ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Քաղաքական ուժերի գնահատականը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
06.05.2013
Ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները. կատարվեց ձայների հաշվարկ ու ԿԸՀ-ն հայտարարեց, որ Երևանի ավագանիում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարև Երևան» դաշինքը, մնացած ուժերը չեն հաղթահարել 6 տոկոսի շեմը: ՀՀԿ-ն ասաց, որ ստացել են շատ լուրջ վստահության քվե ու դա պարտավորեցնող է, ԲՀԿ-ն հայտնեց, որ իրենց տրված ձայները կարևոր են հետագա ծրագրերի մշակման համար, ՕԵԿ-ը շնորհավորեց հաղթողներին, ՀԱԿ-ը հայտնեց, որ հերթական խայտառակ ընտրություններն անց կացվեցին, ՀՅԴ-ն ասաց, որ եղավ այն, ինչ եղավ, «Առաքելություն»-ն էլ կոչ արեց «Բարև Երևան»-ին ու ԲՀԿ-ին հրաժարվել քաղաքային ավագանու մանդատներից:
Հայ Ազգային Կոնգրես
Արդեն ավանդական դարձած խայտառակ ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում. ընտրակաշառք, թաղային և ՀՀԿ-ական խուժանի միջոցով ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, ընտրական կարուսելներ, բացակաների փոխարեն քվեարկություններ, լցոնումներ, կուտակումներ տեղամասերում, ահաբեկումներ և այլն։
Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ մամուլի խոսնակ
Մենք ստացել ենք շատ լուրջ վստահության քվե և դա շատ պարտավորեցնող է։ Հասարակությունը ցույց տվեց, որ վստահում է գործին, տեսնում է իրականացված աշխատանքը։ Մեր քաղաքական թիմը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, անելու է տասնապատիկը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Թե ինչպես անցան ընտրությունները` արձանագրեցին զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներ, դիտորդական կազմակերպություններ, կազմվեցին տասնյակ արձանագրություններ, գրվեցին հատուկ կարծիքներ: ԲՀԿ նախընտրական շտաբն առաջիկա օրերին կվերլուծի կուտակված տեղեկատվությունն ու փաստերը: Մայիսի 5-ի ավագանու ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման:
Հայ Հեղափոխական Դաշնակցություն
Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:
Հովհաննես Շահինյան, ՕԵԿ
Ավելին էինք սպասում, քանի որ օգտվել էինք քարոզարշավի բոլոր հնարավորություններից, անկաշառ էինք, քաղաքակիրթ քարոզարշավ էինք անցկացրել... Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են «Օրինաց երկիր» կուսակցության օգտին և շնորհավորել հաղթող ուժերին:
«Առաքելություն» կուսակցություն
Ելնելով նման խայտառակ «ընտրություններին» համարժեք քաղաքական ու քաղաքացիական պատասխան տալու անհրաժեշտությունից, ինչպես նաև առաջիկա 4 տարում ոչ իշխանական դաշտի համախմբման ու համատեղ պատասխանատվություն ստանձնելու աներկբա հրամայականից՝ ոչ իշխանական ուժերին առաջարկում ենք` հրաժարվել քաղաքային ավագանու մանդատներից (ԲՀԿ, «Բարև Երևան»):
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր