МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Завтра+26 °C
Արայիկ Հարությունյան .Ավարտական միջոցառումներն արգելված չեն
19:09, 21.05.2018
5185 | 0
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին մասնակցել է «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին: Անդրադառնալով ՖԲ օգտատիրոջ հարցին` կան դժգոհություններ, թե դպրոցներում դրամահավաքի կտրուկ արգելման, մասնավորապես դեպքերը ոստիկանություն ուղարկելու հետևանքով շրջանավարտները զրկվում են ավարտական միջոցառումներ իրականացնելու հնարավորությունից, Արայիկ Հարությունյանը նշել է. «Ավարտական երեկոների և միջոցառումների մասին խոսք չի եղել: Խոսքը վերաբերում է այն հսկայական գումարներին, որոնք հավաքվում են «Վերջին զանգ» -ի միջոցառման անվան տակ և հետո ծրարով հայտնվում տնօրենի, այս կամ այն ուսուցչի սեղանին: Դա ինձ համար անընդունելի երևույթ է: Ստացել եմ 100-ից ավելի հաղորդագրություններ, որոնք փաստում են, որ հավաքված գումարները բազմաթիվ դպրոցներում ետ են վերադարձվել: Իմ դիրքորոշումը հետևյալն է. ոչ այնքան մեծ գումարներով կարելի է քննություններից հետո լավ օր անցկացնել: Ես ավարտական երեկոյին կամ ուրախությանը դեմ չեմ, դեմ եմ, որ դա արվի ծնողների գրպանին լուրջ հարված հասցնելու միջոցով», - նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ ասվածը չի վերաբերում բոլոր դպրոցներին և բոլոր տնօրեններին անխտիր:
«Կան նաև բարեխիղճ աշխատող բազմաթիվ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողական կոմիտեներ», - ասել է Ա. Հարությունյանը: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նախարարությունը բյուջե հատկացնի «Վերջին զանգ» -ի ծախսերի համար, նախարարը պատասխանել է, որ դա հավանական տարբերակ է. «Հաճախ մեծ գումարներ հավաքելիս ասում են, որ դա անհրաժեշտ է դահլիճի զարդարման և այլ պարագաների համար: Դեռ Երևանի թիվ 189 դպրոցում իմ մտքով անցավ, որ գուցե նախատեսվի ոչ շատ մեծ բյուջե՝ ավարտական միջոցառումների համար: Դա անհիմն կդարձնի այն փաստարկը, որ գումարը հավաքվում է ավարտական միջոցառում կազմակերպելու համար: Մենք պետք է ազատվենք ճոխության մոլուցքից», - նշել է Ա.Հարությունյանը:
Նախարարն անդրադարձել է նաև կրթության ոլորտի բյուջեին և հայտարարել է, որ կրթության ոլորտում կան գումարներ, որոնք ներառված են կրթության բյուջեում, սակայն ազդեցիկ միջնորդություններով և միջամտություններով տրվել են տարբեր ոչ պետական կազմակերպությունների: Օրինակ, ըստ նախարարի, տարեկան շուրջ 45 մլն դրամ է հատկացվել մի ամսագրի, այն դեպքում, երբ Փյունիկ գյուղի դպրոցին ֆինանսներ չէր հատկացվում: Պետական դպրոցները, ֆինանսների բացակայությամբ պայմանավորված, օպտիմալացվում կամ նորմալ ֆինանսավորում չէին ստանում, փոխարենը պետական աջակցություն էր ստանում մասնավոր դպրոցի ծրագիրը: Ըստ նախարարի` կրթության ոլորտում, իհարկե ոչ այնքան շատ, բաց փող կա, և դրանց առաջիկայում անդրադարձ կարվի:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4903 | 0
наверх