ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
Ի՞նչ սպասել Մաքսային միությունից
15.09.2013
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու վերաբերյալ, ընդվզումների ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանում: Բողոքի ցույցեր սկսվեցին նախագահական նստավայրի մոտ: ՙՀայաստանը Մաքսային միությանը միանալու ցանկություն չունի, մարդիկ դեմ են ՍՍՀՄ-2-ին՚,- ասում էին նրանք: Քաղաքական շրջանակներում ևս տեսակետները խիստ իրարամերժ էին: Իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ թե ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական, թե տնտեսական առումներով Հայաստանի համար շահավետ է Մաքսային միությանը միանալը: Տնտեսագետների կարծիքով՝ սպասվում է Մաքսային միությունից ներմուծվող ապրանքների հնարավոր էժանացում, ինչպես նաև երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների հնարավոր թանկացում:
Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ
Հայաստանն ընկրկեց ակնհայտ և լկտի ճնշման արդյունքում, դա անհերքելի փաստ է` չնայած հայաստանյան իշխանությունները փորձում են հակառակն ասել: Ռուսաստանն ասաց իր ասելիքը, Սերժ Սարգսյանն ընկրկեց և պատասխանեց դրան: Իսկ Հայաստանի քաղաքացու ասելիքն առայժմ չի երևում: Ես կասկած չունեմ, որ ՀՀ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը համաձայն չէ իր երկիրը դնել ռուսական կեղտոտ և արյունոտ «սապոկի» տակ:
Հայ Ազգային Կոնգրես
Կատարվածի մեջ բացարձակապես չպետք է մեղադրել ոչ Եվրոպական Միությանը, ոչ էլ Ռուսաստանին: Եթե պետք է մեղավոր փնտրել, ապա դա ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը և նրա ավազակապետական ռեժիմը, որն այդպես էլ չհասկացավ քաղաքականության և կազինոյի տարբերությունը:
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար
Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ ՌԴ-ի հետ, մենք ցանկանում ենք բոլոր ուղղություններով սերտ համագործակցել ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ: ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն ավելի սերտ են, քան երբևէ: Ուրախ ենք նաև, որ ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններն էլ լուրջ հիմք ունեն:
Նիկոլ Փաշինյան, ՀԱԿ խմբակցության պատգամավոր
Մոսկովյան իրադարձություններից հետո ՀՀ-ն կանգնած է աշխարհաքաղաքական ճգնաժամի նախաշեմին, իրավիճակ, որ նախկինում երբեք չի արտահայտվել նման սրությամբ: Այսօր հասարակությունն ինքնիշխանության կորստի մասին է խոսում: Ինչո՞ւ է ԱԺ-ն մեկուսացած պրոցեսից ու փորձագիտական առումով տեղեկություններ չունի դրա աշխարհաքաղաքական իմաստի վերաբերյալ:
Հայ Հեղափոխական Դաշնակցություն
Հայաստանի իշխանություններից պահանջում ենք երկրի համար նման ճակատագրական որոշումներ կայացնելիս տեղեկացնել հասարակությանն ու որոշման մասնակից դարձնել քաղաքական ուժերին։ Այժմ, երբ նախատեսվում է սկսել Մաքսային միությանը մաս կազմելու գործընթաց, անհրաժեշտ է հարգել այս գործելաոճը։
Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխնախագահ
Նրանք, ովքեր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում փորձում են վերջակետ դնել, մեղմ ասած, սխալվում են, քանզի եվրասիական և եվրոպական տնտեսական ինտեգրման գործընթացները մենք դիտարկում ենք որպես փոխլրացնող: Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ և հետամուտ լինելու բարեփոխումների իրականացմանը:
Բագրատ Ասատրյան, ԿԲ նախկին նախագահ
Արտաքին առևտրի առկա կառուցվածքի պայմաններում, երբ մեր երկրի հիմնական գործընկերները հանդիսանում են ԵՄ երկրները, մաքսային նոր ռեժիմների կիրառումը նախևառաջ կհանգեցնի որոշակի թանկացումների:
Շտեֆան Ֆյուլե, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար
Անդամությունը Մաքսային միությանը համատեղելի չէ ԽՀԱԱԳ-ների հետ, որոնց շուրջ բանակցում էինք Ուկրաինայի, Մոլդովիայի, Վրաստանի և Հայաստանի հետ: Պատճառը գաղափարական տարբերությունները չեն, և խոսքը տնտեսական բլոկների բախման կամ զրոյական արդյունքով խաղի մասին չէ: Պատճառն իրավական անկարելիություններն են. օրինակ` հնարավոր չէ միևնույն ժամանակ իջեցնել մաքսային սակագները, ԽՀԱԱԳ-ների համաձայն, և բարձրացնել դրանք որպես Մաքսային միության անդամ պետություն: Եվրասիական տնտեսական միության ծրագիրը պետք է հարգի մեր գործընկերների ինքնավար որոշումները... Ռուսաստանի կողմից ցանկացած սպառնալիք, կապված Եվրոպական միության հետ համաձայնագրերի հնարավոր ստորագրման հետ, անընդունելի է:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր