mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ինչի՞ կհանգեցնեն ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները
01.10.2011
ՀԱԿ հանրահավաքը տարբերվեց նախորդներից նրանով, որ մարդիկ ոչ թե գնացին տուն, այլ որոշեցին վրաններ տեղադրել Ազատության հրապարակում ու շուրջօրյա հանրահավաքներ անել: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ իր ելույթում ՀԱԿ առաջնորդը նշեց, որ ավելացնելու են ճնշումներն ու առավել հաճախ և մարդաշատ հանրահավաքների միջոցով ստիպելու են իշխանություններին` կատարել իրենց պահանջները, միջոցառումների զինանոցում էլ լինելու են երթերը, հացադուլները, նստացույցերը, շուրջօրյա հանրահավաքները: Լևոն Տեր-Պետրոսյանի այս խոսքերից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել` ''նստացույց'', ''շուրջօրյա հանրահավաք'' բառերը: Երկու տարբերակներից Կոնգրեսն ընտրեց ''շուրջօրյա հանրահավաքները'': Հետո առաջ եկավ հարցի երկրորդ կողմը` որոշվեց շուրջօրյա հանրահավաքների տևողությունը սահմանել 1 շաբաթ և իշխանությունների առջև դնել այն նույն պահանջները, որ ներկայացվել էր նախորդ հանրահավաքին, այն է` արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացում, ԸՕ փոփոխություններ: ''Փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով էլ մենք պատրաստ ենք նաև, թեկուզ վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել երկխոսությունը իշխանությունների հետ։ Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ուղղակի կապ պահպանելու համար լիազորում ենք Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Մանուշակ Պետրոսյանին։ Շոշափելի արդյունքների չհասնելու պարագայում, մեկ շաբաթ անց մենք ձեզ հետ միասին կորոշենք՝ շարունակել, թե՞ դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները'',- ասաց Լ. Տեր-Պետրոսյանն ու դիմեց հավաքվածներին` պահանջելով ինքնագործունեության որևէ դրսևորման բացառում, կարգ ու կանոնի պահպանում: Ամեն օր երեկոյան ժամը 22:00-ից հետո էլ Ազատության հրապարակում կդադարեցվեն ակտիվ գործողությունները, որպեսզի չխանգարեն հարակից շենքերի բնակիչներին և այլն:
Ազատության հրապարակում վրաններ են տեղադրվել, ինչպես նաև մամուլի կենտրոն` լրագրողների հարցերին պատասխանելու համար։
Հովհաննես Սահակյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Երբ ՀԱԿ-ը տեսավ` ընտրազանգված է կորցնում, որ որևէ լուրջ բան չունի առաջարկելու, քան սոցիալական թեմայով մարդկանց նյարդերի վրա խաղալը, հայտարարեց շուրջօրյա հանրահավաքների մասին, որպեսզի հետ բերի նրանց: Ուզում եմ անդրադառնալ հատկապես Տիգրան Առաքելյանի ուղերձին, որ մեծ հպարտությամբ կարդացին հանրահավաքին: Փաստորեն, նա է օրակարգ կազմում, երկխոսություն թելադրում, դարձել է հայ քաղաքականության կյանքի էլեմենտը: Ամեն դեպքում, ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները ոչ մի բանի էլ չեն բերի: Նրանք անպատրաստ են, սցենար չունեն, ակտիվություն չկա:
Ստեփան Դեմիրճյան, ՀԺԿ նախագահ
Պատահական մարդիկ չպետք է պաշտոններ զբաղեցնեն, պետք է փոխվի քաղաքականությունը, իշխանության վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ: Փոփոխություններն անխուսափելի են, դա պահանջում ենք մենք ու հասարակությունը: Վառ ապացույցը հրապարակում վրաններ տեղադրած ու շուրջօրյա հանրահավաքների պատրաստ մարդիկ են. դա նրանց ցանկությունն է:
Արտյուշա Շահբազյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր
Դիմացն ընտրություններ են, սա էլ ՀԱԿ-ի նախընտրական պայքարն է. այդ ուժը կուսակցական, քաղաքական, կազմակերպչական գործունեություն չունի. հրապարակներում է նրանցը ու այս կերպ պատրաստվում են մայիսյան ընտրություններին: Առնվազն անլուրջ պետք է լինել, որ հավատալ, թե կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ:
168 ժամ
....Երեկվա հանրահավաքի ու անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ հակասությունն այն էր, որ նա սկզբում բավականին ծավալուն անդրադարձ կատարեց երկխոսության տապալման թեմային՝ կրկնելով, որ իրենց համար ''ի սկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին'', ապա հայտարարեց, որ այսօրվանից սկսած՝ շուրջօրյա հանրահավաքներին զուգահեռ՝ Կոնգրեսը պատրաստ է վերսկսել երկխոսությունը...
Լևոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ առաջնորդ
Քառամյա պայքարի ընթացքում մենք ոչ մի օրենք չենք խախտել, երբեք նպատակ չենք հետապնդել ու այսօր էլ մտադիր չենք երկիրը ցնցումների ու քաոսի մատնելու, իսկ, ինչպես մեկ անգամ արդեն հայտարարել եմ, Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգի պարագայում պատրաստ ենք դադարեցնել մեր քաղաքական գործողությունները և միահամուռ կերպով լծվել հայրենիքի պաշտպանության գործին։
դեպի վեր
© 2011-2014 ՄԱՄՈՒԼ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են: