ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Նա իշխանության հավատարիմներից է եղել, իսկ մեր գերխնդիրն է` օր առաջ տապալել իշխանությունը». արձագանքներ` Սեյրան Օհանյանի մուտքին քաղաքականություն
21.12.2016

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մուտք գործելու վերաբերյալ հայտարարությունը, թեև շատերի համար անակնկալ չէր, բայց բավական լուրջ արձագանք ստացավ: Կարծիքները հակասական են: Ընդդիմադիր որոշ ուժեր պնդում են, որ նա իշխանության հավատարիմներից է եղել, իսկ իրենց գերխնդիրն է` իշխանությունն օր առաջ տապալել: Մինչդեռ մի մասն էլ կարծում է, որ Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն կարող է միայն դրական ազդեցություն ունենալ գործընթացների վրա, քանզի կնպաստի, որպեսզի 2017-ի ընտրությունները լինեն իրոք մրցակցային:

Արկադի Տեր-Թադևոսյան, ազատամարտիկ, գեներալ-մայոր

Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու պատճառներին ծանոթ չեմ, հայտարարությունը նախընտրել եմ չկարդալ, քանի որ քաղաքականության մեջ «խորանալ» չեմ ուզում։
Ես կարծում եմ՝ ամեն մարդ իր գործը պիտի անի, քաղաքական առումով իրենց հետ ոչ մի կապ չեմ ունենա, չեմ միանա։ Հարգում եմ, բայց իրենց հնարավոր չէ հասկանալ, պետք է հեռավորություն պահել, կրակի նման է, շատ մոտենաս՝ կայրվես, հեռանաս՝ ցուրտ կլինի:

Արկադի Կարապետյան, ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար

Սեյրան Օհանյանի՝ քաղաքականության մտնելու հայտարարություններից պետք չէ աժիոտաժի մեջ ընկնել, իր իրավունքն է, որն իրացնում է։ Ամբողջ ազգն է քաղաքականության մեջ, ամեն տեսակի մարդ կա քաղաքականության մեջ կա, Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն նոնսենս չէ։ Սեյրան Օհանյանի շանսերը կախված կլինեն հասարակության արձագանքից։ Մարդիկ տարբեր ընկալումներ ունեն, ծառը լավն է, թե չէ՝ երևում է պտղից։ Մարդ կա՝ ասում է ապրիլյան պատերազմում պարտվել ենք, մեկն ասում է՝ հաղթել ենք, ես ասում եմ ծառի պտուղը լավ չէր, ես որևէ մեկին փնովելու խնդիր չունեմ.... Ես խոսում եմ երևույթի պտղի մասին, իսկ պտուղն էլ լավը չէ, ինձ դուր չի եկել:

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մուտք գործելու վերաբերյալ հայտարարության մեջ 2 կարևոր մեսիջ կա:
Նախ, շատ կարևոր է, որ Սեյրան Օհանյանը չի գալիս կազմաքանդելու գիլիոտինի կարգախոսներով, որովհետև այդ փոխադարձ ատելության, թշնամանքի մթնոլորտը կործանարար է լինելու խորհրդարանական ընտրություններից առաջ, ուղղակի այլասերելու է դաշտը: Ինքն էլ հասկանում է փոխադարձ ատելության ու թշնամանքի կործանարարությունը: Երկրորդ, լայն կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը, որովհետև հատկապես Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո շատ սպեցիֆիկ են լինելու առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Լայն կոնսոլիդացիա ասելով` ես նկատի չունեմ միայն դաշինքներ և միասնական ցուցակ, այլ ոչ իշխանական քաղաքական ուժերի միջև ընտրակեղծարարությունների դեմ պայքարի մեկ միասնական ճակատ ձևավորելու անհարժեշտությունը:

Վահրամ Բաղդասարյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար

Մենք որևէ քաղաքական ուժի չենք թերագնահատում և որևէ քաղաքական գործչի: Այն բոլոր քաղաքական գործիչները, որոնք կծառայեն ի նպաստ իրենց և մեր երկրի, մեր պետության, մենք նրանց բոլորին ողջունում ենք: Ցանկացած ոլորտում կարելի է հայրենիքին ծառայել: Բնականաբար, նաև քաղաքական դաշտում կարելի է ծառայել: Իր հայտարարությունում ես որևէ անակնկալ չեմ տեսնում: Դա յուրաքանչյուր քաղաքացու որոշելու խնդիրն է, թե որտեղ ինքը ավելի պիտանի կլինի իր երկրի համար: Ինքը նախընտրել է քաղաքական գիծը, մենք շատ նորմալ ենք վերաբերվում դրան:

Արամ Հարությունյան, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ

Շատ նորմալ եմ գնահատում, գտնում եմ, որ Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն կնպաստի, որպեսզի 2017 թվականի ընտրությունները լինեն իրոք մրցակցային: Ես համոզված եմ, որ ինքը միայնակ չի մասնակցի ընտրություններին, այլ բավականին ընդլայնված դաշինքով կմասնակցի և հաստատ այդ դաշինքը իշխանությունների համար խնդիր կստեղծի:
Բնականաբար փորձելու են քարեր նետել Սեյրան Օհանյանի վրա, բայց այն հանգամանքը, որ ինքը բավականին լուրջ մարդ է և որոշում է կայացրել մտնել քաղաքականություն, քանի որ համոզվել է, որ առանց քաղաքականության մեջ լինելու, հնարավոր չէ ազդել երկրի զարգացման ուղու վրա:

Մանվել Եղիազարյան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ

Հայաստանում հասունացել է այնպիսի օրհասական իրավիճակ, որ իրեն հայրենասեր համարող յուրաքանչյուր ոք պարտավոր է օգտակար լինել այս իրավիճակից փրկվելու համար: Եթե իր քաղաքական դաշտ մտնելն այս իրավիճակից փրկվելու հնարավորություն կտա, ապա ես կողջունեմ միայն:
Երբ մենակ չես կարողանում ոչինչ անել, հինգով չես կարողանում, հարկավոր է 10-11 մարդու ընդգրկել պայքարի մեջ: Նրանք, ովքեր համախմբվում են այս իրավիճակից դուրս գալու համար, հարկավոր է համագործակցել: 5 կամ 10 մանդատի համար չենք համախմբվի, ժողովրդին մանդատը չի հետաքրքրում, ժողովրդին հետաքրքրում է այս իրավիճակից փրկվելը: Եթե նպաստի ժողովրդին այս իրավիճակից դուրս բերելուն, ապա կարելի է և համագործակցել: Իսկ մանդատի համար ես չեմ պայքարի: Ժողովուրդը շունչը պահած սպասում է: Երբ տառապում է մարդկանց հինգ կամ տասը տոկոսը, գուցե կարելի է և մատների արանքով նայել, բայց երբ տառապում է ժողովրդի 80 տոկոսը, ապա մենք չենք կարող անտարբեր մնալ: Այս իրավիճակի համար բոլորս ենք մեղավոր՝ ես նույնպես, բայց ես հանցագործ չեմ: Իսկ մարդիկ կան՝ հանցագործ են, այսօր իշխանության մեջ են: Դրա համար բոլոր նրանց, ովքեր ուզում են իրավիճակից փրկել ժողովրդին, կարող ենք համագործակցել:

Արթուր Ալեքսանյան, գնդապետ

Սեյրան Օհանյանի սպասված քաղաքական հայտը ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակին նոր ու հաղթական լիցք է հաղորդում: Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի բարձրագույն իշխանությունը կարո՛ղ է և պետք է ներառի մարտական հիրավի փառավոր ուղի անցած՝ հաղթանակներից չհպարտացած և կորուստներից չընկճված հրամանատարների: Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության միակ կայացած կառույցի՝ բանակի ստեղծման ակունքներում կանգնած և կայացման գործում մեծագույն ներդրում ունեցած մարտական գեներալն ի վիճակի է նույն հաջողություններին հասնել նաև քաղաքական ասպարեզում: Ժամկետանց ու պարտված քաղաքական գործիչներին փոխարինելու է գալիս երկրի հոգսերով իսկապես մտահոգ, իր կենսագրությամբ հաղթանակներ ամրագրած մտավորական, մարտական գեներալը: Ուստի «Միացյալ Հայաստան» շարժումն անվերապահորեն սատարում է Սեյրան Օհանյանին և իր համախոհներին, գաղափարակիցներին, նաև մարտական ընկերներին կոչ է անում միանալ նոր ձևավորվող քաղաքական ուժին: Մենք մեր ողջ ներուժը, մեր կարողություններն ու հնարավորություններն օգտագործելու ենք Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժի հաղթանակի համար:

Վարդան Մալխասյան, Ազատամարտիկների վարչության անդամ

Նա իշխանության հավատարիմներից է եղել, իսկ մենք գերխնդիր ունենք իշխանությունն օր առաջ տապալելու, մենք դեռ չգիտենք՝ ինչ է անելու: Շատ բան են խոսում, դեռ պետք է պարզենք: Եթե մարդը սխալներ ունի գործած, իսկ հետո որոշել է մաքրագրել, ու եթե ազնվորեն է դա անում՝ կարող ենք քննարկել: Եթե, իհարկե, մեր նպատակը մեկը լինի: Սեյրան Օհանյանի հետ կապված՝ կարող է մտածենք, բայց Վիկտոր Դալլաքյանը բացարձակապես անընդունելի կերպար է:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե ինքը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, անակնկալ չէր: Ցանկացած պարագայում ունենալով հարգանք նրա անցած քաղաքական, մարտական, ռազմական ճանապարհի հանդեպ, ունենալով մարդկային հարաբերությունների ինձ համար ջերմ պաշար, այնուհանդերձ, պետք է մեջբերեմ լատինական մի ասացվածք, որ Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է: Կարծում եմ, որ քաղաքական գործընթացներում այդ ճշմարտությունը որոնելու սահմանադրական իրավունք ունեն բոլոր պաշտոնյաները, նախկին պաշտոնյաները:

Հովհաննես Սահակյան, ՀՀԿ-ական պատգամավոր

Մենք այլևս իրավական, ժողովրդավարական երկիր ենք, որտեղ յուրաքանչյուր անձ, քաղաքացի, պետական-քաղաքական գործիչ ինքն է որոշում, թե ինչով է զբաղվելու: Ես ծանոթացել եմ Սեյրան Օհանյանի հայտարարությանը և հասկացել եմ, որ նա մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Բայց թե ի՞նչ ձևաչափով և օրակարգո՞վ՝ ոչինչ չեմ հասկացել, քանի որ ինքն էլ ոչինչ չի ասել: Պարզապես ասել է, որ գործելու է «հանունի» գաղափարի համար, այլ ոչ թե «ընդդեմի»: Ժամանակ է պետք հասկանալու, թե մեր թիմի հետ աշխատած, տարիներ շարունակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը ի՞նչ ծրագրեր, ի՞նչ պատկերացումներ ունի, ո՞ր թիմի հետ ու ի՞նչ գաղափարներով է գալիս քաղաքական դաշտ, և ո՞ր տեղում է իրեն պատկերացնում: Այս պահին միայն հայտնի է, որ նա ցանկանում է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

Ահարոն Ադիբեկյան, սոցիոլոգ

Չեմ կարծում, թե դա ինչ-որ լուրջ ազդեցություն կունենա քաղաքական գործընթացների վրա: Քաղաքականության մեջ շատերն են ցանկանում տեղ զբաղեցնել, բայց այդ դեպքում հարկավոր էր ՏԻՄ ընտրություններին մասնակցել, ունենալ համախոհներ տեղերում: Այլապես դժվար է պատկերացնել դրական արդյունք: Ես չգիտեմ, թե Սեյրան Օհանյանը ինչ նպատակներով է գալիս քաղաքականություն, բայց Սամվել Բաբայանի փորձը իր համար օրինակելի պետք է լինի՝ Հայաստանում քաղաքականության գալը միայն ցանկության խնդիր չի, այլ բավականին լուրջ գործընթացների խնդիր: Իսկ գլխավորն այն է, որ առաջնորդը պետք է խարիզմա ունենա, որ իր շուրջը կարողանա բերի ոչ միայն անմիջական համակիրներին, այլև մի քիչ ավելի լայն շրջանակ, որպեսզի կարողանա 5 տոկոս ձայները հավաքի: Չգիտեմ` քաղաքական այս թատրոնում որտե՞ղ է տեղավորվելու Սեյրան Օհանյանը, եթե բոլորը տեղերն արդեն զբաղված են՝ և՛ օթյակը, և՛ պարտերը, և՛ ամֆիթատրոնը: Այսինքն, մնում է միայն ֆոյեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր