ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Զորի Բալայանի նամակը
17.10.2013
Վերջին շրջանում զանգվածային լրատավության միջոցներում բուռն քննարկման թեմա դարձավ Զորի Բալայանի նամակն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այն լուրջ քննադատության ենթարկվեց ոչ միայն Հայաստանում, այլև՝ Ադրբեջանում: Գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Զ. Բալայանին հիմնականում սկսեցին մեղադրել Ղարաբաղը ռուսներին «վաճառելու» պատրաստակամության մեջ` չնայած, որ նամակում այդ մասին որևէ խոսք, կամ` ակնարկ չկա: Տեղեկացնենք, որ Զորի Բալայանն այս մասին բարձրաձայնում է արդեն երրորդ անգամ, սակայն նման արձագանքի դեռ չէր արժանացել:
Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն
Դեռևս տեղեկություն չկա, թե Արցախյան հակամարտության կարգավորման ի՞նչ փոխզիջումային տարբերակ են նախապատրաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Եթե կա որոշակի լրատվություն, որ խնդիրն արդեն նախնական տարբերակով լուծման ճանապարհին է, այսինքն, եթե նախապատրաստվում է հակահայկական լուծման մի տարբերակ, ապա Զորի Բալայանի նամակը պետք է ընկալել որպես ահազանգ: Այն, որ պարսկական տիրապետության համեմատ, ռուսականը նախընտրելի էր, երկրորդ կարծիք լինել չի կարող: Լեոն այն համարել է չարյաց փոքրագույնը: Այդ իմաստով, Գյուլիստանի պայմանագրի մասին պետք է խոսել դրական առումով, բայց պետք է բաղդատել անկախությունը Ռուսական տիրապետությունից: Արցախի անկախությունը միանշանակ վեր է ամեն ինչից:
Գարիկ Քեռյան, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ
Անշուշտ, Զորի Բալայանն այն տրամաչափի քաղաքական գործիչը չէ, որ իրազեկված լինի ղարաբաղյան բանակցային գործընթացին: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ինչ-որ բան հուշելուն, կամ՝ իրազեկելուն, ապա այն կարող էր իրականացվել բոլորովին այլ ձևաչափով: Գյուլիստանի պայմանագիրն այսօր իրենից որևէ արժեք ներկայացնել չի կարող, որովհետև այն կնքվել է Ռուսական կայսրության և Շահական Պարսկաստանի միջև այն ժամանակ, երբ Կովկասում այլ անկախ ազգային պետություններ չեն եղել: Երկու մեծ պետություններ՝ Կովկասում տեղի ունեցած պատերազմի արդյունքում կատարել են տարածքային բաժանում: Հիմա ոչ Ցարական կայսրությունը գոյություն ունի, ոչ էլ Շահական Պարսկաստանը և արդեն 200 տարի է Կովկասյան տարածաշրջանում այլ տարածքային բաժանումներ են: Եթե այն տրամաբանությամբ շարժվենք, որ անընդհատ հին պայմանագրերը վերցնենք և պետություններին պատասխանատվության կանչենք, ասելով, որ դու այս թվին այս պայմանագիրն ես կնքել, այն թվին մեկ այլ, ապա դա չի կարող ընդունելի լինել ոչ միջազգային իրավունքի, ոչ էլ ներկա քաղաքական իրավիճակի տեսանկյունից: Ես համարում եմ, որ դա էմոցիոնալ գրողի արարք է և ես այդտեղ լուրջ քաղաքական իմաստ ես չեմ տեսնում:
Զորի Բալայան, գրող, հրապարակախոս
Ես վաթսուն տարվա հրապարակախոս եմ և այն, ինչ գրել եմ հիմա, նույնը գրել եմ և 1988 թ-ին, և 2003 թ-ին և որևէ մեկն այդպիսի հարց չի բարձրացրել: Հիմա ինչ-որ մեկն այսպես ասած՝ շփոթեցրեց և պրովոկացիա արեց, մնացածը սկսեցին բառիս բուն իմացտով կեղտոտ բաներ ասել իմ հասցեին: Այս պահին ինձ ավելի շատ հետաքրքրում է այն, որ մեղք է այս ժողովուրդը և պետք չէ նման անհեթեթություններ տարածել: Պետք է մարդկանց բացատրել, թե ինչպես են այդ նամակն օգտագործել այդ անհեթեթությունները տարածելու համար, որի մասին խոսելը բացարձակապես լուրջ չի: Հատկապես իմ դեմ:
Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
Դեմ եմ այն մոտեցումներին, որ վերջին ժամանակներում սկսվել է տարվել ու քարոզվել մեզանում: ԼՂՀ-ի անկախությունը մենք նվաճել ենք ինքնուրույն՝ մեր արյան գնով, անկախ նրանից, թե զենքը որ կողմից ենք ստացել: Իշխանությունները իրենց իշխանությունը պահելու, հարստությունը պահելու միակ միջոցը տեսնում են անկախության կորուստի մեջ: Հարգելի՛ իշխանություն, ձեր հարստության պահպանության միակ միջոցը անկախության պահպանությունն է:
Զարուհի Փոստանջյան, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն»
Պարզվում է, հազարավոր մարդիկ Ղարաբաղում զոհվել են այն բանի համար, որպեսզի Ռուսաստանը կարողանա վերականգնել Գյուլիստանի պայմանագիրն ու իր գերիշխանությունը Ղարաբաղում: Պարզվում է, Ղարաբաղը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի խնդիրն է:
Հրանտ Միքայելյան, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ
Հավատացեք` Պուտինը չի էլ կարդա այդ 18 էջանոց նամակը։ Եթե նրան հետաքրքրի պատմական իրադարձությունները, նա Բալայանից չի հարցնի, ինչ պայմանագիր է կնքվել, այլ իր խորհրդակիցներից։ Այնպես որ, փուչ կրակոց էր՝ ոչ մի նպատակ չհետապնդող: Ուղղակի այստեղ համընկավ նամակը ԵՄ Ասոցացման և ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշման և քննարկումների հետ։ Այդ պատճառով, եթե ուշադրություն դարձնեք՝ քննադատողներին և կողմ դուրս եկողներին, կտեսնենք, որ քննադատում են ԵՄ Ասոցացման կողմնակիցները և կողմ են արտահայտվում ՄՄ-ին անդամակցելու կողմնակիցները։ Սրա ռեակցիան նամակի հետ կապ չունի և արտաքին հարաբերությունների հետ է կապված:
Lragir.am, լրատվական կայք
Զորի Բալայանի նամակն ակնհայտորեն նրա անձնական նախաձեռնությունը չէ՝ այն համաձայնեցված է Երևանի և գլխավորը՝ Մոսկվայի հետ, որին նա ընդունում է որպես իր գլխավոր մայրաքաղաք: Ռուսաստանին հավերժ հնազանդության հաստատման «մեծ առաքելության» համար հատուկ ընտրվել է ծագումով ղարաբաղցի այս մարդը, «Ադրբեջանի սարսափը», ով կանգնած է եղել շարժման ակունքներում և մինչ այժմ կանգնում է Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարների կողքին բոլոր միջոցառումների ժամանակ: Նա վաղուց վեր է ածվել «հայրենասիրական դեկորի», և հենց նրա անունն է ամենաշատը սազում Ղարաբաղի կապիտուլյացիայի պակտին:
Էլնուր Ասլանով, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների և տեղեկատվության վարչության նախագահ
Շատ լավ կլիներ, որպեսզի ադրբեջանցի պատմաբանները ուշադրություն դարձնեին խայտառակված գրող Զորի Բալայանի՝ Մոսկվա ուղարկված, ստի, կեղծիքների հիման վրա գրված նամակին և արժանի պատասխան տային: Բալայանը սպասում է սրան: Նա ինքն է նամակում խոստովանել, որ ադրբեջանցի գիտնականներն անպայման կանդրադառնան իր մտքերին:
Զորի Բալայանը պետք է ոչ թե նամակ գրի ՌԴ նախագահին, այլ հոգեբուժարանի հիվանդասենյակի պատերին նկարի: Վաղուց այդ ժամանակը եկել, անցել է:
Իրականում դժվար է մեկնաբանել Զորի Բալայանի անբարոյականության և հիվանդ երևակայության հերթական արգասիքը: Առաջինն այն պատճառով, որ դժվար է իջնել նրա մակարդակին ու վիճաբանել: Երկրորդը, ոչ մեկ չի հավատում հայ ազգայնական Բալայանին, որը խոսում է Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերից և միևնույն ժամանակ պատասխանատու է խաղաղ բնակիչների, անմեղ կանանց ու երեխաների սպանդի համար: Երրորդը, իր նամակում Բալայանը միտումնավոր կերպով չի անդրադառնում ամբողջ աշխարհի կողմից ճանաչված Խոջալուի ցեղասպանությանը և խեղաթյուրում է պատմական փաստերը: Խորհուրդ կտանք Բալայանին դատարկաբանություններին հավատացող հայ ազգայնականներին ծանոթանալ Մոնթե և Մարգար Մելքոնյանների «Իմ եղբայրների ճանապարհը» գրքի հետ, որտեղ բացահայտ կերպով խոսվում է ադրբեջանցի խաղաղ բնակիչների նկատմամբ վայրագությունների մասին: Եվ վերջապես Զորի Բալայանը ինքն էլ շատ լավ գիտի այս փաստերի մասին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր