ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը
16:35, 19.03.2018 | mamul.am
8421 | 0

Ադրբեջանի պահանջով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:

Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է եղել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը կինոփառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարության արգելքի մասին, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Agos-ին:

Կինոփառատոնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը հայտարարել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության ակտիվ միջամտության հետևանքով:

«Ադրբեջանի հյուպատոսարանը ֆրանսիական մշակույթի կենտրոն պաշտոնական դիմում էր ուղարկել՝ պահանջելով ֆիլմի ցուցադրության արգելումը: Մենք ֆիլմն ուղարկեցինք մշակութային կենտրոն, նրանք էլ դիտել էին ու եկել այն եզրակացության, որ ցուցադրությունն արգելելու համար որևէ պատճառ չկա: Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով փախչում է Իրանում գտնվող իր նախկին ամուսնուց և ապաստան գտնում Արցախի գյուղերից մեկում: Մենք չգիտեինք, որ Ադրբեջանը պետական մակարդակով շատ զգայուն է այդ թեմայի նկատմամբ: Մենք ասացինք, որ ֆիլմում որևէ մեկին նվաստացնող խոսքեր չկան, և մենք չենք կարող հետևել յուրաքանչյուր պետության համար զգայուն թեմաներին: Բայց Ադրբեջանի կառավարությունը տարբեր մակարդակներով դիմեց արտգործնախարարություն, նույնիսկ մինչև նախարար հասան: Արդյունքում Ադրբեջանի կառավարության պահանջով Թուրքիայում ֆիլմի ցուցադրության դեմ միջոցառումներ ձեռնարկվեցին և ահա վերջում եկավ արգելող գրությունը»,- պատմել է Օզմանը:

Աղբյուրը` ermenihaber.am
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր