МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Завтра+25 °C
Մաքսիմ Գորկի. «Հրեաների մասին» (նախորդի շարունակությունը)
18:16, 21.07.2018
6317 | 0

Ինչպես բոլորին է հայտնի, Ռուսաստանն ամենաշատը քաղաքական ու սոցիալական արդարությունը զարգացնող ու պաշտպանող գաղափարների կարիք ունի: Ի՞նչը կարող է, այս գաղափարներից զատ, միավորել բազմացեղ ու չկազմակերպված մեր երկրի բոլոր առողջ ուժերին:

Ռուսական հողը բնակեցված է հարյուրից ավելի տարալեզու ու տարադավանանք ժողովուրդներով. պետության 170 միլիոն բնակիչներից միայն 55 միլիոնն է վելիկոռուսական ցեղին պատկանում, և այս պայմաններում մի՞թե պարզ չէ, որ մեր մշակութային կարգախոսը պետք է լինի «ազատություն և միասնություն» կարգախոսը:

Աշխարհի ոչ մի պետություն իր առջև ծառացած այնպիսի վիթխարի կազմակերպչական աշխատանք չունի, որքան մեր երկիրը, եվրոպական ոչ մի հասարակություն պարտավորված չէ այդքան եռանդագին ու նրբանկատորեն հոգալ իր ներքին բոլոր ստեղծագործական ուժերի ու խելացի մարդկանց ազատ միաձուլումը, որքան դա բաժին է հասել ռուսական հասարակությանը: Եվ չկա ոչ մի հասարակություն, որն օտարածին ցեղերի շահերին ու մշակույթներին այդքան կրավորականորեն վերաբերվի ու անուշադրության մատնի, որքան կրավորականորեն վերաբերվում ենք մենք՝ ռուսներս՝ մեր կայսրության կազմի մեջ մտնող ցեղերի ու ազգությունների կյանքին:

Գուցե հոռետեսներն ասեն, թե այն մարդիկ, որոնք չեն կարողանում անգամ իրենց իրավունքների համար պայքարել, էլ առավել անկարող են պաշտպանել այլացեղ ժողովրդի իրավունքները. Բայց չէ՞ որ այդպես ասել՝ կնշանակի ընդունել, որ ռուսական հասարակությունը, ռուս ժողովուրդը հոգեպես մեռած է:

Մենք հաստատակամորեն հավատում ենք ռուս ժողովրդի դեռևս թաքնված ուժերին, մենք հավատում ենք երկրի բանականությանը, բարու, արդարացի կյանքի հանդեպ նրա կամքին:

Բայց տեսեք, պետությունն ու հասարակությունը հրեաներից վերցնում են այն ամենը, ինչը նրանք կարող են տալ՝ խելք, էներգիա, կյանք՝ չտալով նրանց ապրելու, սովորելու, իրենց հարուստ կարողությունները զարգացնելու համար անհրաժեշտագույնը: Կան մարդիկ, որոնք դժգոհում են, թե հրեաները շահագործում են ռուս ժողովրդին, նույնիսկ կան մարդիկ, որոնք իբր վախենում են, թե հրաներն ունակ են ամբողջ Ռուսաստանը կլանել:

Ոչ ոք մարդուն այնքան անպատկառորեն ու անգթորեն չի շահագործում, որքան նրա սեփական տխմարությունը: Ծիծաղելի է խոսել այն մասին, թե հինգ միլիոն հրեաներն ունակ են ինչ-որ կերպ խանգարել 165 միլիոն բնակչություն ունեցող երկրի ճիշտ ընթացքը:

Ռուսաստանում հրեական հարցը դա Ռուսաստանի բարեշինության վերաբերյալ, իր հասարակական կարևորությամբ, մեր ռուսական հարցն է: Դա հարց է այն մասին, թե իրավազրկությունից ինչպես ազատագրել հուդայական դավանանքի մեր քաղաքացիներին: Այդ լուծը մեզ համար ամոթալի է ու սոցալական առումով վնասակար, այն սպանում է ժողովրդի էներգիան, այն ազատ էներգիան, որն այնքան անհրաժեշտ է մեր մշակույթի զարգացման համար:

Կայսրության կազմի մեջ մտնող բոլոր ցեղերից հրեաները մեզ առավել մոտ ցեղն են, քանզի նրանք Ռուսաստանի բարեշինության համար ներդրել են ու շարունակում են ներդնել իրենց աշխատանքի ամենամեծ քանակությունը, նրանք բոլորից ավելի եռանդագին են ծառայել ու ծառայում են մեր կիսաասիական երկրի եվրոպականացման մեծ գործին: Չկա մի ոլորտ, որտեղ հրեան ռուսի կողքին աշխատած չլինի, ընդ որում, ռուսից ոչ պակաս հաջող: Եվ դա անվիճելի է:

Հենց հրեաներն են առավել անսասանորեն կրել և շարունակում են կրել այն մեծ պարտականությունները, որոնց համար նրանց լավագույն ռուսների հետ պարգևատրում են աքսորով, բանտով, տաժանակրությամբ, և այդ անսասանությունը, միգուցե, անուղղակիորեն ազդում է Ռուսաստանում հակահրեականության ու հրեաների ջարդերի աճի վրա: Հրեաները՝ ամենաաշխատունակ մարդիկ, իրենց մարդկային իրավունքներում ամենաքիչն ապահովվածն են. այս անարդարության հետ մենք՝ ռուսներս, չպիտի հաշտվենք, որովհետև դա խայտառակության բիծ է մեզանից յուրաքանչյուրի վրա:

Հիշե՛ք, խոսքը վերաբերում է ոչ թե հրեաների ինչ-որ առանձնահատուկ, բացառիկ իրավունքներին, այլ նրան, որ նրանք ռուսներիս իրավազրկության հետ իրավահավասար լինեն:

Համաշխարհային կատաղի պատերազմը մեր բանակի շարքերն ընդգրկեց 200 հազարից ավելի հրեայի. նրանցից տասնյակները քաջության շքանշանների արժանացան, հազարավորները զոհվեցին մարտադաշտերում: Ռուսաստանը պաշտպանող հրեա զինվորը նույնպես տեսավ, թե ինչպես են ռուս մարդիկ, որոնց կողքին և որոնց բարիքի համար նա իր արյունն էր հեղում, թալանում իր հավատակիցների քաղաքներն ու գյուղերը, բռնաբարում են կանաց ու աղջիկներին, սպանում ու կախաղան են հանում լրտեսության մեջ կասկածվող ծերերին, անչափահասներին:

Մտածեք, թե ինչ է զգում մեր բարիքի համար խիզախորեն կյանքը զոհաբերող հրեա զինվորը, ինչ է զգում այդ մարդը՝ պաշտպանելով այն երկիրը, որտեղ իրեն հալածում են, որտեղ նրան ազատ շնչելու հնարավորություն չեն տալիս, որտեղ այնքան հաճախակի են հրեական ջարդերը և հնարավոր են այդպիսի հանցագործություններ արդարության ոգու, մշակույթի դեմ, ինչպիսին եղավ Բեյլիսի դատավարությունը և Ֆեստովում նույնպիսի դատավարություն կազմակերպելու փորձը:

Մենք դիմում ենք ռուս մարդկանց խղճին ու բանականությանը՝ մտորեք հրեության ողբերության մասին: Այն, ինչն այսօր տեղի է ունենում, հղի է հրեա ժողովրդի համար ավելի ծանր հետևանքներով, հղի է մեզ համար առավել մեծ խայտառակությամբ:

Չարախոսություններ են տարածվում լեհական նահանգների հրեական բնակչության լրտեսության ու դավաճանության մասին: Զինվորների նամակները, վիրավորների պատմություններն այդ չարախոսություններով հեղեղում են ռուսական երկրի բոլոր խուլ անկյունները՝ ստեղծելով այնպիսի տրամադրություն, որն ի զորու է նոր ջարդեր հրահրել, առիթ ստեղծել հրեության ապրելու և աշխատելու իրավունքի սահմանափակման համար:

Քաղաքացինե՛ր, առանց այդ էլ աշխարհը խեղդվում է ատելության ուժով հեղվող արյան մեջ: Գուցե չարախոսությունները, որոնք վարկաբեկում են հրեությանը, հորինվում են հենց այն մարդկանց կողմից, որոնք շահագրգռված են հրեաների հալածանքներով: Մենք, բնականաբար, ամենևին չենք մեղադրում զինվորներին ու բանակին. Զինվորները դատ չեն անում, նրանք չեն չարախոսություններն հորինողները, նրանք ընդամենը կրկնում են դրանք:

Մենք նաև գիտենք, որ չկա մի այնպիսի ժողովուրդ, որը բաղկացած լինի միայն արդարներից ու սուրբ մարդկանցից, մենք չենք հերքում պատերազմի հետևանքով սնանկացած ու տանջված հրեաների կողմից դավաճանության ու լրտեսության մասնակի դեպքերը: Վշտից խելագարված մարդը, որի տունն այրել են, որի կնոջն ու դստերը բռնաբարել են, որի որդուն կամ հորն սպանել են, կարող է վրիժառության զգացման մղումով դավաճան դառնալ, բայց մի՞թե նա հրեայի նման է վրեժ լուծում: Նա որպես վիրավորված մարդ է վրեժ լուծում: Նա ճիշտ այնպես է վրեժ լուծում, ինչպես կարող էր վրեժ լուծել ռուսը կամ լեհը, էլզասցին, խորվաթը, բոսնիացին: Դա վիրավորվածի ու ունեզրկվածի վրեժ է: Օրենքը դատապարտում է դավաճանին, թեկուզև նա վրիժառության մղմամբ է դավաճանել, նրան դատում են ու սպանում, բայց մենք պետք է հիշենք, որ այդ դատապարտվածն այն ողբերգական պայմանների զոհն է, որոնք ստեղծվել են պատերազմի բերած տարերքի հետևանքով:

Բայց մի՞թե ամբողջ ժողովուրդն է պատասխանատու իր մեկ տասնյակ ցեղակիցների մեղքերի համար:

Չենք ժխտում, որ կան մարդիկ, որոնց համար փողը հայրենիքից թանկ է. այդպիսի մարդիկ կան բոլոր ցեղերի մեջ: Բացառություն չեն նաև ռուսները: Շատերի համար փողը աշխարհից էլ վեր է, բայց այդպիսի մարդկանց գնահատականը նոր չի տրվել և ոչ էլ այդ գնահատականը հրեաներին է տրվել:

Կա ևս մեկ հանգամանք, որն ի զորու է հրեաների նկատմամբ թշնամանք ծնել, դա լեհական հրեատյացությունն է, որը հրեաների հալածանքն իրականացնող ռուսական քաղաքականության հետևանք է: Հրեաների համար Լեհաստանի հողում սահմանելով նստակեցության գծեր, մենք դրանով իսկ լեհերի մեջ ատելություն սերմանեցինք եկվորների, օտարների նկատմամբ: Եվ, հնարավոր է, լեհ ժողովրդի հայտնի հատվածը, պաշտպանելով իր հին, եվրոպական մշակույթը, հրեաներին կասկածում է ռուսականացման ձգտումների մեջ: Երբ մարդիկ իրար կողքի շատ սեղմված են ապրում, միմյանց անգթորեն հրմշտում են: Մենք պետք է հիշենք, որ թշնամու դեմ մեր ողբերգական պայքարի օրերին մեր հրեաները՝ այն ժողովուրդը, որն աշխարհի ու իր համար «մի՛ սպանիր» -ն է սահմանել, այդ ժողովուրդը հեղում է իր և ուրիշի արյունը՝ պաշտպանելով Ռուսաստանը՝ այն երկիրը, որտեղ նա իրավազուրկ է ու հալածյալ:

Աշխարհը հենվում է ո՛չ թե մեղավորների հանցանքների, այլ՝ արդարների վրա, և չկա ավելի լուսավոր սխրանք, քան ինքնահրաժարումը հանուն ուրշների բարիքի ու ազատության:

Այդ սխրանքը հրեաները գործում են այնպիսի ինքնամոռաց քաջությամբ, ինչպիսին գործում են ֆրանսիացիները, սերբերն ու անգլիացիները: Բայց նրանցից յուրաքանչյուրը պաշտպանում է իր այն հայրենիքը, որի լիիրավ քաղաքացին է ինքը: Նա պաշտպանում է իր այն հասարակությունը, որն իրեն հարգում է ու հաշվի է նստում իր իրավունքների հետ: Իսկ ի՞նչն է պաշտպանում իրավազուրկ հրեան: Նա մեզ տալիս է իր կյանքը, մենք նրան պարգևատրում ենք որպես դավաճան՝ զուտ այն պատճառով, որ հրեաների մեջ այլ տեսակի մարդիկ էլ կան:

Բայց ձեր ուշադրությանը պետք է արժանանա ո՛չ թե այն, որը խայտառակում է մարդուն, այլ այն, որը բարձրացնում է մարդուն մեր աչքում:

Մեզանից շատերի համար հաճելի է մտածել, թե ռուս ժողովուրդը խղճի բարձր զարգացած զգացում ունի, որ նրան բնորոշ է առանձնահատուկ սրտակցությունը, և որը նրան մյուս բոլոր ազգերի մեջ առաջին տեղն է մղում:

Դիմելով ռուս մարդկանց սրտին ու բանականությանը՝ մենք բողոքում ենք մի ամբողջ ժողովրդի դավաճանության, Ռուսաստանի նկատմամբ պատվի ու սիրո բացակայության մեղադրանքի դեմ, թեպետ նա այդ ժողովրդի խորթ մայրն է:

Մենք բողոքում ենք ազատ աշխատանքի, հրեության նկատմաբ կիրառվող բոլոր սահմանափակումների դեմ:

Մեզ պետք են ուժեղ, աշխատունակ մարդիկ: Մի՞թե ոգով ուժեղ չէ այս հին ժողովուրդը, որն այդքան համարձակորեն իր ուսերին է կրել աշխարհով մեկ սփռվածության իր ծանր լուծը և տասնյակ դարեր տանում է այդ լուծը՝ չդադարելով երկրի վրա սերմանել ազատության ու գեղեցկության հաղթահանդեսի գաղափարներ:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
297 | 0
09:44, 13.04.2024
404 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
352 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
наверх