ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մտավորականներն ամփոփում են տարին
28.12.2016

Մշակութային գործիչներն ամփոփում են 2016-ի ձեռքբերումներն ու բացթողումները. ոմանց համար տարին լի էր նշանակալի իրադարձություններով, ոմանք էլ գտնում են, որ ոլորտում էական տեղաշարժեր չկան: Այս ամենին զուգահեռ մշակութային որոշ գործիչներ էլ արձանագրում են մշակութային դաշտի հստակ տարանջատում:

Արմեն Ամիրյան, ՀՀ մշակույթի նախարար

Թատերային արվեստի ոլորտում 2016-ին ունեցանք երկու հրաշալի ներկայացումներ՝ «Տոսկա» (օպերային թատրոն) և «Պեպո» (Մայր թատրոն), որոնք արտահայտում են մեր ցանկություններն ու պատկերացումները թատերական և օպերային ներկայացումների մասով:
Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի հարցը կարելի է լուծված համարել: Հատկապես` Մնջախաղի թատրոնի շենքի հարցը, պարզապես թույլ տվեք չշտապել ու առաջ չանցնել ժամանակից: Հավատացած եղեք, որ 2017-ի ընթացքում կտեղեկանաք թատրոնին տրամադրվելիք տարածքի մասին: Ինչ վերաբերում է Համազգային թատրոնի շենքի հարցին, ապա ասեմ, որ պետք է լուծում ստանա հարցը, բայց ես վստահեցնում եմ թե՛ ձեզ, թե՛ այն ուսանողներին ու դասախոսներին, որոնք անհանգստացած են խնդրով մեկի հաշվին մյուսին լուծում չի տրվելու` հարցերը լուծվելու են երկուստեք:

Հակոբ Ղազանչյան, ՀԹԳՄ նախագահ, ռեժիսոր

Տարին լի է եղել նշանակալի իրադարձություններով. փառատոններ, հյուրախաղեր, այցելություններ մարզային թատրոններ և հոբելյանական երեկո: Տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն ավանդաբար անց է կացվում մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին:
Նրա խոսքով` Հայաստանի թատերական գործիչների միությունը շարունակում է ուշադրությունը պահել մարզային թատրոնների խնդիրների վրա: Ուրախալի է, որ շուտով ավարտին կհասցվի Գավառի թատրոնի նոր շենքը: Ծրագրվում է նաև Գավառում բացել դերասանական կուրս, ինչի անհրաժեշտությունը վաղուց հասունացել է:

Հրանտ Վարդանյան, ռեժիսոր

Անցնող տարին կորուստներով լի էր հայ ազգի համար, որովհետև արևի լույսի պես մեր ազգի զավակներին կորցրեցինք: Մեր ազգը միամիտ է, բայց դա առիթ չպետք է տա ամեն մեկին վիրավորել մեր ազգին: Շան որդի են նրանք, ովքեր վիրավորում են ամբողջ ազգին, փնովում: Ինձ համար ազգը երեխաներն են, եկող սերունդը:
Ինձ համար զարմանալի էր մտավորականների պահվածքը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Դուք Ժեկի պետի մոտ չէիք գնացել: Մի՞թե խոսելու բան չկար, չէին ուզո՞ւմ ասել այն բաների մասին, որոնք մեզ բոլորիս հուզում են:

Զավեն Բոյաջյան, կինոգետ

Արդեն որերրորդ տարին է` կինոյի ոլորտում էական տեղաշարժեր չկան: Պատճառները շատ են: Կարևոր լուծումներ են պետք, որոնք չկան առայժմ, ուստի չգիտեմ` այս վիճակն ինչքան կարող է շարունակվել: Բուն իմաստով մենք կինոպրոցես չունենք, այսինքն` լուրջ կինոարտադրություն չունենք, ունենք հատուկենտ փորձեր: Այն ամենն, ինչ հայկական կինոյի անվան տակ մատուցվում է, անհամ կատակերգություն է:
Քանի որ տարիներ շարունակ այն ամենն, ինչ ներկայացվում է ժամանակակից հայկական կինոյի անվան տակ, շատ խղճուկ փորձեր են, այդ բացասական ֆոնին քիչ թե շատ հաջողված որևէ միջակ ֆիլմ մեծ շանս ունի համարվելու մեծ ձեռքբերում: Ցավալի ու տխրալի տենդենց է: Նման խեղճ ստանդարտներով առաջնորդվելով` ինչ-որ բան գնահատելիս, քիչ թե շատ հաջողված մի փորձ գլուխգործոցի մակարդակի ենք ընկալում:

Վահան Արծրունի, երգիչ

Որպես արվեստագետ պետք է արձանագրեմ հստակ մշակութային դաշտի սեգմենտավորում: Նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք տեսանք, որ տարբեր դիստանցիայի վրա գտնվող մշակութային գործիչներ ինչպես ինքնադրսևորվեցին: Նախագահի ազդակը և ուղերձը հստակ էր` մենք ստեղծում ենք մի տիրույթ, որտեղ համախմբվում են իշխանությունների մշակութային գործիչներ: Սա ինձ չի զարմացնում և նորություն չկա այդտեղ, պարզապես ինձ համար ուրախալի է, որ այդ ազդակը հստակ ձևակերպում ստացավ: Կան մարդիկ, որոնք խիստ արտոնյալներ են, կան ոլորտներ, որոնք անսահման ֆինանսավորում են ստանում: Պետք է ոլորտում հավասար զարգացման պայմաններ ստեղծվեն:

Էլֆիք Զոհրաբյան, դերասան, դրամատուրգ

Թատրոնը թատրոն է նախ իր արտիստներով ու բեմադրիչներով, իսկ մերոնք ունեցան հաջողություններ ոչ միայն բեմում, այլ նաև ֆիլմերում: Արժանացան տարբեր պարգևների, կոչումների, մրցանակների, բեմադրվեցին նոր ներկայացումներ՝ իրենց գեղարվեստական արժանիքներով ու թերություններով, թատրոնը մասնակցեց փառատոնների, մեր թատերական բուհից նոր սերունդ է մուտք գործում թատրոնի ստեղծագործական խումբ, քաղաքն արդեն ունի երկու թատերական ստուդիա և այլն: Բացթողումների գլխավոր պատճառն առնչվում է ֆինանսական խնդրի հետ, բայց դա արդեն հոգնեցնող թեմա է, տնօրենները պետք է կարողանան հայթայթել ֆինանանսական աղբյուրներ, որպեսզի, ասենք, չմերժեն եվրոպական երկրներից ստացված հյուրախաղի հրավերները: Արվեստի բոլոր գործիչներին մաղթում եմ մեծ հաջողություններ 2017-ին, ուրախ տրամադրություն, իսկ մեր նոր տնօրենին՝ ողջերթ:

Դավիթ Գասպարյան, գրականագետ

Այս տարի մեզնից պակասեց հայ մարդու արժանապատվությունը. հայ մարդն իր հանդեպ հարգանքը և հավատը կորցրել է: Եթե կարողանանք աստիճանաբար ազգային արժանապատվությունը վերականգնել, շատ բան տեղին կլինի: Այս վերջին տարիների դեպքերը անկման հասցրեցին մեզ, բերեցին մեր հավատի, վստահության կորստի, ամեն տեսակ արժեքների կորստի: Ուզում ես մարդկանց դեմքին մի ժպիտ որոնել, բարեկրթություն, բայց որտեղի՞ց, չես գտնի:
Նախքան մշակույթի նոր նախարարից պահանջելը, պետք է ինքներս մեր առջև պահանջներ դնենք: Ամեն ինչ իջեցրել ենք ռաբիսի մակարդակի: Վատ գրականությունը չեն կարդում, վատ ներկայացման չեն գնում: Ուր են այն լավ, բացառիկ ներկայացումները, որոնք պիտի ցնցեն հանդիսատեսին:

Աիդա Ներսիսյան, հաղորդավարուհի
Տխուր էր անցնող տարին: Տխուր էր ապրիլյան պատերազմի արհավիրքով, մեր լուսավոր, քաջսիրտ զավակների կորստով, քաղաքական հետապնդումներով, մշակութային արժեքների ոչնչացմամբ, ժողովրդի թշվառության հաշվին դղյակներ կառուցող ու հարստություն դիզող պետական այրերի անպատժելիությամբ, և այս ամենի արդյունքում` անասելի չափերի հասած արտագաղթով: Բայց ժողովուրդը դիմակայեց ու շարունակում է դիմակայել այս ամենին` հանուն երկրի ներսում կայունության պահպանման և հույսով, որ մի օր լավ է լինելու:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր