ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՀՀԿ-ԲՀԿ քարոզարշավային ''գզվռտոցները'' շարունակվում են
19.04.2013
Երևանի ավագանու ընտրություններին հաշված օրեր են մնացել, իսկ մինչ այդ քաղաքական ուժերը հանդիպումներ են անցկացնում երևանցիների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը, խոստումներ տալիս: Ի տարբերություն բակային այցերի բնականոն ընթացքի, համացանցում մրցակից կուսակցությունների ներկայացուցիչները բավականին ակտիվ են, ավելին, իրար հերթ չտալով իրար են փնովվում: Հատկապես ակտիվ են ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդ գործիչները:
Սամվել Ֆարմանյան, ՀՀԿ-ական պատգամավոր
Մրցակից ուժերի կողմից ընտրական օրենսդրության անգործության կամ լուրջ խախտման որևէ դեպք առայժմ չի արձանագրվել: Մրցակցային քաղաքական միջավայրն ակնհայտ է. ընտրություններին մասնակցում են առաջատար բոլոր քաղաքական ուժերը, ինչն, ինքնին բնական է, ի հակադրություն անցած նախագահական ընտրությունների, երբ խորհրդարանական երեք քաղաքական ուժեր չմասնակցեցին կարևորագույն քաղաքական գործընթացին:
Աղվան Վարդանյան, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
Իշխող կուսակցությունը նորից վարչական ռեսուրսը դրել է այս ընտրությունները մի կողմից ապաքաղաքականացնելու, իսկ մյուս կողմից ստիպողաբար ձայներ ապահովելու համար:
Արմեն Աշոտյան, ԿԳ նախարար
Ըմբռնումով ենք մոտենում այն հանգամանքին, որ քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց ՀՅԴ մեր գործընկերները փորձում են իրենց տեղը գտնել քարոզարշավային տեղեկատվական հոսքերում:
Ակնկալում ենք, որ դաշնակցական գործընկերները որպես Երևանի ավագանու թեկնածու կկայանան և լիարժեք քարոզարշավ կկայացնեն՝ հիմնվելով բացառապես սեփական ուժերի և քարոզչական գրավչության վրա:
Կարեն Ավագյան, ՀՀԿ-ական պատգամավոր
2009թ. Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ էր իրենց քաղաքապետացու Հարություն Քուշկյանի ձեռքը բռնած շրջում Երևանով մեկ ու քարոզչություն անում։ Այդքանով հանդերձ 2009թ. ԲՀԿ-ն հազիվ հաղթահարեց 20 տոկոսի շեմը։ Այն դեպքում, որ Քուշկյանը բավականին հարգված, կենսագրություն ունեցող մարդ էր։

Այսօր ԲՀԿ-ն իր ''պլանկան'' իջեցրել է. Նաիրա Զոհրաբյանը, փորձում է Օսկանյանին ''ռասկրուտկա'' անելով` ձայներ հավաքել համամասնական ցուցակի համար։
Փաստ է, որ Ծառուկյանը լվացել է ձեռքերը և չի ուզում մասնակիցը դառնալ 2-րդ կամ 3-րդ տեղի համար մղվող ընտրապայքարին:
Իվետա Տոնոյան, Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ
''Բարգավաճ Հայաստան'' կուսակցությունն ինքն է որոշում իր քարոզչական մարտավարությունը, ասել է թե երբ, որտեղ և ում մասնակցությամբ նախընտրական հանդիպումներ անցկացնել: Խնդրով մտահոգ բոլոր անձանց խորհուրդ կտամ պարզապես չմտահոգվել և զերծ մնալ հուշումներ անելուց...: ''Բարգավաճ Հայաստան'' կուսակցությունն այս պահին բավականին ակտիվ նախընտրական քարոզչություն է իրականացնում, յուրաքանչյուր օր բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, որտեղ Երևանի ավագանու ԲՀԿ-ական թեկնածուներն ու պատգամավորները ներկայացնում են կուսակցության նախընտրական ծրագրերն ու ծանոթանում են առկա խնդիրներին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր