ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Տրանսպորտի թանկացումը ժողովրդի «վզին փաթաթելու» բոլոր քայլերը ձեռնարկված են
29.09.2013
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ քաղաքապետը տրանսպորտի ուղեվարձի քննարկման հանձնաժողով է ստեղծել. առաջին նիստը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին: Ծանոթանալով հանձնաժողովի կազմին՝ կարելի է ասել, որ թանկացմանը հրապարակավ դեմ արտահայտված շատ քիչ մարդ կա, մեծ մասը քաղաքապետարանի պաշտոնյաներ են, կամ չեզոք ՀԿ-ներ, կամ էլ` գծատերերի ներկայացուցիչներ: Բնականաբար, մի քանի ընդդիմախոս ՀԿ-ների քվեարկության արդյունքն ամենևին չի խանգարի իշխանության կողմից նախօրոք պլանավորված ցանկալի արդյունքին հասնելուն:
Այդ դեպքում՝ ինչ սպասել հանձնաժողովից:
Արմեն Պողոսյան, հանձնաժողովի անդամ
Միայն ցուցակին նայելով կարելի է ենթադրել, թե հանձնաժողովն ինչ որոշում կընդունի: Ով հավաքում է հանձնաժողովը, նա էլ դառնում է իրադրության տերը: Չէի սպասում, որ այդտեղ ևս որոշումները կընդունվեն քվեարկության միջոցով, քանի որ կա ավագանի և այդ մեխանիզմն արդեն մշակված է: Փաստորեն ամեն ինչ արվում է, որ ուղևորավարձը թանկացնելու որոշում ընդունվի:
Արամ Գրիգորյան, «Հասարակական պաշտպան» հ/կ նախագահ
Քաղաքապետին պետք է հորդորել և ասել, որ օրենքի սահմանում պետք է որոշում ընդունի, առաջին հերթին ուշադրություն դարձնի ծառայությունների որակին, հետո գնին։ Իսկ որակը կարող է լինել երթևեկող մեքենաների տեսքը, երթուղին, հաճախականությունը, այդքանը ապահովելուց հետո պետք է հաշվարկել ու ասել, որ այս որակի երթևեկությունը կարող է արժենալ այսքան:
«Առաջին լրատվական»
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարի պիկի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ հանձնաժողով է ստեղծվելու, որը բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելու է թանկացման խնդիրը և սոցիալական խմբերի հարցերը: Այսօր, սակայն, այդ կազմով հանձնաժողովը նման խնդիր դժվար թե կարողանա լուծել:
«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներ
Փորձ է արվում առանց համակարգային բարեփոխումների թանկացնել ուղեվարձը: Մենք հրաժարվել ենք այդ հակասահմանադրական և ձևական հանձնաժողովի մաս կազմել և նախաձեռնում ենք իրական հանրային շահը պաշտպանող հանձնաժողով տրանսպորտային համակարգի:
Նախաձեռնում ենք հանրային հանձնաժողով տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու համար:
Հանրային հանձնաժողովում բաց սկզբունքով կներգրավվեն տարբեր շերտերի ներկայացուցիչներ` տնտեսագետներ, իրավաբաններ, ուղևորափոխադրողներ, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական միավորներ, վարորդներ, սպառողներ։
Հայկ Մարության, դերասան
Պայքարելու նոր ձևեր մշակվել են, բայց դրանք չեմ կարող ասել, քանի որ գաղտնիք է, իսկ գաղտնիքը չի կարելի բացահայտել, որ պետք եղած ժամանակ սյուրպրիզ լինի մեր օպոնենտների համար: Այո, կան նոր «սյուրպրիզային» ձևեր, որոնց մասին կասենք այն ժամանակ, երբ որ ժողովրդի կամքին դեմ նոր որոշում կայացվի: Համենայնդեպս, անցած անգամ, ես կարող եմ ասել, որ այդ որոշումը ժողովրդի կամքին դեմ էր: Ու ժողովուրդն էլ ոտքի կանգնեց, քանի որ մարդիկ իսկապես չէին կարողանում այդ գումարը տալ: Կարելի է ասել՝ ճարահատյալ պայքար էր:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր