MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Tomorrow:+20 °C
Վահան Տերյան, Բանաստեղծություններ
19:41, 04.08.2014
6204 | 0

11. ՔԱՂԱՔ

Սև ճիրաններդ, անհաղթ Բաբելոն,
Դու երկարում ես արձակ դաշտերում,
Քո, պաղ շենքերի մութ նկուղներում
Դու, կույր, պահում ես, մի ահեղ ցիկլոն։

Քո ցուրտ լույսերի անխոս խնդությամբ
Դու դաժանորեն նայում ես հեռուն,
Քո պալատների ներքնահարկերում
Դու, խենթ, սնում ես մի պայծառ վիշապ։

Եվ այնտեղ, այնտեղ քո դղյակներում,
Ուր օրգիաների կոշմարն է խոսում,
Քո խնջույքների լպիրշ քաոսում -
Ալ-ուրվականն իր դաշույնն է սրում։
(1908)

12.* * *

Իմ դուռը բաց է, եկե՛ք բոլոր
Անուղիներըդ, բաց է հոգիս,
Ով թափառում է ուղեմոլոր.
Ում սիրտը չունի քուն ու հանգիստ...
Ում հոգին խոց է, ում օրը` մութ,
Ում տխրությունը դառն է ու խոր,
Վառ է իմ բոցը, կանչըս՝ անսուտ,
Եկե՛ք բոլորըդ - որբ ու անզոր։
Ես էլ անգետ եմ, մոլոր ձեզ պես,
Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ,
Բայց միշտ ձեզ հետ եմ, եղբայր եմ ձեզ,
Ձեզ պես անզոր եմ, ձեզ պես անզեն։
Հոգիս բացված է ծաղկի նման,
Իմ սերը խորն է և անսպառ,
Չէ՞ որ լոկ սերն է, սերն է վահան,
Եվ սիրտն է, սիրտն է սրտին ասպար...


13. * * *

Արեգակը հուր ոսկի է մաղում
Արտերիս մաքուր ոսկեծովի մեջ.
- Սի՛րտ, արտերիս պես եղիր միշտ բեղուն,
Արևի նըման հրահրիր անշեջ...
Եվ որպես վճիտ լճերն են ցոլում
Ցրտում աշնային - մշուշների տակ,
- Դո՛ւ էլ, սի՛րտ, մընա հարության գալուն
Տրտմությամբ անչար, և՛ խոր, և՛ հստակ...
Կանցնեն հուշերըդ - մշուշների պես,
Կըգա խնդություն - խոր ու անարատ,
Կըցրե մեգն ու կըզարդարե քեզ -
Որպես երկիրն իմ - արեգակն առատ...


14. * * *

Ես ձեզ բերի բարի լուր,
Իմ եղբայրներ, արթնացե՛ք.
Լո՛ւյս է, լո՛ւյս է ամենուր,
Մեռած-քնած, վե՛ր կացեք...
Ձեզ կոչում է անդադար
Նոր միացման մոռացում.
Առվակ, արև ու անտառ
Ձեր երգին են սպասում։
Լույս է, լույս է ամենուր,
Պատանիներ և կույսեր,
Ես ձեզ բերի բարի լուր,
Նոր հիացում, նոր հույսեր.
Շիրիմներից ելեք վեր,
Մահիճներից հեշտանքի
Թևեր առեք, լույս թևեր
Նոր արբունքի, նոր կյանքի։


15. * * *

Գայլերն են ոռնում... քամին է շաչում...
Կալանավորը նայում է հեռուն -
Մարդիկ լռել են, պատերն են լռում,
Անվերջ ու անվերջ շղթան է հնչում։
Կարծես թե քամին նոցա է կանչում,
Քամին պատմում է նրան մի գաղտնիք,
Գայլերն են ոռնում, լռել են մարդիկ,
Անվերջ ու անվերջ շղթան է հնչում։
Քամին քուն մտած մարդկանց է կանչում,
Ահավոր քամին դռներն է թակում,
Գալարվում, լալիս, անվերջ հեկեկում,
Անվերջ ու անվերջ շղթան է հնչում...
Քնած են մարդիկ, գայլերն են ոռնում,
Քամին է թակում դռները մարդկանց,
Բորբոքիր, վառվիր, ազատության բոց,
Զարթնեցեք, մարդիկ, գայլերն են գոռում...


16. * * *

Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին
Անհայտ ընկածին...

Օտ՛ար դաշտերում, պաղ կյանքերի մեջ
Ընկնում են անվերջ,

Վաղաժամ մեռնող թերթերի նման
Թափվում են անձայն...

Նոցա արյունից կվառվի մի օր
Վրեժն ահավոր,

Նոցա խոսքերը նորից կըհնչեն,
Կռվի կըկանչեն, ...

Կըլինի մի օր՝ զայրույթը կ՛արող,
Երկինք, ծով ու հող...

Լաց, , լաց, , իմ մուսա, մարդիկ չլացին
Անհայտ ընկածին,

Ե՛վ քո երգերում, և՛ տխուր լացում
Կոչիր հատուցում։


17. ԱՔՍՈՐԱՎԱՅՐՈՒՄ

Լուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն...
Պաղ լռությունը մռայլ է ու չար.
- Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն,
- Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։
Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ.
Մեկը թախծագին նայում է հեռուն,
Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ»,
Ու շղթաներով աղմուկ է հանում...
Ու մի արձագանք... գիշեր է ու ձյուն...
Հանգիստ ննջում է մռայլ շրջական,
- Շողա, վրեժի մահաբեր դաշույն
- Հնչիր, փոթորիկ ժողովրդական...


18. * * *

Արևն արթնացավ, արևը մեզ ի՜նչ,
Նա մեզ չի բերում իր շողերը ջինջ,
Մեր վրա մռայլ կամարն է հեգնում,
Անսիրտ մեքենան ելնում ու ընկնում։
Գիշերն է իջնում հեզ ու հանդարտիկ,
Գազանն է ննջում, ննջում են մարդիկ,
Անվերջ կարիքն է մեր դուռը բախում,
Սովից մեր հոգնած սիրտը նվազում։
Անվերջ աշխատիր, տանջվիր անդադար,
Ու աշխատանքըդ ուրիշի համար.
Բավական է, վերջ. մենք էլ չենք ուզում
Սիրո երգ, անրջանք, վայելք ու հուզում,
Վեր կաց, իմ ընկեր, վե՛ր կաց, , մուրճըդ առ,
Նոր կյանք, նոր վայելք կռենք մեզ համար...


19. * * *

Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց,
Եղբայրների տեղ ես հանդիպեցի չար ոսոխների.
Եվ դորա համար իմ դեմքը երբեք զվարթ չժպտաց,
Եվ դորա համար դահիճ խոհերի ես դարձա գերի։
Երբ ես կամեցա ոսկե արևի շողերը գրկել,
Մարդիկ նենգամիտ խոնավ նկուղում ինձ շղթայեցին,
- Ինձ կյանքի քնքուշ գուրգուրանքներից մարդիկ են զրկել,
- Իմ սիրտը մարդիկ անգութ ու մռայլ չարությամբ լցրին։
Ես որոնում եմ ինձ նմաններին - իմ ընկերներին,
Ես որոնում եմ նոցա, որ զրկված, թշվառ են ու խենթ,
- Եկե՛ք, խորտակենք այս կապանքները, որ մարդիկ դրին,
- Եկեք, ձեր սրտում ես կըհրդեհեմ հատուցումի տենդ...


20. * * *

Արևելքը ալ քող նետեց ուսերին,
Լույսը վառեց կատարները լեռների,
Մնաս բարով ասենք մենք էլ գիշերին,
Ալ շողերը տանենք ներքև - թող վառի...
Ե՛լ, իմ եղբայր, արշալույսի շողի հետ
Ճամփա ընկնենք լույսի երգով կենսավառ,
Տե՜ս, մութ է դեռ ձորի միջին արահետ,
Դեռ նիրհում են ճամփին ձորակ ու անտառ...

------------------------------------------------


ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՓՇԵ ՊՍԱԿ: Այս բաժնի բանաստեղծություններից 6-ը (№ 3-8) Տերյանն է դրել «Փշե պսակ» խորագրի տակ, մյուս 13-ը (№ 1, 2, և № 9-19) նոր ենք ավելացրել. դրանք գրված են նույն շրջանում և ունեն նույն բնույթը։

Առաջին անգամ լույս է տեսել «Հուշարարում», 1908 թ. № 8, երկրորդ անգամ՝ «Մ. ա.» գրքում, «աղբյուր», «հույս», «սեր», «մահ» բառերը՝ մեծատառերով։

Առաջին անգամ լույս է տեսել «Ընկերում», 1906 թ, № 9, Վահան Շվին ստորագրությամբ։

3-8 Գրված են 1906-1908 թթ, « «Փշե պսակ» գրքից» վերնագրով։ Այդ շարքի առաջին բանաստեղծությունն է՝ «Լուսաբացին նա բարձրացավ կախաղան» ։ Ձեռագրի հիման վրա №3 բանաստեղծության 10-րդ տողի «սգավոր» բառը փոխարինված է «հեռավոր», 11-րդ տողի «մութ» -ը՝ «սե» բառերով (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1) ։

Տերյանի ձեռագրի հիման վրա ուղղված է 1923-25 թթ. և 1940 թ. հրատարակություններում թույլ տրված սխալը, 5-րգ տողի «սիրով» բառը փոխարինված է «սրտով» բառով (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1):

12-րդ տողի «արթուն» բառը ինքնագրի հիման վրա փոխարինված է «արդեն» բառով (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, №1) ։

Ուղղված է 16-րդ տողում թույլ տրված սխալը. «բնության» բառը փոխարինված է «բռնության» բառով, ինչպես՝ ձեռագրում (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1) ։ Սխալը կատարված է 1940 թ. հրատարակության մեջ։

9. Առաջին անգամ լույս է տեսել «Երկրի ձայն» շաբաթաթերթում, 1907 թ. № 28, Վահան Տերյան ստորագրությամբ։ Այս բանաստեղծությունը Տերյանը դուրս է թողել «Մ. ա-ից», 1923-1925 թթ. և 1940 թ. հրատարակությունների մեջ դրված է «Սևագրություններ» բաժնում։

Առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթում», 1935, № 1, առանց վերնագրի, «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ։ II-րդ անգամ 1940 թ. հրատարակության մեջ (էջ 383) ։ 1950 թ. հրատարակության մեջ դրվում է «Փշե պսակ» բաժնում, ենթադրվելով, որ այն գրված է 1906-1907 թթ.։

Առաջին անգամ լույս է տեսել «Երկրի ձայնում», 1908, № 16, «Քաղաքի երգեր» ցիկլից վերնագրի տակ, նվիրված Ցոլակին։

8, 12, 13. Լույս են տեսել մոսկովյան ուսանողական շրջանում՝ 1906- 1913 թվականներին, 1940 թվականի հրատարակության մեջ դրված են «Սևագրություններ» բաժնում։

14. Առաջին անգամ լույս է տեսել 1935 թ, «Գրական թերթում», № 1, ենթադրվում է՝ գրված է 1906 թ.։ 1940 թ. հրատարակության մեջ դրված է «Անտիպ էջեր» բաժնում։

15-20. Առաջին անգամ լույս են տեսել Վ. Տերյան, «Բանաստեղծություններ» ժողովածուում, Պետհրատ, Երևան, 1940 թ., էջ 415, 423, 430, 431, 434, 436։

Отправить по электронной почтеНаписать об этом в блогеОпубликовать в TwitterОпубликовать в FacebookПоделиться в Pinterest

Главная страница

Подписаться на: Сообщения (Atom)

Այլ հրապարակումներ

Այլ աղբյուրներ





Translate

Технологии Переводчик



Шаблон "Watermark". Техноло

htt: //my.mamul.am/am/account/si





1. ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա...

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն...

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն...

1903

2. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

1903

3. ԵՐԳ

Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած, — ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։

Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞...

Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

1903-1904

4. * * *

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ...
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս...

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ...
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս...

1904

5. ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...

1904

6. ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր...

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան...

1904

7. ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...

Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին...

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...

1904

8. * * *

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ, —
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց...

1904

9. * * *

Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։

Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ...

Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք...

Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի...

1904

10. * * *

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

1904-1905

11. * * *

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր, —
Ո՞վ ես դու, ո՞վ ես, — բնավ չըգիտեմ...

1904-1905

12. ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում...
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ...

1904-1905

13. ԱՂՈԹՔ

Քո պայծառ գահի անհաս բարձունքից
Սի՛ մերժիր սրտիս աղոթքը անբիծ ...
ՍԱՖՈ

Ես ընկա անդունդները խավար,
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կլանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ ... Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում...
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում...

1904-1905

14. ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...

1905

15. * * *

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ,
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
— Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր...
Ճառագայթներ, որ շողացին ու չկան,
Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս.
Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս,
Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։
Հեռածավալ անհայտներում պահվտած
Գալիք օրերն անհուն, անտես խավարում.
— Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում
Կանթեղի պես առկայծում է քո դիմաց...

1905

16. * * *

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող...
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման...

1905

17. ԿԱՐՈՏ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում...
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...

1905

18. ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ

Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի...
Ւմ հոգին ծովերում անծանոթ —
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...

1905

19. ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...

Շիրակ, 1905

20. * * *

Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի...
Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կժպտամ բախտավորի պես, —
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե...

1905

21. * * *

Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։
Մի այլ երկրային երաժըշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան...
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին...

1905

22. ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

1905

23. ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ

Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ...
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ...

Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր... Անտառ էր, առու...
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու...

1905

24. 14 ՏՈՂ

Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։

Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոդիս մեղմ հուզում.
— Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։

Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ,
Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան.
Արդյոք դո՞ւ ես գիշերի պե «ս հերարձակ,
Գիշերի պես խորհրդավոր, դյութական.
— Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում,
Լույս հուշերի վտակներն են կարկաչում...

1905

25. * * *

Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
Տխուր խաղում են ալիքները ժիր. —
Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր, —
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։

Սողում են դանդաղ օրերը անծիր,
Կորած Է մթնում մոլոր իմ ուղին.—
Քնքուշ խոսքերով թախիծըս ցրիր,
Անխոս ամոքիր ցաված իմ հոգին։

Մի անմեռ ցավ կա երկրում այս տխուր,
Մի ցուրտ, հոգեմաշ հուսահատություն
Կորցըրած հավետ և՛ երազ, և՛ հուր,
Ես վերջին անգամ քե՛զ եմ աղոթում։

Դժկամ նայում են ժայռերը խոժոռ.
Տխուր խաղում են ալիքները ժիր.
Փայփայիր սիրտըս հավետ մենավոր,
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր...

1905

26. ՍՈՆԵՏ

Կյանքին միշտ օտար, մահից վախեցող —
Ես շրջում էի այս գունատ երկրում,
Ուր չկար ցավի երջանկության ցող
Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։

Նա իր կարոտով ու իր ցանկությամբ
Վառվեց իմ ամուլ գոյության վերա —
Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝
Ես նորան տեսա ու բախտից մեռա...

Նա իր բոցերով այրեց ու գընաց.
Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք,
Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց
Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք, —
Մի պաղ քարացում աղոթքի կանգնած,
Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք...

1905

27. * * *

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։


Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։

Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...

1905-1906

28. * * *

Քո մազերի ցնորական փայլը պայծառ,
Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս,
Քո աչքերի խորությունը հրդեհավառ,
Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս
Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման,
Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում,
Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության
Ախտաբորբոք արևներ են բոցավառում...
Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ,
Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ,
Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ,
Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ...

1905-1906

29. * * *

Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող...

էլ ոչ մի թև ինձ, չի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
— Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՛ ...

Ցուրտ է դարձյալ, մութ՝իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում...

Միայն ք՛եզ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր. —
Հայտնըվի՛ր սև անապատում —
Ամոքիր ու ազատվիր...

1905-1907

30. ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։

Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։

Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի...

1906

31. FATUM

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...

1906

32. ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին...

Ճաճանչները թոշնան...
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն...

1906

33. ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...

1906

34. ԼՈԻՍՆՈՏ

Հմայված լուսնի շողերովն արծաթ.
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ
Տարորեն լռին լուսնոտը գունատ։

Լուսնի շողերը թովիչ-խուսափող
Ստվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.
Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,
Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։

Իմ մեջ սառել է հիվանդ մի կարոտ
Եվ չըգտնելու տանջանքը մաշող.
Ես մի լուսնահա՛ր, դու լուսնկա՛ շող,
Դու հավերժաբար և՛ հեռու, և՛ մոտ...

1906

35. ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...

Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ, —
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...

1906

36. ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։

Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքըս խորտակիր...

Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թ՛ող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո գռութող...

1906

37. * * *

Օտար երկնքի կամարների տակ
Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ.
Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ,
Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ...

Ես ընկած էի օտար աշխարհում,
Անարև երկնի կամարների տակ,
Մեկը փայում էր իմ սիրտը մենակ
Եվ իմ մութ հոգում լույսեր էր վառում։

Մեղմ ու սիրագին ժպտում էր նա ինձ
Օտար կողմերում, լայն ճամփի վրա,
Ես լսում էի խոսքերը նրա
Եվ անուշ լալիս իմ անուրջ բախտից...

1906

38. ԱՇՈԻՆ

Դալուկ դաշտեր, մերկ անտառ...
— Մահացողի տըխո՜ւր կյանք...
Անձրև, քամի, սև կամար...
— Սրտակտուր հեկեկանք։

Միգում շողաց մի ցուրտ լույս.
— Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց...

Անուժ ցավի ցուրտ կապար...
Մահացողի տխուր կյանք.
— Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք...

1906-1907

39. * * *

Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ...

Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ, —
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս...

Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ, —
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված...

1906-1907

40. * * *

Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Եվ արև բախտի երազ ես տեսնում
Դուրսը բքաբեր քամին է տոնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում...

Դու քնած ես քո տաքուկ սենյակում,
Ւսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ
Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում,
Քո փակ դռները անվերջ ու անվերջ։

Դու ինձ չես տեսնում լուսե երազում,
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,
Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում,
Բուք ու հողմերում ես քե՛ղ եմ երգում...

1907

41. * * *

Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
Եվ մութով լցրեց երկինք ու գետին
Խավարեց հեռվում փարոսը հետին.—
Սասանում եմ ես ջրերի ահից։

Շողում են, դողում աղմուկով զվարթ,
Անխոս քարանում ու նորից խաղում,
Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում,
Խուլ շառաչում են — լարում են թակարդ...

Նավը ճեղքում է ջրի հայելին,
Ւր ցուրտ աչքերով ծովն է նայում ինձ,
Կտրված եմ ես երկնից ու հողից —
Ւր թելն է մանում անխուսափելին։

Գերի է նավըս անակնկալին.
Մութով կտրված երկնից ու հողից...

1907

42. ԻՐԻԿՆԱԺԱՄ

Շուտով կըլռե աղմուկը դաժան,
Ու սիրտըս կզգա քայլերդ փափուկ.
Դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ,
Քո խաղաղ մ ութով գգվող-խուսափուկ։

Տխուր թևերըդ անձայն կըփռես,
Կըգրկես հողը կանացի նազով,
Երկնքում անուրջ աստղեր կըվառես,
Կըլցնես հոգիս անուշ երազով։

Ցուրտ ցերեկներից հավիտյան դժգոհ՝
Սիրտս կարոտ է քո գգվանքներին.
Դու ինձ չես խաբում, քնքուշ երեկո,
Անուշ երեկո, մեղմ ու մտերիմ...

Կընստեմ անվերջ, կընստեմ մենակ,
Դու կըփարվես ինձ թևերով ճկուն,
Քնքուշ կըգգվես հույս ու հիշատակ,
Կըպարզես մեղմիկ ցոլքըդ իմ հոգուն։

1907

The article published in the Spokesperson project.
Share with friends
Armenak Avetisyan
21:02, 07.01.2018
8263 | 0
to top