է լռել և վախենալ, էդ նշանակում է՝ գալիս է բռնապետությունը:

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի, ռեժիսոր

Ինձ չէին կանչել այդ հանդիպմանը, եթե կանչեին էլ, ես չեի գնա, քանի որ գիտեմ թե ինչ կարգի բեմադրություններ են դրանք: Հանդիպումը հերթական քայլն էր ընտրություններին ընդառաջ: Այնպիսի խոսակցություն էր, որ դա կարելի էր ունենալ, եթե մեր երկրում ամեն ինչ կարգին լիներ, ոʹչ արտագաղթ լիներ, ոʹչ արտաքին պարտք լիներ, ոʹչ թալան, երբ կայացած բանակ ունենայինք, բոլոր ոլորտները կայացած լինեին և մեզ մնար ընդամենը զբաղվել այն հարցով, որ պատանիները սիրեն կարդալ, թանգարաններ հաճախեն, սերիալների որակը լավանան:
Այնտեղ նստածներից որևէ մեկը բացարձակ հարգանք չունի այդ անձի նկատմամբ: Բոլորն էլ գիտեն, որ նա բանդա է ղեկավարում, թե ինչ թալանով է զբաղված տարիներ շարունակ: Այնուամենայինիվ, չեմ հասկանում, թե ինչո՞ւ են լռում… երևի կորցնելու շատ բան ունեն, չեն ուզում կորցնել: Շատ հարգելի մարդիկ կային այնտեղ նստած` ոչ հարգելիների կողքին: Բայց ինչպե՞ս կարելի էր նման առիթից չօգտվել և բաց խոսակցություն չանել: Մի պահանջ կարող է լինել միայն` հեռացեʹք: Մաքրեʹք մեր հողը, ավազակի տեղ չէ այս հողը: Պիտի լինի մեկն ի վերջո, որ կանգնեցնի էդ մարդուն ու ասի` ընկեʹր ջան, էդպես չի լինում: Ավելորդ է անգամ, ինչ որ գրական բառերով բաներ ասել նրան, որովհետև բոլոր սահմաններն անցել է արդեն:
Էդպիսի բան չէր կարող լինել, բայց եթե ես այնտեղ լինեի, մի բան միայն կասեի. «ինչի՞ եք կարծում, որ մենք այդքան հիմար ենք, պարոʹն Սարգսյան, ձեր ստերը, վիրավորում են իմ ինտելեկտը: Ես տեսնում եմ, որ դուք ստում եք, և չեմ ուզում այլևս լսել ձեր ստերը: Ինչ որ մեկը պիտի լինի վերջապես, որ այդ մարդուն մտցնի մի անկյուն: Վաղուց արդեն նրան անկյուն կանգնեցնելու ժամանակն է:

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Չընտրված նախագահի կողմից ընտրված «մտավորականներն» ընտրված հարցեր էին տալիս... Ընտիր ընտրախավ: Ընտիր ընտրախաղ հերթական չընտրություններից առաջ:

Ելենա Աթոյան, ճարտարապետ

Տեսագրությունը լրիվ չեմ նայել, քանի որ, կներեք, Սերժիկ Սարգսյանից, մեղմ ասած, ալերգիա ունեմ: Անգամ, եթե որևէ հեռուստաալիքով տեսնում կամ լսում եմ նրա մասին` միանգամից սեղմում եմ հեռակառավարման վահանակը: Ես զարմացած եմ շատ արվեստագետներ իրենց համարող մարդկանց վրա, ովքեր գնացել էին այդ հանդիպմանը: Ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ նրանից և իր թիմից, մի՞թե հասկանալի չէ ոմանց, որ դա անհաջող բեմադրություն էր:

Արմեն Մովսիսյան, երգիչ, երգահան

Կարծեմ շատ են պահանջում արվեստի մարդուց, բոլորը մոռանալով, որ էդ արվեստի մարդիկ երբեք էլ չեն խառնվել քաղաքականության մեջ, ուղակի չկան, հիմա էդ մարդկանցից սարքել քավության նոխազ էլ լավ չի: Ես տխուր եմ շատ, բայց էս պարագայում իրենց վրա քար չեմ նետի, իրենցից մեկը ես եմ....

Սիլվա Խաչատրյան, օգտատեր

Իսկապես, մտավորականությունը պետք է և պարտավոր էր ու՝ է, կանգնել և արժանապատիվ ու արդար խոսք հնչեցնել հարթակից, նաև, օգտագործելով ընձեռված հնարավորությունը, երես առ երես ճշմարիտ խոսք ուղղել երկրի առաջին դեմքին... Զգուշավոր տաղանդ չի լինում, տաղանդը խիզախությունն է, մինչդեռ վախի մթնոլորտն էր գերիշխում դահլիճում....

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Տխուր և մերկացնող հանդիպում էր: Հնչած հարցերը լավագույն դեպքում ոլորտային նախարարի հետ աշխատանքային հանդիպման հարցեր էին: Եթե Հայաստանի մշակույթի գործիչներին երկրի նախագահի հետ հանդիպմանը մտահոգող ծավալային հարցերը հանդիպման ժամանակ հնչած հարցերն էին, վախենամ, որ նրանց վրա դեգրադացնող է ազդել մեր երկրի ողջ սերիալային կառավարումը՝ սերիալային մեդալներով ու ֆուրշեթներով:
Նախագահը կշտամբեց մշակույթի գործիչներին՝ Սասնա ծռերի միջադեպը չդատապարտելու նախաձեռնողականության մեջ, և դա միանգամայն իրավացի կշտամբանք էր: Այն տխուր դատապարտումները, որոնք Սասնա ծռերի ակտիվության շրջանում հնչեցրել էին մշակույթի առաձին գործիչները, կազմակերպված էին իշխանությունների կողմից, և հետագայում մշակութային գործիչներից նախաձեռնողական շարունակողներ չեղան:
Նախաձեռնողներ չեղան նաև՝ փորձելու հասկանալ, թե ինչու՞ և ինչպե՞ս կարող էր մեր հյուծված, վախեցած երկրում, ապրիլյան փաստացի պատերազմից հետո, զինված ըմբոստություն լինել:
Մի՞թե մենք այնքան պարզունակ ենք, որ այդ փորձը չենք կարող կապել մեր երկրի ներքին և արտաքին ոչ միայն չլուծվող, այլև ավելացող պրոբլեմների հետ: Բայց այսպիսի մոտեցման դեպքում անդրադարձ կլիներ հենց պրոբլեմներին, նրան, ինչն իշխանությունների համար ամենաանցանկալին է:
Նախագահը փաստորեն ասաց՝ ակնհայտ է, որ ձեզ երկրի ընդհանուր հարցերը չեն հետաքրքրում, ձեզ հետաքրքրում են ձեր մասնավոր խնդիրները: Դա միանգամայն օրինաչափ և ողջունելի է, բայց որպեսզի ես լուծեմ ձեր մասնավոր հարցերը՝ սատարեք ինձ, դատապարտեք երկրի ընդհանուր պրոբլեմներին անդրադարձողներին՝ թե ձևին, թե բովանդակությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր