ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս «Կարմիր Խաչին» հանդիպել մեր ռազմագերու հետ
14.08.2013
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Մեկ օր անց պարզ դարձավ, որ սահմանը հատած հայ զինվորին տեղափոխել են Բաքու ու հանձնել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Այնուհետ համացանցում հայտնվեց Հակոբի ՙհարցազրուցը՚ ադրբեջանական հեռուստաալիքին, որը ևս մեկ անգամ հաստատեց տեսակետը, ըստ որի՝ հայ զինծառայողը դարձել է ադրբեջանական սադրանքի ՙզոհը՚: Հարազատները պնդեցին, որ Հակոբին ճնշումների են ենթարկել, այլապես նա այդպես չէր խոսի:
Հակոբի հարազատներն ու ՊՆ-ն այս պահին սպասում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի քայլերին: Վերջիններին դեռ չի հաջողվել հանդիպել Հակոբին:
Հրայր Ասլանյան, օգտատեր
Հայկական բանակում ծառայում են քաջ, արի ու խիզախ զինվորներ, որոնք երբևէ չեն դավաճանի իրենց երկիրը: Ինչ պատճառ էլ լինի, չի կարող հայ զինվորն անցնել սահմանը: Նա ընդամենը ու հաստատ մոլորվել է: Այս ամենը սուտ է և մենք նման ստերին չենք հավատա: Ինչպես միշտ Ադրբեջանը ցույց է տալիս, թե ինչքան կարող է սուտ ապատեղեկատվություն տարածել, որպեսզի վատ կարծիք կազմեն հայկական բանակի մասին: Չի կարող նման բան լինել: Հայկական զինվորը միշտ եղել է կա ու կմնա ամենախիզախ, ամենամարտունակ ու ամենա, ամենա զինվորն ամբողջ աշխարհում:
Հարություն Ինջիղուլյան, Հակոբի եղբայրը
Նա նորմալ ծառայող է եղել և ոչ զորամասում, ոչ էլ հրամանատարական կազմի հետ երբևէ խնդիր չի ունեցել: Իմ կարծիքով` ոչ թե նա ինքնակամ է լքել տարածքը, այլ նրան դիրքերից տարել են: Ամեն զինվոր չի կարող սահմանն անցնել: Ականապատ տարածքն անցնելն այնքան էլ հեշտ չէ:
Գևորգ Ինջիղուլյան, Հակոբի հայրը
Ինչպե՞ս կարող է Կարմիր խաչը ռազմագերուց նորություն չունենա, բայց հարցազրույց անցկացնեն առանց Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայության:
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ
Օրեր են անցել, բայց Կարմիր Խաչին դեռևս չի հաջողվում հանդիպել Հակոբ Ինջիղուլյանին: Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս միջազգային կառույցի ներկայացուցիչներին հանդիպել մեր ռազմագերու հետ: Այստեղ ևս խախտվում են միջազգային կազմակերպությունների գործունեությունը չխոչընդոտելու մասին մի շարք համաձայնագրեր, որոնք ստորագրվում են տվյալ պետության և միջազգային կառույցների միջև, բայց փաստը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմն ի վիճակի չէ նույնիսկ դրանք հարգել:
ՀՀ Պաշտպանության նախարարություն
ԿԽՄԿ-ն հայկական իշխանություններին տեղեկացրել է, որ իրենց Բաքվի գրասենյակը գերության մեջ պահող պետության հետ երկխոսության միջոցով շարունակում է ջանքեր գործադրել Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին այցելելու ուղղությամբ: Հուսանք, որ ԿԽՄԿ ջանքերը հաջողությամբ կպսակվեն, և կկանխվեն անցանկալի հետևանքները:
Արծրուն Հովհաննիսյան, ՊՆ մամուլի քարտուղար
Հ. Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր