ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կոմիտաս 5-ի շարժումը շրջադարձային է լինելու
26.08.2013
Հանրային դժգոհության առումով Կոմիտաս 5-ի շարժումը երկրորդն է տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայից հետո: Բնակիչներն ու ակտիվիստները դուրս են եկել փողոց՝ պայքարելու բակում կառուցվող բազմահարկ շինության դեմ: Բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից կիրառվող բռնությունները, մարդկանց բերման ենթարկելը էլ ավելի են սրում իրավիճակը:
Քաղաքապետարանն ասում է՝ բողոքողների շարքերում ավելի շատ ակտիվիստներ են, քան բնակիչներ: Վերջինները հակառակն են պնդում:
Ակցիայի ընթացքում քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը ծեծի ենթարկվեց ոստիկանների կողմից՝ ոստիկանանական մեքենայի մեջ: Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվելուց հետո Կիվիրյանը տեղափոխվեց Նոր Նորքի հիվանդանոց: Պարզվել էր, որ նա գլխուղեղի ցնցում է տարել: Բերման էր ենթարկվել նաև ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Բնակիչ
Բոլորս համախմբված չենք ուզում, որ էստեղ որևէ շինություն լինի, որը հակասում է բոլոր նորմերին, անզեն աչքով երևում է, որ այստեղ հնարավոր չէ շենք կառուցել: Արևս փակում են, ի՞նչ կարող եմ ասել, լույսս փակում են:
Հովհաննես Ազոյան, դերասան
Հայաստանի իշխանություն, դու երբեք չես արժանանա քո ժողովրդի հարգանքին ու վստահությանը, որովհետև քո թիմում են խաղում անգրագետները, ոստիկանի կոչումից զզվող ոստիկանները, կնոջը ստորացնողները, աշխատել չսիրողները, ոգով կաշառակերները, քծնողները, չտեսներն ու դավաճանները... ու քո սեփական դավաճանի ձեռքով էլ կսպանվես մի օր... Ցավում եմ:
Հայկ Մարության, դերասան
1. Բրավո բնակիչներին պայքարելու համար, դուք անում եք այն, ինչ պարտավոր էին անել քաղաքային իշխանությունները։

2. Ոստիկանները, ինչպես միշտ, ուղղում են իրենց ուժը սխալ ուղղությամբ. իրական կարգը խանգարողներին թողած՝ ընկել են դրանց զոհերի հետևից։

3. Եթե ոստիկանությունը գոնե մի քիչ մտածեր ժողովրդի մասին, առաջին հերթին պետք է այս իրավիճակում կանչեր շտապ օգնության մի քանի բրիգադա։

P.S. Արա դե հոգնանք էս անտերությունից, էս պետությունը տեր ունի, թե՞ չէ:
Արգիշտի Կիվիրյան, ակտիվիստ
Ինձ բռնությամբ տարան, ավտոմեքենայի մեջ ինձ հայհոյում և հարվածում էին, այնպիսի լկտի հայհոյանքներ էին հնչում, որ ես պատասխանեի: Հետո սկսեցին ասել` դե պատասխանի, պատասխանի: Այսինքն` ամեն կերպ փորձ էր արվում սադրել ինձ, որպեսզի ես ինչ-որ գործողություն ձեռնարկեի: Պարզ է, ես ոչինչ չէի ձեռնարկում, որովհետև հասկանում էի, որ գործ են սարքում: Ես աշխատելով փաստաբան` ծանոթ եմ ոստիկանական համակարգի գործ սարքելու մեթոդներին:
Գալուստ Սահակյան, ԱԺ պատգամավոր
Ես չեմ կարծում՝ որևէ ոստիկան, եթե քաղաքացին նախահարձակ չլինի, կգնա էդ ճանապարհով: Եթե հարձակվում է, ոստիկանին ուզում է չանչերով ինչ-որ մի բան ապացուցել, բնականաբար, ոստիկանը օրենքի մարդ է, պիտի:
Կարեն Անդրեասյան, Օմբուդսմեն
Կոմիտաս փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը: Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Արդեն պատրաստ է և կուղարկվի մեր պաշտոնական հարցումը Ոստիկանությանը: Ի թիվս այլ հարցերի՝ մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի և այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր