ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հայաստանյան իրականությանը բնորոշ հետընտրական վայրենի երևույթ
13.07.2013
Գազի գնի թանկացմանը հաջորդեց տաքսի ծառայությունների ուղեվարձի բարձրացումը, առաջիկայում սպասվում է նաև հասարակական տրանսպորտի թանկացում: Ասուլիսով հանդես եկան հասարակական տրանսպորտը սպասարկող շուրջ 65 կազմակերպություններ. վերջինները հայտնեցին, թե պատրաստվում են գործադուլ անել, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Ունեն պարտքեր, չեն կարողանում վարկերը փակել, ուստի հարկային բեռի թեթևացում են պահանջում:
Գծի տերերի այս բողոքին ի պատասխան Տրանսպորտի և կապի նախարարն ասաց, որ դրանք առանց փաստերի խոսքեր են: Փոխարենն անդրադարձավ ուղեվարձի թանկացմանն ու հայտնեց, որ ուսումնասիրություններից հետո առաջիկա օրերին կհայտարարեն գների մասին:
Տիգրան Հովհաննիսյան, Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ
Հասարակությունն առաջին հերթին պետք է տեղեկանա, որ եթե մենք այսօր փոխադրում ենք իրականացնում, չենք ուզում գինը բարձրացնել, եկել ենք ասելու, որ մենք գնում ենք դեպի լուծարման, և եթե մեկ ամսում կառավարությունն ու տրանսպորտի նախարարությունը իրավիճակը չշտկեն, քննարկումներից հետո գործադուլի մասին որոշում կկայացնենք:
Գագիկ Բեգլարյան, Տրանսպորտի և կապի նախարար
Չեմ կարող թանկացման առավելագույն շեմ ասել, գնահատման տարբեր կարգեր կան` կախված հեռավորությունից, այնպես որ երթուղային գծերի վրա չի կարող թանկացումը միանման տարածվել: Կլինեն երթուղիներ, որ ընդհանրապես չեն թանկանա, մյուսները կթանկանան նվազագույն չափով, մի մասը ավելի շատ և այլն:
Հենրիկ Նավասարդյան, Տրանսպորտի վարչության պետ
Ամեն դեպքում՝ հասարակական տրանսպորտը կրկնակի չի կարող թանկանալ, պետք է հաշվարկել: Մենք գիտակցում ենք ժողովրդի սոցիալական վիճակը և խելամիտ գին կլինի:
Վազգեն Սաֆարյան, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ
Երկու ճանապարհ կա. բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Պետությունը հնարավորինս պիտի կարողանա սուբսիդավորել գազի գնի բարձրացման արդյունքում առաջացած ավելացված մուտքերը և սուբսիդավորել այն ոլորտները, որտեղ սոցիալական լարվածությունը կարող է մեծանալ. օրինակ` տրանսպորտ, հացի արտադրություն և մյուս պարենային ապրանքներ:
Բնակիչ
Բրազիլիայի բնակիչները տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշման դեմ իրենց դժգոհությունները արտահայտեցին զանգվածային ցույցերով: Լավ կլիներ մեր հասարակությունն էլ միավորվեր ու բողոքի ձայն բարձրացներ, խոսքը ոչ թե 3-4 հոգով պաստառ բարձրացնելու մասին է, այլ կազմակերպված բողոքի ձայնի:
Համլետ Կիրակոսյան, «Գյումրի Ասպարեզ» օրաթերթի խմբագիր
Առաջիկայում ընտրություններ չկան և արխային իրականացվում է գների բարձրացման օպերացիան. գազ, լույս, տրանսպորտ, հաց, կաթնամթերք և այլն:

Եթե կասեք սա շուկայական տնտեսությանը բնորոշ երևույթ է, ապա այքան էլ այդպես չէ. դա հայաստանյան իրականությանը բնորոշ հետընտրական, վայրենի երևույթ է...
Զոհրաբ Եգանյան, Սամվել Բալասանյանի խոսնակ
Չեմ հասկանում, թե ինչպես կարող է տաքսին 1կմ-ը 100 դրամի փոխարեն հիմա պահանջի 150 դրամ, եթե մինչ այս մեկ խորանարդ գազն արժեր միջինը 170 դրամ, իսկ հիմա 200 է դարձել: Ուզում եմ ասել, որ համարժեք չի թանկացումը, պետությունը պետք է միջամտի և դա անի շատ արագ:
Տաքսի ծառայության աշխատակից
«Մինիմալը» բնականաբար կթանկանա, բայց 1000 դրամի չի հասնի: Կան տաքսիներ, որոնց նստելավարձի նվազագույն արժեքը եղել է 500, հիմա դարձրել են 600:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր