ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Հնդկական սերիալները գրավել են հայկական եթերը. հանրության արձագանքը
17.01.2017
Վերջին շրջանում հնդկական սերիալներն ամբողջությամբ գրավել են հայկական հեռուստաեթերը: Շատերի համար դա լուրջ մտահոգության առիթ է դարձել` հաշվի առնելով, որ դրանք անճաշակությունից ու գռեհկությունից բացի ոչինչ չեն պարունակում, ոմանք էլ` ակամա այդ անճաշակության մշտական դիտողն են դարձել: Հնդկական սերիալների առատությունը չի վրիպել նաև քաղաքական գործիչների ուշադրությունից: Նրանցից շատերը թեման հումորի են վերածել:
Արմեն Աշոտյան, ԿԳ նախկին նախարար
Հաշվի առնելով հնդկական սերիալների առատությունն ու հեռուստավարկանիշը՝ կարծում եմ, եթե որևէ կուսակցություն հիմա հայտարարի, որ հնդկաստանամետ է, ապա 5%-ի շեմը հաստատ կհաղթահարի:
Գևորգ Դանիելյան, Արդարադատության նախկին նախարար
Ամեն ինչից, անգամ անհեթեթ երևույթներից, կարելի է օգուտ քաղել: 5%-ն իր հերթին, սակայն Հայաստանը լուրջ շանսեր ունի հզոր դաշնակից ձեռք բերելու հարցում՝ հանձինս Հնդկաստանի ու Չինաստանի....
Զառա Արամյան, դերասանուհի, հեռուստահաղորդավար
Իհարկե դեմ եմ իրենց հեռուստասերիալներին, դրանք ավելի թույլ որակի արտադրություններ են: Բացասական եմ վերաբերվում: Մեր նկարած սերիալներն ավելի բարձր որակի են ևʹ սցենարի, ևʹ դերասանների, ևʹ առաջ քաշած խնդիրների իմաստով:
Լիլիթ Վանեցյան, օգտատեր
Ասում էի չէ՞` Հայաստանը Հնդկաստան են որոշել դարձնել: Այդ ժամանակ դեռ 2 հնդկական սերիալ էր մեր եթերում: Իսկ հիմա չկա մի հայկական հեռուստաալիք, որ հնդկական սերիալ չցուցադրի:
Ամանորին, երբ ամբողջ աշխարհի հեռուստաընկերությունները ցուցադրում են Ամանորի ֆիլմեր, մուլտֆիլմեր, հետաքրքիր տոնական հաղորդումներ, մերոնք մեզ համար տոն էին կազմակերպել՝ առավոտից երեկո ցուցադրեցին հնդկական սերիալներ ու ֆիլմեր: Որ ալիքը միացնում ես` Ռամը ողջունում է քեզ: Լավ, եկեք ընդունենք,որ կա հասարակության մի մաս, որը նայում է դա, բայց դա չի նշանակում, որ մյուսներին էլ պետք է պարտադրեք:
Արդեն սպասում եմ, որ այս ամառ խանութներում սկսելու են սարի ու հինա վաճառել, որ դա էլ հագնենք, հետո կսկսեն կովին սուրբ կենդանի համարել ու արգելել կովի միս ուտել:
Երևի ընտրություններից առաջ մարդկանց ուղեղները լվալու ինչ-որ ծրագիր են փորձարկում Հայաստանում, ու մենք էլ փորձաճագարներն ենք:
Աննա Վարդանյան, լրագրող
Եթե մեքսիկական ու բրազիլական սերիալներով գոնե գեղեցիկ ինտերիեր ու նորաձևության ինչ-ինչ պատառիկներ էր ցուցադրվում, չհաշված օտարմոլ ու մեր ազգային սովորույթներին հակասող երևույթները, ապա հնդկականների դեպքում միայն անճաշակություն է ու գռեհկություն. լայն բացված ոտքերով նստելուց մինչև ընտանիքի կանանց ու հարսների՝ իրենց ամուսինների ոտքերը համբուրելը: Հետաքրքիր է` որն է հնդկական սերիալների նման առատության պատճառը: Էժանությո՞ւնը, թե՞ հայ-հնդկական մշակութային սերտ համագործակցությունը: Գուցե այդ համագործակցության ընթացքում Հայաստանն այս «մշակութային ժառանգությունը» նվիրատվություն է ստացել: Կամ գուցե ընտրություններից առաջ որոշվել է հասարակությանը շեղել հայկական իրականությունից ու ցույց տալ, որ վատից վատն էլ կա:
Օգտատեր
Հիմա էլ նոր տենդենց է հայկական հեռուստաեթերում. մեր սեփական արտադրած աղբը, ողբը, լացը ու դերասանների անտաղանդ խաղը քիչ էր, մեկը մյուսի հետևից սկսեցին հնդկական սերիալներ ցուցադրել: Արմենիա TV-ից ամենաքիչն էի սպասում նման էժան քայլ: Դուք ունեք բարձր ռեյթինգ, մակարդակով քաղաքական ու սոցիալական թեմատիկայով հաղորդումներ ու դրանց կողքին ցուցադրելու եք հնդկական անմակարդակ սերիալները: Այնպես էլ րոպեն մեկ եթերով մեզ «բարի լուր» եք ասում՝ «հնդկական հեռուստասերիալների գլուխգործոցը ներխուժում է հայկական հեռուստաեթեր, հնդկական լավագույն և բարձրորակ հեռուստասերիալը միմիայն Արմնենիա TV-ի հեռուստադիտողների համար»: Ի՞նչ անենք, հիմա էլ սկսելու են երեխաների անունները Իչակի, Ռաջ, Ջիմմի, Զիտա ու Տապասիա դնել… ու իշալլահ-ի փոխարեն «Ռամը մեզ օգնական» ասեն:
Էս ո՞ւր ենք գլորվում, ուշքի եկեք: Գլխիս մեջ չի տեղավորվում, միաժամանակ և՛ հայկական պատմական սերիալ եք ցուցադրում, և՛ նման ցածրորակ սերիալ…
Գագիկ Ղազարե, կինոռեժիսոր
Արդեն շատ վաղուց հայկական հեռուստազվարճանքից հեռու եմ, չեմ տեսնում, կարելի է ասել՝ ոչինչ, մեկ-մեկ ֆուտբոլ, մեկ-մեկ քաղաքական ինչ-ինչ բաներ, մեկ-մեկ էլ բալիկներս են տարբեր հաղորդումների հետևում` այն էլ օն-լայն տիրույթում: Տանս հեռուստացույցը դեն եմ նետել շատ վաղուց... Իմիջիայլոց, դա տեղի ունեցավ հերթական տխմար սերիալի գովազդին պատահելուց հետո, որի համար երևի պետք է շնորհակալ լինեմ էդ սերիալը մոգոնողներին:
Ինձ համար ակնհայտ է, որ քանի դեռ հայկական հեռուստաշուկայում հեռուստաարտադրական քաղաքականության վրա, քաղաքական հովանու, ֆինանսական գերիշխող դիրք ունեցող մեծահարուստների, գործող իշխանության թելադրող, պարտադրող գործոնը գերակա է, ոչ մի էական, որակական, համակարգային փոփոխություն այդ դաշտում հնարավոր չէ:
Զավեն Բոյաջյան, կինոգետ
Թեև ես արդեն վաղուց հայկական հեռուստատեսություն չեմ դիտում, պետք է նշեմ, որ հնդկական կինոն Հայաստանում ավանդաբար մեծ հանդիսասրահ է հավաքել, և եթե հիմա էլ է այդպես, ուրեմն հանդիսատեսը բնավ չի աճել:
Իհարկե, լուրջ հնդկական կինո էլ կա, բայց զանգվածային սպառման հնդկական կինոն ծայրահեղորեն պարզունակ է, մանկամիտ, հեքիաթային, օգտագործում է մելոդրամի ամենաշահարկված սխեմաներն ու խաղաքայլերը։ Նշածս կարգի հնդկական կինոն դրամատուրգիայի առումով միշտ ձգձգված է, ծամծմված, ասես նախատեսված է մտավոր շատ համեստ կարողությունների տեր կամ անընկալունակ հանդիսատեսի համար եւ պատրաստ է զոհաբերել դրամատուրգիական կուռ կառուցվածքը, տեմպը, ռիթմը՝ հանուն առավելագույնս հասկանալի լինելու։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր