ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Օ՜ կառավարության «բովանդակալից» պատասխանը
16.11.2013
«Օ՜ կառավարություն, մի՞թե հնարավոր չէ հետաձգել վարչական ապարատի շենքերի ֆասադների և տանիքների վերանորոգումը և այդ 200 միլիոն դրամը տրամադրել սահմանամերձ գյուղերի դպրոցների, բուժհաստատությունների վիճակը բարելավելու համար»,- ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին պատասխանեց ՀՀ վարչապետը: Նրա պատասխանը կարճ էր և «բովանդակալից»: Հայտնի դարձած հարց ու պատասխանի մասին իրենց տեսակետներն են հայտնում հասարակական-քաղաքական գործիչները:
Մարգարիտ Եսայան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Յուրաքանչյուր ոք, առավել ևս պետական քաղաքական գործիչը, իրավունք ունի ցանկացած հարցի պատասխանել այնպես, ինչպես ինքը հարմար է գտնում: Երկրի վարչապետը այդ հարցին հարմար գտավ պատասխանել այդպես՝ լակոնիկ: Դա բացառապես իր իրավունքն է և ինձ համար վարչապետի նման պատասխանը բացարձակ վիրավորական չէ:
Հայկ Մարության, դերասան
Ա՜, ինձ դուր է գալիս այս ոճը: Մարդը կարճ, կոնկրետ, առանց «գլուխ արդուկելու», պատասխանում է: Առաջարկում եմ այս հնարքը հայկական քաղաքականությունում այսուհետ անվանել «Տրգրան Սթայլ»: Այս «սթայլ»-ը կհամալրի ՀՀԿ-ի այնպիսի հայտնի «Սթայլ»-երի ցուցակը, ինչպիսիք են «Գալու Սթայլ», «Շարմա Սթայլ» և այլն: Խնդրում եմ չնեղանալ այն մարդկանց, ում չեմ նշել այս ցուցակում: Բոլորն էլ ունիկալ են և տեղ ունեն մեր սրտերում:
Տիգրան Ուրիխանյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Ծիծա՛ղ, միայն ծիծա՛ղ: 13.11.2013թ-ին կոռեկտ ու կիրթ հարց տվեցի վարչապետին, որի պատասխանը, արդեն վստահ եմ, լսել է ամբողջ աշխարհն ու հետևություններ արել:
Համացանցը հեղեղված է հարց ու պատասխանի տեսանյութով, բայց արի ու մի տես ‹‹Արմնյուզը››, չնայած դրան, նյութը մոնտաժեց, ուղիղ խոսքս կտրեց ու 100%-անոց սուտ մատուցեց հեռուստադիտողին: Սու՛տ, բացարձակ սու՛տ: Բայց չէ՞ որ ձեր պրոֆեսիոնալիզմն եք հարցի տակ դնում, սիրելի գործընկերներ, չէ՞ որ միևնույն է բոլորն արդեն ճիշտը գիտեն:
Եվ ամեն անգամ, երբ ժողովրդի շահից խոսելուցս հետո փորձեք ապատեղեկատվություն տարածել, հիշե՛ք, որ դրանով իսկ լրացուցիչ առիթն եք ստեղծում ճիշտն ու ճշմարտությունը նորից շրջանառելու, որովհետև անկախ լրատվական կայքերում ու սոցիալական ցանցերում իրական նյութը դիտողների թիվը հարյուրավոր անգամներ գերազանցում է ձեր լսարանը: Իսկ ես ամեն ձեր ապատեղեկատվությունից հետո տարածելու եմ ճշմարտությունը, որպեսզի հայրենակիցներս իմանան:
Էլինար Վարդանյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Բարձրացված խնդիրն իրականում հասարակությանը հուզող խնդիր է, մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի վիճակում են գտնվում այսօր մարզերում բազմաթիվ կենսական նշանակություն ունեցող հաստատություններ, մինչդեռ բյուջեով ավելի առաջնային է համարվել վարչական շենքերի ֆասադների վերանորոգումը։ Ես, անկեղծ ասած, ոչ ընդունելի վարքագիծ եմ դա համարում կառավարության կողմից ԱԺ պատգամավորի հանդեպ և միևնույն ժամանակ նման արհամարհական վերաբերմունքով արտահայտվում է կառավարության վերաբերմունքը հասարակությանը հուզող հարցերի նկատմամբ:
Կարեն Ավագյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
«Օ՜ կառավարություն» դիմելաձևը չեմ կարծում ամենապաշտոնական դիմելաձևն է, ուստի հնչեցված հեգնական դիմելաձևին, ադեկվատ և սպառիչ պատասխան է հնչեցվել վարչապետի կողմից:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր