ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Օֆշորային եռյակի» հետքերով
22.06.2013
Հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկվող գլխավոր թեմաներից մեկը «Հետք»-ի հրապարակած օֆշորային սկանդալն է, ըստ որի՝ վարչապետը Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված կազմակերպություններից մեկի բաժնետեր է, գործընկերներն էլ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն ու գործարար Աշոտ Սուքիասյանն են: Ավելի ուշ վարչապետն ու արքեպիսկոպոսը հերքեցին՝ ասելով, որ կապ չունեն այդ ամենի հետ, որից հետո էլ հետախուզվող Ա. Սուքիասյանի պարզաբանումն ի հայտ եկավ, ըստ որի՝ ինքն է վարչապետի և Կճոյանի անուններն օգտագործել օֆշորային գոտում ընկերություն գրանցելու համար, որպեսզի ապահովագրի իր բիզնեսը:
Նիկոլ Փաշինյան, ԱԺ պատգամավոր
Կառավարության անդամները բյուջեից աշխատավարձ են ստանում, և իրավունք ունենք իմանալու` երկրի տնտեսությունը ջղայնացած զարգացնելուց բացի ինչով են նրանք զբաղվում ազատ ժամանակ: Կցանկանայի պատասխանեիք մամուլի այն հրապարակումներին, ըստ որի` Տիգրան Սարգսյանը Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի հետ օֆշորային գոտում հաշվեհամար է բացել, որի արդյունքում բանկերից մեկի կողմից տրված վարկը անհայտ վիճակում է հայտնվել և որ Տ. Սարգսյանն անձամբ է դերակատարում ստանձնել...
Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ
Այդպիսի անհեթեթություն իմ մտքով երբեք չէր անցնի…դա բացատրությունների կարիք չունի: Որևէ մեկի համար դժվար չէ օֆշորային գոտում ձեռնարկություն ստեղծել օրինակ` Փաշինյանի անունով` չունենալով նրա թույլտվությունը: Ես ինքս օֆշորային գոտում չեմ գրանցել ձեռնարկություն և լիազորություն չեմ տվել գրանցելու: Այս ամենը մեկ նպատակ ունի` վարկաբեկել:
Արարատյան Հայրապետական թեմ
Այսպես կոչված «օֆշորային սկանդալի» հետ կապված, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:
Աշոտ Սուքիասյան, գործարար
Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ:
Գագիկ Համբարյան, քաղաքագետ
Զավեշտալի է, ինչպե՞ս կարող է ոմն գործարար ընկերություն բացել օֆշորային գոտում վարչապետի անունով, և վարչապետն էլ այդ մասին չիմանա։ Սա նշանակում է այն, որ ես էլ վաղը-մյուս օրը կարող եմ նախագահի կամ գլխավոր դատախազի անունից որևիցե կղզում ընկերություն բացել. դուք դա հավանական համարո՞ւմ եք:
Համլետ Հարությունյան, ԱԺ պատգամավոր
Ես չեմ ուզում որևէ մեկին պաշտպանել, բայց վարչապետը դիմել է Դատախազություն, և պատասխանը կտա Դատախազությունը: Էն մարդուն մեղադրել են, ինքն էլ դիմել ա, բայց դեռ պատասխան չկա:
Արթուր Սաքունց, իրավապաշտպան
Օֆշորային խայտառակությանը իրավական, քաղաքական գնահատականներ չտալը, չարձագանքելը կհանգեցնի բեսպրեդելի հերթական և աննախադեպ զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում... դա նշանակում է անպատժելիության մտածելակերպի արմատավորում արդեն նոր, բարձր մակարդակի վրա, որին կհետևեն նոր հանցագործություններ...
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր