ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Վերջին 20 տարում առաջին անգամ հաղթեց հայ ժողովրդի միասնականությունը
30.07.2013
Քաղաքապետարանի որոշմամբ հուլիսի 20-ից Երևանում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը դարձավ 150 դրամ՝ 100 դրամի փոխարեն, իսկ տրոլեյբուսների ուղեվարձը՝ 100 դրամ՝ 50 դրամի փոխարեն: Հենց նույն օրը մայրաքաղաքում սկսվեցին ընդվզումներն ու խաղաղ ցույցերը` ընդդեմ քաղաքապետարանի որոշման: Կարճ ժամանակում ստեղծվեց ակտիվիստների խումբ` «Վճարում ենք 100 դրամ», որի անդամները օրեր շարունակ ցույցեր էին անում կանգառներում` բնակիչներին հորդորելով չվճարել 150 դրամ, երթևեկել նախկին ուղեվարձով: Սրան զուգահեռ հայ իրականության հայտնի դեմքերը կազմակերպեցին «Անվճար մեքենա» ակցիան և իրենց անձնական մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխում էին տարբեր ուղղություններով:
Որոշումն ընդունելուց 5 օր անց քաղաքացիների ճնշման տակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղեվարձի թանկացման մասին որոշումը ժամանակավորապես կասեցրեց:
Լարիսա Ալավերդյան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ
Մենք պետք է վարորդներին մեր կողմը քաշենք, ես համոզված եմ, որ անհնազանդությունը տվալ դեպքում ճիշտ է: Հայաստանում ոչ թե արտագաղթ, այլ մարդկանց արտամղում է տեղի ունենում:
Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
ՀՀ իշխանությունները շատ հաճախ սադրում են հասարակությանը, սակայն չեմ հասկանում, թե ինչո՞ւ են խելոք մարդիկ տրվում այդ սադրանքին, թե՞ կա ինչ-որ մեկը, ում թվում է, որ Տարոն Մարգարյանն առանց նախագահի իմացության կարող էր 100 դրամը դարձնել 150 դրամ: Բրազիլիայում ուղևարձի թանկացումների բողոքի ակցիաների ժամանակ, երբ զոհվեց մի 18-ամյա երիտասարդ, երկրի նախագահը հետաձգեց իր այցը Ճապոնիա, իսկ մեր մոտ բոլորը միասին` Բադեն-Բադեն:
Ռազմիկ Զոհրաբյան, ՀՀԿ անդամ
Ուղեվարձի թանկացման դեմ հայտնի ու ոչ այնքան հայտնի քաղաքացիների պայքարի ընթացքը ցույց տվեց, որ դրա՝ կազմակերպված կամ ուղղորդված լինելու մասին վարկածներն անհեթեթ են: Ակնհայտ է, որ ակցիայի մասնակիցների գերակշիռ մեծամասնությունն ազնիվ մղումներով քաղաքացիներ են, որոնց մեջ արթնացել է մարդկանց օգնելու, իշխանության կողմից պարտադրվող հերթական նվաստացմանն ընդդիմանալու միանգամայն անկեղծ ցանկությունը: Այլ հարց է, որ ազնիվ քաղաքացիների այս քայլը կարող էր այս կամ այն խմբերի կողմից օգտագործվել որոշակի նպատակներով: Ոչ թե կազմակերպված լինելու պատճառով, այլ ակամայից: Փորձենք հասկանալ, թե բողոքի այս ակցիան ինչո՞վ կարող էր օգտակար լինել իշխանության համար, որը, չնայած ոստիկանական բիրտ հակազդեցությանը, այնուամենայնիվ, չշտապեց ստեղծված իրավիճակից հանգուցալուծում գտնել, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց ուղեվարձը 150 դրամ դարձնելու իր որոշումը՝ բողոքի ակցիաների 5-րդ օրը միայն: Եվս մեկ անգամ կրկնում ենք. ասվածն ամենևին այն մասին չէ, որ բողոքի ակցիան կազմակերպվել կամ ուղղորդվում էր իշխանության կողմից: Պարզապես, կազմակերպված չլինելով հանդերձ՝ այն անուղղակիորեն նպաստեց իշխանության համար կարևոր մի քանի խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելուն: Միայն թվարկենք վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում իրար հաջորդած սկանդալային իրադարձությունները, որոնցում ներգրավված են իշխանության այս կամ այն դեմքերը, տարբեր թեևերն ու բևեռները. Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած փոխհրաձգությունը, որի հետևանքով սպանվեց Ավետիք Բուդաղյանը, Վերահսկիչ պալատի հաշվետվության հրապարակումն ու քննարկումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված «օֆշորային» սկանդալը: Սրանք ներքին կյանքում տեղի ունեցած ամենաաղմկոտ իրադարձություններն էին, որոնք ուղղակիորեն կապված են իշխանության այս կամ այն ներկայացուցչի հետ, և որոնց հետ կապված հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացել: Իսկ ամենաթարմ դեպքը, որը լուրջ վտանգներ էր ներկայացնում իշխանության համար, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ավտովթարն էր և դրան հետևած իրադարձությունները, որոնք Հայաստանում հանրային դժգոհության լուրջ ալիք բարձրացին և շարունակվելու դեպքում՝ կարող էին վերաճել հակառուսական շարժման, ինչը Ռուսաստանից կախված մեր իշխանությունների համար կարող էր ճակատագրական լինել: Հիշեցնենք, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը նախորդող օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ էին տեղի ունենում՝ համեմված հակապուտինյան կոչերով ու կարգախոսներով: Եթե այդ ակցիաները շարունակվեին ևս մի քանի օր, բացառված չէր անգամ, որ ի նշան բողոքի դեսպանատան առաջ ՀՀ քաղաքացիներն այրեին Ռուսաստանի դրոշը: Հայաստանի իշխանությունը, այդ խնդրի հետ կապված, հայտնվել էր չափազանց դժվար վիճակում. Ռուսաստանի դեմ բողոքի ալիքի հիմքում ընկած էր այդ երկրում նվաստացման ենթարկված ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, որը ոստիկանական բռնի ուժերով ճնշելը, մեղմ ասած, սխալ կհասկացվեր: «Ռազմավարական գործընկերոջ» դեմ ուղղված բողոքի ալիքը չճնշելն էլ սխալ կհասկացվեր Ռուսաստանի իշխանության կողմից: Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներն ակամայից մոռացության մատնեցին վերը նշված բոլոր հարցերը՝ բողոքի ալիքն ուղղելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Վերջինս գուցե մի քիչ նեղվեց իրեն ուղղված մեղադրանքներից ու որակումներից, սակայն արդյունքում՝ իշխանությունը ձերբազատվեց շատ ավելի լուրջ գլխացավանքներից:
Հմայակ Հովհաննիսյան, քաղաքագետ
Եկեք միամիտ չլինենք, ընդամենը կասեցվել է այդ որոշման կատարումը, որի հիմքում, իմ կարծիքով, ընկած է այն հանգամանքը, որ նրանք կսպասեն հարմար առիթի, որ նորից ուժի մեջ մտցնեն այդ որոշումը կամ գուցե երբ իշխանությունների համար նպատակահարմար կլինի արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար երկրում ապակայունացում ստեղծել, այն ժամանակ նորից կմտցվի այդ 150 դրամը: Այսինքն ՝ իշխանությունը կասեցրել է որոշումը և հնարավոր է, որ այսպիսի սցենար աչքի տակ ունի. ես արդեն նշել եմ, որ իշխանությունը փորձում է ստեղծել կառավարվող ճգնաժամ, կառավարվող քաոս ու կառավարվող ապակայունացում, որպեսզի այդ իրավիճակը ներկայացնի որպես փաստարկ արտաքին ուժային կենտրոններին՝ նրանց ակնկալիքները չափավորելու համար: Իսկ ինչպես գիտենք, առաջիկայում Հայաստանը պետք է կողմնորոշվի կամ դեպի Մաքսային միություն՝ իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ միասին, կամ Եվրոպայի երկրների հետ Մաքսային միություն՝ դեպի ազատ առևտրային գոտի, ինչը չափազանց լուրջ որոշում է:
Կոնստանդին Տեր-Նաքալյան
Սա եզակի ու շատ շոշափելի ձեռքբերում էր անկախ Հայաստանի պատմության ընթացքում, սակայն ամեն դեպքում, պետք է պահպանել սթափությունն ու ադեկվատությունը: Այո, արդարության համար մղված պատերազմում մի ճակատամարտ հաղթանակով պսակվեց, բայց պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է տվյալ ճակատամարտը: Ալիքը նստել է, բայց ոչ մի տեղ ասված չէ, որ այն նորից չի բարձրանա ընդդեմ մեկ այլ կամ վերստին ծագած միևնույն խնդրի դեմ... Կապրենք` կտեսնենք:
Վահե Գրիգորյան, փաստաբան
Արդեն նկատեցի հաղթանակի վերաբերյալ հայտարարություններ ու ստատուսներ, մինչդեռ Տարոնն ընդամենը կասեցրել է իր իսկ կայացրած որոշումը, քանի որ անվավեր ճանաչելու դեպքում պատասխանատվության պետք է ենթարկվեն դրա կիրառումն ապահոված բոլոր անձինք:
Այդ որոշումը պետք է անվավեր ճանաչվի, եթե ոչ իր, ապա դատարանի կողմից: Մնացածը՝ լոլոներ են: Այս գործը մինչև վերջ հասցնելու միակ ձևը նման որոշման անվավերության հասնելն է, կայացնողին և ի կատար ածողներին էլ` պատասխանատվության ենթարկելը:
Լալա Մնացականյան, դերասանուհի
Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը ես չեմ գտնում, որ պետք է բարձրացվի։ Այստեղ հարցը Տարոն Մարգարյանը չէ։ Մինչ այդ ինքն աշխատել է նորմալ, և տրանսպորտի այս ուղեվարձի գնի բարձրացման հարցը Տարոն Մարգարյանը չէ, որ որոշում է։ Առանց ղեկավարության՝ Տարոն Մարգարյանը ոչ մի բան ինքնագլուխ չի որոշում։Տարոն Մարգարյանը երևի մեջներից իր բարոյական կերպարով ամենակարգինն է։ Իմիջիայլոց, թիրախն ուղղել են հենց Տարոն Մարգարյանի դեմ։ Բոլորն անձնավորում են, անձի դեմ են դուրս գալիս, չի՛ կարելի։ Դրա համար էլ և՛ պայքարողները, և՛ չպայքարողները հայտնվել են նույն կաթսայի մեջ։
Աղվան Վարդանյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր
Առաջին իսկ պահից ակնհայտ էր, որ այդ որոշումը մի քանի առումներով սխալ էր: Այս կարգի համապարտադիր որոշումը չէր կարող այդքան հապճեպ և թաքուն կայացվել: Մի որոշում, որ տարածվում է բոլորի վրա և պարտադիր է, չի կարող անհատական որոշում լինել: Այն առնվազն պետք է լիներ նորմատիվային ակտ և կայացնելուց առաջ մանրամասն ու հրապարակային քննարկվեր: Որոշումը սխալ էր ի սկզբանե: Եվ հետո, մենք այդքան խոսում ենք բիզնեսի քաղաքականության տարանջատման մասին: Արդյո՞ք այստեղ շահերի բախում չկա. ես ինչպես կարող եմ սակագին բարձրացնել մի ոլորտում, որ ինքս բիզնես շահեր ունեմ: Որոշումը նաև բացարձակապես չէր կարող հիմնավորված լինել: Այսօր տրանսպորտի համակարգում ունենք մի վիճակ, երբ ֆինանսական հոսքերն անվերահսկելի են: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ գումարներ են գոյանում, ինչպես են դրանք բաշխվում ու վերաբաշխվում: Ուղղակի անհնար է ճշգրիտ հաշվարկ անել, քանի դեռ չունենք միասնական վճարային համակարգ, երբ թափանցիկ ու պարզ կդառնանա, թե յուրաքանչյուր դրամն ինչպես է առաջանում ու բաշխվում: Այժմ այդ ամենն անվերահսկելի է, ստվերային հսկայական ֆինանսական հոսքեր կան համակարգում: Եվ հետո՝ ունենք տրանսՈչ ոք չի կարող ասել, թե ինչ գումարներ են գոյանում, ինչպես են դրանք բաշխվում ու վերաբաշխվում:պորտով զբաղվող և մասնավոր և պետական կազմակերպություններ՝ ավտոբուսային պարկեր: Մոտեցումը չի կարող նույնը լինել: Ունենք կազմակերպություններ, որոնց, անելիքն անհստակ է, բայց նրանք ֆինանսական հոսքեր են տնօրինում: Հիմա, երբ քաղաքապետը կասեցրել է որոշումը և առաջարկում է ստեղծել հանձնաժողով, շատ կարևոր է, որ ընդգրկվեն նաև այս շարժման ակտիվ ներկայացուցիչները: Հետո միայն հնարավոր կլինի խոսել սակագնի ոլորտում միասնական համակարգի ներդրման մասին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր